...

Հաղթողների և պարտվողների վիճակագրությունը

Հաղթողների և պարտվողների վիճակագրությունը

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ը, հրապարակել է անկախության տարիներին Հայաստանի ձեռք բերած զենքի քանակի մասին տվյալները, որը ներկայացրել է Radar.am-ը:

Ըստ SIPRI-ի ուսումնասիրության՝ 2018-21թթ. Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման 3 տարիներին Հայաստանը 2,5 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին։ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ստացված զենքերի ցուցանիշը գերազանցում է նաև Սերժ Սարգսյանի 10 տարվա ցուցանիշը։

Եվ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է ավելի շատ զենք ներկրվել՝ ընդամենը 300 մլն դոլար, բայց դա 7 տարվա արդյունքն է, գրել է Radar.am-ը:

«ՉԻ». Radar.am-ի գրածը կարելի է երկու մասի բաժանել: Առաջինն այն է, որ Ռ. Քոչարյանի օրոք՝ 10 տարում, ընդամենը 121 մլն դոլարի զենք է ձեռք բերվել: Իսկ գիտե՞ք, թե ինչու այդքան քիչ. որովհետև Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանն այնքան զենք և սպառազինություններ է ձեռք բերել, որ Քոչարյանը իր պաշտոնավարման 10 տարվա համար դա բոլ-բոլ է համարել և գերադասել է բյուջեի փողերը մի քիչ ավելի կարևոր բաների վրա ծախսել՝ իշխանությունը ամրապնդելու համար:

Իմիջիայլոց, այս փաստի մասին քոչարյանականները աշխատում են լռել: Սիրուն չի ստացվում, որ իրենց հերոսի օրոք հայկական բանակի սպառազինությունների վրա կոպեկներ են ծախսվել, իսկ Արցախը «հանձնողի» օրոք Հայաստանը սպառազինությունների ծավալով գերազանցում էր Ադրբեջանին: 

Հիմա, ինչ վերաբերում է մյուս գրածին: Այնպես են ներկայացրել, որ իրականում Փաշինյանի օրոք է ամենաշատը զենք ձեռք բերվել, եթե այդ գումարը բաժանում ես նրա պաշտոնավարման տարիների վրա: Ու ստացվում է, որ Տեր-Պետրոսյանից էլ է ավելի շատ զենք ձեռք բերել: Սկսենք նրանից, որ Փաշինյանի օրոք 280 մլն դոլարից 100 միլիոնը ծախսվել է մենակ Սու մակնիշի ինքնաթիռների վրա: Հաշվեք, որ այդ գումարը տարել, գցել ենք ջուրը, քանի որ այդ ինքնաթիռները ձեռք բերելուց հետո հլը որ մենակ թռչկոտում են երկնքում: Ոնց որ թե դրանից բացի այլ ֆունկցիաներ չեն կատարել: Հիմա չնստենք, հիշեցնենք՝ հրթիռների բացակայություն, բան... Մի բան, որ օգուտ չի տալիս բանակին, անիմաստ է դրա մասին խոսելը:

Եվ երկրորդը. գուցե պաշտոնապես Տեր-Պետրոսյանի օրոք 300 մլն դոլարի զենք է ներկրվել, բայց դե, բոլորս էլ գիտենք, եթե մենակ դա լիներ, պատերազմում Ադրբեջանը ռազմական բալանսի մեծ առավելություն կունենար, ու դա մշուշոտ կդարձներ պատերազմի հաջող ելքը: Էն մնացածը չենք ասում. Ռոխլին, Ռոդիոնով, Ալիև, որ տարիներ շարունակ ընկած ման էին գալիս, թե ով է մեզ այդքան զենք տվել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ