...

Губернатор Всея Великия и Малыя Армении

Губернатор Всея Великия и Малыя Армении

And I will always love you… 

Քանի աշխարհի գլուխը խառն է, մի երկու բան ասենք։ Դե գիտեք, Ռուսաստանը արդեն մի ամիս է, հարձակվում է Ուկրաինայի վրա, հասնում Կիև, գրավում, հարձակվում է Ուկրաինայի վրա, հասնում Կիև, գրավում, ․․․համարյա ամեն օր նույն բանն ենք լսում աշխարհի տարբեր ծայրերից, բայց դե, իզուր չեն ասում՝ ռսի զավտրան։ 

Այնպես որ, բացառված չէ, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա, կամ էլ՝ չի հարձակվի։ 

Պատահական չենք սկսում հոդվածը ռուսական ֆրոնտից։ Այնտեղ է որոշվում Հայաստանի ապագան։ Ավելի ճիշտ, Հայաստանի գուբերնատորի թեկնածուի հարցը։ Եթե Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունենա ուկրաինական հարցում, ապա դա կարող է կտրուկ սրել ներգուբերնատորական իրավիճակը։ Որովհետև գուբերնատորի որոշ թեկնածուներ, տեսնելով, որ Ռուսաստանի հետ հույս կապելն անհույս է, փորձելու են այլ ուժային կենտրոններից աջակցություն ստանալ։

Այս շաբաթ նախընտրական իր ծրագիրը ասուլիսում ներկայացրեց Հայաստանի գուբերնատորի հիմնական թեկնածուներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս առաջնորդվելու է «Ուժեղ Ռուսաստան, հավատարիմ Հայաստան» կարգախոսով։ Շատ կոնստրուկտիվ առաջարկներով հանդես եկավ` 

ա) պետք է տնտեսությունը զարգացնել, իսկ դրա համար ամենահարմարը Ռուսաստան-Բելառուս միությունն է։
բ) պետք է մտահոգվել Արցախի ապագայով, իսկ մտահոգվելու համար ամենահարմար տեղը Ռուսաստան-Բելառուս միությունն է։
գ) պետք է իշխանափոխություն անել և քշել իշխանություններին, բայց Ռուսաստան-Բելառուս միությանը միանալուց հետո։

Ալեն-ուա, ալեն-ուա

Իմիջիայլոց, ասուլիսից հետո քոչարյանականները երկու օր չէին խոսում, քանի որ ազգովի ղժժում էին Քոչարյանի նախընտրական ծրագրերի վրա, ու երևի էլի մի երկու ամիս ձայն չէին հանի, էն էլ իրավիճակը փրկեց Ալեն Սիմոնյանը։

Դե հիմա, ինչքան ուզում ես Շուրա Բալագանովին էթիկա սովորեցրու, մեկ է, գրպան տեսավ, ձեռքն այնտեղ է մտցնելու։ Ալեն Սիմոնյանին ինչ պաշտոն էլ տաս, մեկ է՝ շոու է սարքելու։ Ու հարցն այն չէ, որ դա վատ է, սիրուն չէ, այլ՝ որ երբ ինքը մտնում է նախագահի նստավայր, այդ նստավայրը դիտարկում է ոչ թե որպես պետականության կարևորագույն ինստիտուտներից մեկը, այլ, թե լուսավորությունը դահլիճում ինչպիսին է, պատուհանից ինչ տեսարան է բացվում, որքանով է իր կոստյումի ոճը համապատասխանում օրվա հորոսկոպին, ինչ կարելի է անել, որպեսզի ֆոտոապարատի խցիկը ֆիքսի իր մազերի սանրվածքի առանձնահատկությունները։ Ինքը չի հասկանում նախագահի և շոումենի տարբերությունները։ 

Եվ չի էլ հասկանա։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ գլխավոր խմբագրի և վարչապետի տարբերությունները, Հովիկ Աղազարյանը՝ Քրիստոսի ու Փաշինյանի տարբերությունները, Ծառուկյանը՝ Քրիստոսի ու արձանի տարբերությունները, Քոչարյանը՝ պետականության և կոմբինատի տարբերությունները, Իշխան Սաղաթելյանը՝ հյուրանոցի և ընդհատակյա պադվալի տարբերությունները, Նաիրա Զոհրաբյանը՝ ներելու ու նվիրելու տարբերությունները։

Սա մեր քաղաքական, ազգային, ցեղական յուրահատկություններից մեկն է։ Երբ փոխվում է մարդկանց աշխատավայրը, բայց չի փոխվում նրանց աշխատելաոճը, մտածելակերպը, հոգեբանությունը։ 

Էլի «Կովկասյան վագր» ենք դառնալու

Բայց շաբաթն ավարտենք խիստ դրական ազդակներով․ այս տարի Երևանում անցկացվելու է մանկական «Եվրատեսիլը»։ Արդեն հայտարարվել է, որ դա բերելու է զբոսաշրջության կտրուկ աճի։ Դե, հյուրանոց է, բան է, կողքի շաուրմայանոց, Գառնի-Գեղարդ, Արագածի խաշ․․․ Զարգացման մեծ հեռանկարներ են բացվում։ Եվ ըստ այդմ՝ տնտեսության աճի։ 

Թե որ այդպես է, պետք է թարգել «Ջերմուկ» ու կոնյակ ծախելով երկիր պահելու 30-ամյա արատավոր ավանդույթը և ազգովի սկսել մանկական «Եվրատեսիլների» համար աստղեր արտադրել։ Շատ չէ, երկու տարին մեկ եթե «Եվրատեսիլն» այստեղ անցկացվի, կարող է և պլստանք Ռուսաստան-ՆԱՏՕ-Չինաստան էս կիլդիմի արանքներից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   5862 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ