...

Հայաստանը Ուկրաինա դառնալ չի կարող

Հայաստանը Ուկրաինա դառնալ չի կարող

Երբ մեր քաղաքագետները խոսում են Հայաստանի ուկրաինացման մասին, մարդիկ երևի լավ չեն պատկերացնում, թե դա ինչ է։ Քաղաքագետ կոչվածներն էլ չեն պատկերացնում, որ Հայաստանն Ուկրաինա չէ։ Եվ քանի որ քաղաքագետ կամ քաղաքական գործիչ չեմ, փորձեմ բացատրել։

1․ 1998 թվականի «հայտնի ուժ» Վազգեն Սարգսյանի «Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» բանաձևի իրականացումը տեսնում եք․ Արցախի հարցը լուծվեց։ Այսինքն՝ մեր, կներեք, այլ բառ չեմ գտնում, իդիոտիզմի հետևանքով ցեղասպանության նոր արարին ենք մասնակցում։

2․ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է․ «9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

3․ Այս թուղթը ստորագրել է սուպերանկախական, սուպերարևմտամետ, սուպերդեմոկրատ, սուպերվարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստորագրել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալուց հետո երկիրը պատերազմի դժոխք նետելով։

Ստորագրել է Լավրովի պլանը չստորագրելուց հետո։ Իսկ չէր ստորագրում, որ իրեն դավաճան չասեին։ Դրա համար թուրքը պատերազմով վերցրեց ավելին, քան երազում էր։

4․ Հիմա անկախական է դարձել և խրտնում է «միջանցք» բառից, ինչ ասես ասում է ռուսներին։ Ի՞նչ, հաջորդը Սյունի՞քն է։ Եվ էլի պատերազմո՞վ։ Որովհետև 2020-ի պատերազմը բարեհաջող մարսեց։

5․ Ընդդիմությունը, որ մնացել է Վազգեն Մանուկյանի հույսին, Արցախի ողբերգության օրերին դարձյալ փողոցում է, բայց չի խոսում ամենակարևորից՝ «Զանգեզուրի միջանցքից»։ 

Թեպետ Վազգեն Մանուկյանը, մեզ հայտնի կենդանու տեղ դնելով, պնդում է, որ եթե չլինի Նիկոլը, չեն լինի նաև նրա պայմանավորվածությունները, քիչ թե շատ գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ երկրի ղեկավարի ստորագրած թղթերը չեն չեղարկվում, եթե նույնիսկ նա «գժի թուղթ» ունի։ Այսինքն՝ սա պարզունակ սուտ է։

6․ Ամերիկյան, ֆրանսիական և այլ դատապարտումներն Ադրբեջանի հասցեին մեզ համար գրոշի արժեք չունեն։ Մեր կորուստները ոչ ոք չի վերականգնելու։ Եթե սա ձեզ կմխիթարի, ասեմ․ Ադրբեջանին, իհարկե, կդատապարտեն, գուցե նույնիսկ սպառնան պատժամիջոցներով, և Ալիևը մի քիչ էժան գազ և նավթ կծախի իրենց։

7․ Բոլշևիկ արևմտամետներին, Պուտինից ավելի ռուսամետներին և այլոց Հայաստանը չի հետաքրքրում։ «Սկզբունքը», կուսակցությունը և պատվիրատուն ավելի կարևոր են։ Բայդենը նամակ ուղարկեց։ Մակրոնը մտահոգվեց։ Ու ի՞նչ։ Հայաստանում ամերիկյան կամ ֆրանսիական զորքե՞ր են հայտնվելու։

Իհարկե, ո՛չ։ 2022 թվականի փետրվարից 40-միլիոնանոց Ուկրաինան միլիարդների զենքով կռվում է՝ տալով տասնյակհազարավոր զոհեր։ Կռվում է միայն Ռուսաստանի դեմ։ Մենք ո՞ւմ դեմ ենք կռվելու, սիրելի՛ արևմտամետներ, եթե նույնիսկ արևմտյան զենք ունենանք։ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի դեմ միաժամանա՞կ։ Կամ սիրելի՛ ռուսամետներ, բավակա՞ն չէ ռուսներին իրենց շահերը բացատրեք, ժողովրդին էլ խաբեք, որ Սովետը վերականգնվելու է։

Եզրակացություն․ Հայաստանը Ուկրաինա դառնալ չի կարող, որովհետև այդպիսի ներուժ չունի։ Հայաստանը լաչառությամբ, անիրատեսությամբ, պոռոտախոսությամբ և նիկոլությամբ արդեն մահվան դուռն ենք հասցրել։ 

Պետք է ճշմարտությունն ասել և գործել իրատեսորեն և արագ։ Ժամանակ բնավ չունենք։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   782 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ