Վերջին շրջանում կրկին ակտիվացել են այն խոսակցությունները, թե, իբր, 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն է իշխանությունը հանձնել Ռոբերտ Քոչարյանին։
Տվյալ անտրամաբանական, հակասական, կեղծ, անհիմն, մանիպուլացնող ու պրոպագանդիստական խոսակցություններին վերջ դնելու համար, հարկ է ծանոթանալ նաև այդ իրադարձությունների վերաբերյալ ԵԿՄ նախագահ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Երկրապահներ» խմբակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի հիշողություններին, որոնք հրապարակվել են վերջինիս նվիրված գրքում (Վ․Հարությունյան - «Ծանր խաչ․ Փորձության քսան տարիներ», 2010թ․)։
Տվյալ իրադարձությունները նկարագրող պարբերությունը՝ առանց կրճատումների և առանց մեկնաբանությունների.
ՊԱՏՄՈՒՄ Է ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ
«․..Ներքաղաքական լարված իրավիճակը 1997-ի ավարտին հասարակությանը անորոշ սպասումների մեջ էր գցել։ Ամանորյա տոներից հետո ներքին լարվածությունը հանրապետությունում գնալով ավելի խորացավ: Ընդ որում, այդ լարվածությունը ոչ թե եւ ոչ այնքան իշխանություն- նդդիմություն` ավանդական հակամարտության արդյունք էր, այլ առավելապես ներիշխանական հակամարտության։ Մի կողմում` ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ իր քաղաքական հենարանները` ՀՀՇ-ն ու «Հանրապետություն» միավորումը, մյուս կողմում՝ «հայտնի» ուժերը` ամենից առաջ Վազգեն Սարգսյանն էր, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, երկրապահները:
Իմ խորին համոզմամբ, 1998-ի հունվարի 23-ին ՊՆ-ում Վազգեն Սարգսյանի հրավիրած նշանավոր մամուլի ասուլիսը կանխորոշեց պայքարի ելքը։ Լարվածությունը կողմերի միջեւ իր գագաթնակետին հասավ հունվարի վերջին, իսկ հանգուցալուծումը տեղի ունեցավ 1998-ի փետրվարի սկզբին` նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականով, որին հետեւեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, նրա տեղակալները եւ Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծի հետեւորդ մի շարք այլ պաշտոնյաներ:
Վարչապետ Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի առաջարկով, մեր կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվեց պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով միաժամանակ նաեւ Ռ. Քոչարյանի խորհրդականն էր։ Ինձ համար, որպես ԱԺ-ում արդեն մեծամասնություն դարձած պատգամավորական խմբի ղեկավարի, հեշտ չէր «Երկրապահի» անդամներին համոզել՝ պաշտպանելու Խոսրով Հարությունյանի թեկնածությունը: Բոլոր դեպքերում, պահը թելադրում էր զերծ մնալ առանձին հավակնություններից։ Այո՛, ավելորդ բծախնդրության ժամանակը չէր։ Հարկավոր էր արագ ձեւավորել Ազգային ժողովի ղեկավար մարմիններին ու նախապատրաստվել շատ ավելի կարեւոր` ՀՀ նախագահի ընտրություններին:
ԱԺ նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի ընտրությունից հետո, առանց դժվարության ընտրվեց նաեւ նրա տեղակալներից մեկը` լուսահոգի Յուրի Բախշյանը: Երկրորդ տեղակալի ընտրության հարցում առաջացան որոշակի բարդություններ: «Երկրապահ» խմբի անդամ մի քանի պատգամավորներ միաժամանակ առաջադրեցին իրենց թեկնածությունը, սակայն նրանցից եւ ոչ ոք անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքեց: Նույնը կրկնվեց նաեւ ընտրության երկրորդ փորձի ժամանակ: Անգամ Վազգեն Սարգսյանի միջամտությունը չօգնեց գործին եւ, ավել քան երկու շաբաթ, ԱԺ նախագահի տեղակալներից մեկի հաստիքը մնաց թափուր։
Այս թնջուկն, ի վերջո, հարթվեց իմ թեկնածության առաջադրումով։ Մյուսները հանեցին իրենց թեկնածությունը, եւ ընտրությունը վերջապես կայացավ:
Մեր առջեւ ծառացած գերխնդիրն, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում ՀՀ նախագահի թեկնածուի ընտրության հարցն էր։ Երկրապահները, բնականաբար, համոզված էին, որ ներքաղաքական տվյալ իրավիճակում, ամենահարմար եւ անցողիկ թեկնածուն Վազգեն Սարգսյանն էր։ Վազգենը, սակայն, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվում էր քննարկել իր թեկնածության հարցը եւ քննարկման էր դնում այլ գործիչների թեկնածություններ... Ընդ որում, իշխանության մեջ գտնվող այդ ենթադրյալ թեկնածուներից միայն Վազգեն Սարգսյանն էր հրապարակայնորեն արտահայտել իր անհամաձայնությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ քննադատել էր նրա մոտեցումները` Արցախի հարցի կարգավորման խնդրում։ Հետեւաբար, որպես «հայտնի ուժերի» գլխավոր դերակատարի, իմ համոզմամբ, հանրությունն ընկալելու էր հենց Վազգեն Սարգսյանին ու նրան էր հասցեագրելու հետագա զարգացումների պատասխանատվությունը: Ահա այս նկատառումները ես արտահայտեցի այդ օրերին Վազգեն Սարգսյանի հետ ունեցած առանձնազրույցում ու պնդեցի նաեւ, որ եթե վերցրել է պատասխանատվություն, ապա պիտի գնա մինչեւ վերջ Միաժամանակ ակնարկեցի, որ որեւէ ուրիշ մեկի թեկնածության պաշտպանությունը երկրապահների կողմից ինքն անգամ չի կարող երաշխավորված համարել։
Իմ այս արտահայտությունը, հավանաբար, դիպավ Սպարապետի ինքնասիրությանը եւ մի տեսակ նեղացած, առաջարկեց փակել խոսակցությունը։
Հաջորդ օրը Վազգեն Սարգսյանի օգնականն ինձ փոխանցեց մի ծրար, որի մեջ պաշտպանության նախարարի կողմից ինձ հասցեագրված նամակ կար։ Նամակի տոնայնությունը մի տեսակ պաշտոնական էր..․
«Երկրապահ Կամավորականների Միության նախագահ,
ԱԺ ԵԿՄ խմբի նախագահ, պարգամավոր
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻՆ.
Մեծարգո պարոն Բազեյան, տեղյակ եմ պահում Ձեզ եւ խնդրում եմ բառացիորեն հաղորդել ԵԿՄ վարչության եւ Աժ խմբի անդամներին հետեւյալը. Ես եւ Ռ. Քոչարյանը միաժամանակ դնելու ենք մեր թեկնածությունը նախագահական ընտրությունների: Կարծում եմ դեռեւս ոչ ոք իրավունք չունի կասկածել մեր ողջախոհության, հայրենասիրության վրա, ասել է թե մեզ իրավունք ենք վերապահում 7—8 օրվա ընթացքում որոշել, թե մեզանից ո՞վ պիտի գնա մինչեւ վերջ։ Դա կախված է լինելու ամեն օր փոփոխվող քաղաքական հանգամանքների, ուժերի մեզանից անկախ վերադասավորության, հասարակական կարծիքի լրջագույն գնահատման հանգամանքների հանրագումարից: Երկուշաբթի օրվանից կսկսենք ձեւավորել համատեղ շտաբը, որը պիտի գործի լիարժեք` ցանկացած լուծման դեպքում: Ես պատրաստ եմ քննարկել այս հարցը վարչության եւ ֆրակցիայի հետ, եթե կարիքը կգտնեք։ Բոլոր դեպքերում պիտի որոշում ընդունել․ ովքեր համաձայն են իմ առաջարկին, երկուշաբթի օրվանից սկսում ենք աշխատել, ովքեր ոչ` թող իրենց տեղը փնտրեն այլ շտաբներում:
Ներողություն եմ խնդրում ԱԺ նախագահի ընտրություններում ձեր վրա ճնշում գործադրելու համար: Չնայած, կարծես թե, նախօրոք համաձայնեցրել էինք սկզբունքը։ Ինչ որ է՝ կներեք, այլեւս չի կրկնվի: Միաժամանակ իրավունք ունեմ նույնը պահանջել ձեզանից: Եթե որոշել եք ի սկզբանե որդեգրել ՀՀՇ — Լ. Տ.-Պ. հարաբերությունների սկզբունքը, ես դա մերժում եմ, քանզի տեսա, թե դա ինչի հանգեցրեց երկիրը: Բոլոր դեպքերում շարժվելու եմ համազգային շահերից ելնելով եւ ոչ թե կուսակցական, խմբային: Նույնը Ձեզանից եմ խնդրում:
7.02.1998 թ․»
Անմիջապես զանգահարեցի Վազգեն Սարգսյանին, խնդրեցի հանդիպում եւ հայտնեցի իմ տեսակետը, որ այն, ինչ պլանավորել են, հարցի լուծման լավագույն տարբերակը չէ։ «Հայտնի ուժերի» ներկայացուցիչներից երկու թեկնածուի միաժամանակյա առաջադրումն ի սկզբանե թիմի ներսում առաջացնելու է անառողջ մրցակցություն, որի հետեւանքով, թիմն, ի վերջո, պառակտվելու է։ Բացի այդ, հասարակության համար եւս նման իրավիճակը դժվար թե հասկանալի եւ ընդունելի լինի։ Մարդիկ կմտածեն, որ ահա հասան Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հիմա էլ արդեն չեն կարողանում իշխանությունը կիսել ու նախագահի պաշտոնին տիրանալու համար իրար դեմ են դուրս եկել... համախոհները։
Ընթացքում, առաջարկ եղավ ԵԿՄ վարչության մի քանի անդամներով հանդիպել եւ քննարկել հարցը նաեւ Սերժ Սարգսյանի հետ, ով այդ ժամանակ Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարության միասնական կառույցի ղեկավարն էր եւ ուներ ազդեցության լուրջ լծակներ իշխանական մարմինների վրա։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ լարված ստացվեց։ Մենք պնդում էինք Վազգեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը, Ս. Սարգսյանը՝ նպատակահարմար էր համարում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը։ Այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկած, բաժանվեցինք։
Փետրվարի 9-ի երեկոյան Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարությունում հրավիրեց ԵԿՄ վարչության ընդլայնված նիստ։ Օրակարգի միակ ու գլխավոր հարցը ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման ու պաշտպանության հարցն էր։ Բնականաբար, վարչության բոլոր անդամները առաջարկում ու պահանջում էին, որ նախագահական ընտրություններում Վազգեն Սարգսյանն առաջադրի իր թեկնածությունը։
Սակայն ինչպես ընթացքում պարզվեց, Վազգենը կայացրել էր իր վերջնական որոշումը։ Նա կտրուկ հրաժարվեց իր թեկնածության առաջադրումից, առաջարկելով պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։
Փաստարկները հետեւյալն էին՝ նախ ինքը դեռ շատ անելիքներ ունի պաշտպանության նախարարությունում եւ իր տեղն առայժմ տեսնում է միայն բանակում, բացի այդ, արտերկրում դրական չի ընկալվի պաշտպանության նախարարի թեկնածության առաջադրումը, միջազգային հանրության հետ կարող ենք ունենալ որոշակի պրոբլեմներ։ Նրա կարծիքով այդ փուլում, ՀՀ նախագահի հիմնական գործառույթները լինելու էին արտաքին քաղաքական հարաբերություններն ու ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները։ Ահա թե ինչու, իր կարծիքով, նախընտրելի էր Ռոբերտ Քոչարյանը, ով արդեն ուներ բանակցային գործընթացին մասնակցության որոշակի փորձ։ Սպարապետը ժպտալով ասաց` «Պատկերացնո՞ւմ եք, ես էսպես ջահել, ամուրի, անթրաշ, գնամ նստեմ եռանախագահողների, Հեյդար Ալիեւի կողքին ու հետները բանակցեմ, անհարմար է, չէ՞»։ Վերջին փաստարկն էլ հետեւյալն էր` առաջադրվել, դեռ չի նշանակում ընտրվել, իսկ իր կարծիքով` մեր հասարակության վերաբերմունքն իր հանդեպ միանշանակ չէր։ Երկար բանավիճեցինք, սակայն Վազգեն Սարգսյանին, ի վերջո, հաջողվեց համոզել ներկաներին, որ տվյալ իրավիճակում իր թեկնածության առաջադրումը նպատակահարմար չէ։ Որոշում կայացվեց` առաջադրելու եւ նախագահական ընտրություններում պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։
Ներքաղաքական այդ լարված ժամանակահատվածում երկրապահները ստանձնեցին պատասխանատվություն երկրի կայունության պահպանման եւ օրենսդիր մարմնի բնականոն գործունեության համար։
Արտահերթ նախագահական ընտրություններից հետո նախադրյալներ ստեղծվեցին Հայաստանը քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բարդ իրավիճակից դուրս բերելու համար։
Սակայն, ցավ ի սիրտ, ազգային միասնության կարգախոսներով, բարեփոխումներ իրականացնելու եւ հասարակությանը համախմբելու կոչերով իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց դառնալ քաղաքական համակարգի, հասարակության եւ պետական ինստիտուտների կայունացման երաշխավոր։ Ավելին, հաճախ նախագահը սկսեց հանդես գալ որպես հակամարտության ակտիվ կողմ` գեներացնելով այն:
Ընդ որում, նախագահական ընտրություններից հետո հանրապետությունում ստեղծվել էր ներքաղաքական մի յուրահատուկ իրավիճակ` ձեւավորվել էր ոչ քաղաքական, այսպես կոչված, «արհեստավարժների» կառավարություն, որի գործունեության հիմնական պատասխանատվությունը պիտի կրեին հասարակական կազմակերպություն հանդիսացող ԵԿՄ-ն եւ ներքաղաքական վերադասավորումների արդյունքում ԱԺ-ում մեծամասնություն դարձած «Երկրապահ» պատգամավորական խումբը:
Իշխանության գործունեության քաղաքական պատասխանատվության հստակեցման խնդիրը, բնականաբար, լուծվելու էր շուրջ մեկ տարի անց` 1999-ի մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սակայն, 1998-ի աշնանն արդեն մենք խորապես գիտակցում էինք հասարակությանը համախմբելու, քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ներդնելու եւ իշխանության միասնական համակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը։ Զուգահեռ, անհրաժեշտ էր նաեւ նպաստել քաղաքական դաշտի հստակեցմանը:
Հարկավոր էր միավորել ուժերը եւ ձեւավորել երկրի ճակատագրի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու կամք եւ կարողություն ունեցող քաղաքական կառույց։ Այդ նպատակով, Վազգեն Սարգսյանի առաջարկությամբ, երկրապահների քաղաքականացված ուժերի ներգրավմամբ, վերակազմավորվեց այդ ժամանակ մեր համոզմունքները կիսող Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Այս քայլով երկրապահների ներկայությունը քաղաքական դաշտում ստացավ իրավական ձեւակերպում եւ գաղափարական հիմնավորում»: