...

Մի հայտարարված «պետականության կորստի» խրոնիկա

Մի հայտարարված «պետականության կորստի» խրոնիկա

Տարիներ առաջ որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկած ու Արցախը կորցրած ինչ-որ պատուհաս ոչ միայն կպահպանի իշխանությունը, այլև Վազգեն Սարգսյանի եղբոր շողոքորթ ուղեկցությամբ հպարտ-հպարտ կմտնի Եռաբլուր, հայոց բանակի գեներալներն էլ զգաստ կանգնած կդիմավորեն նրան։ Որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ Արցախն ամբողջովին հայաթափվելու է, 100 հազարից ավելի արցախցիներ բռնելու են գաղթի ճամփան, ադրբեջանցի որևէ փնթի սերժանտ էլ սահմանային անցակետում՝ հայկական դիրքերից ուղիղ գծով 200 մետր հեռավորության վրա, Արցախի նախկին ու գործող ղեկավարներից որին ուզի՝ թևերը ոլորելու է և ուղարկի Բաքու։ Ու որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ Արցախի կորստից հետո Հայաստանի «տիտղոսակիր ընդդիմությունը» ձայն-ծպտուն չի հանելու՝ երկրորդ էշելոնի մի քանի դեմքերի կազմակերպած ցաքուցրիվ ղալմաղալից բացի, փոխարենը՝ «նոր որակի համընդհանուր մոբիլիզացիա» է անելու վեց ամիս անց, երբ իշխող պատուհասը հայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու վճռականության մասին։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ է «տիտղոսակիր ընդդիմությունն» այդպես վարվում։ Թե ինչու ոչինչ չարեց Արցախի հայաթափումից անմիջապես հետո՝ հասկանալի է։ Հակարիի կամուրջը մի կերպ հատած տասը արցախցիներից ինը ամենավերջին խոսքերով ռուսներին ու Նիկոլին էր հայհոյում, ու այդ ալիքի վրա փողոցային պայքար սկսելու դեպքում ընդդիմությունը չէր կարողանալու շրջանցել ռուսների թեման, իսկ դա Կրեմլին հաստատ դուր չէր գա։ Հիմա՝ ուրիշ բան․ Արցախի կորստյան շոկը կամաց-կամաց հաղթահարվում է, իշխանություններն ուզում են Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, հետևաբար՝ արդեն կարելի է «նոր որակի համընդհանուր մոբիլիզացիա» իրականացնել, Մոսկվան դա վստահաբար կողջունի։

Ըստ երևույթին ընդդիմությունը մտածել-մտածել ու վերջապես հասկացել է, թե ինչո՞ւ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը հաջողության չհասավ, իսկ 2018-ին Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունը» հաջողվեց։ Մինչդեռ պատասխանը վաղուց պիտի պարզ լիներ՝ 2008-ի շարժումն արտաքին աջակցություն (պատվիրատուներ) չուներ, իսկ 2018-ինը՝ ուներ։ 2008-ի շարժման նպատակը Հայաստանի սուբյեկտայնության վերականգնումն էր (ինչը կորսվել էր փաստացի «ռուսական ֆորպոստ» դառնալով), ու բնականաբար՝ աշխարհի ուժային բևեռներից որևէ մեկին դուր չէր գալու Հայաստանի այդ «հանդգնությունը», իսկ ահա 2018-ին այլ հարց էր դրված՝ ոչ մի ինքնուրույնություն, պարզապես պետք է «ռուսական ֆորպոստը» դարձնել «արևմտյան բաստիոն»։ Պարզ ասած՝ արտաքին պատվերը կար, աջակցությունը կար, և օպերացիան հաջողությամբ պսակվեց։ Այսօրվա «տիտղոսակիր ընդդիմությունն» էլ, սա հասկանալով, հասկացել է նաև, որ առանց արտաքին պատվերի ու աջակցության հնարավոր չի լինելու հաջողության հասնել, իսկ պատվերն ու աջակցությունը հնարավոր են միայն այն դեպքում, եթե իրենք հակառակ պրոցեսն իրականացնեն՝ պոտենցիալ «արևմտյան բաստիոնը» նորից դարձնեն «ռուսական ֆորպոստ»։ 

Հայաստանում այսօր հենց սա է տեղի ունենում, իսկ բոլոր կողմերից հնչող սպառնալիքները հիշեցնում են «մի հայտարարված սպանության խրոնիկան»։ Խնդիրն էլ ընդամենը այն է, թե ո՞վ և ե՞րբ է իրականացնելու «հայտարարված սպանությունը»՝ Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը։ 

Ու թող որևէ մեկը տեղի-անտեղի չհիշեցնի Վազգեն Սարգսյանի այն խոսքերը, թե «Մեղրին մի օր պայթելու է Երևանի կենտրոնում»։ Երևանի կենտրոնում ոչ թե Մեղրին է պայթելու, այլ մեր քաղաքական դաշտի օտարամոլությունը։ Ու կապ չունի, թե ում ձեռքով կայրվի «ֆիթիլը»։ 1998-ին մի անգամ պայթեց՝ կորցրեցինք արժանապատիվ խաղաղության շանսը, 2018-ին երկրորդ անգամ պայթեց՝ կորցրեցինք Արցախը, երրորդ անգամ պայթյունը կարող է շատ ավելի ավերիչ լինել։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ