...

Հայկական բանակի չնշված 30-ամյակը

Հայկական բանակի չնշված 30-ամյակը

Ս․թ․ հունվարի 28-ին լրացավ Հայաստանի Հանրապետության բանակի հիմնադրման 30-ամյակը։ Պետական մակարդակով հոբելյանը չնշեցին՝ պատճառաբանելով, թե վարչապետն ու բանակի ղեկավարությունը վարակվել են կորոնավիրուսով։ Իբր հետաձգեցին։ Մինչև երբ՝ չասացին։ 

Հունվարի 27-28-ին մամուլում և սոցցանցերում մի քիչ վրդովվեցինք ու մոռացանք։ Իսկ 30-ամյակն այդպես էլ մնաց առանց պետական հոգածության։ Ինչո՞ւ։

Ոմանք բանակի, հետևաբար մեր ինքնիշխանության դեմ իրականացվող գործողությունների պատճառը որոնում են Հայաստանից դուրս՝ աշխարհի հզոր կենտրոններում, Թուրքիայում կամ Արդրբեջանում՝ պնդելով, օրինակ, որ Ալիևին դուր չէր գա, եթե մերոնք պետական մակարդակով նշեին հայոց բանակի տոնը։ 

Կարծում ենք, սակայն՝ սա այն շղթայի մեկ օղակն է, որ ուղղված է հայկական բանակի դեմ։ 

Տեսե՛ք՝ իշխանությունը 2020-ի նոյեմբերից ամեն ինչ անում է սեփական մեղքը այլոց վրա գցելու համար։ 

1․ Նախկինների մեղավորության հերթապահ թեզը միշտ վառ պահելով՝ դավաճաններ է որոնում հատկապես հայկական զինված ուժերում։

2․ Գերիների նկատմամբ այլանդակ վերաբերմունքը միայն մեկ բացատրություն ունի՝ մեղավորների որոնում։ Պարզաբանենք։ Գերիներին հրապարակավ, կրկնում ենք՝ հրապարակավ վախկոտություն, դավաճանություն վերագրելը միայն քարոզչական նպատակ ունի, այն է՝ մեղավոր են նրա՛նք, ոչ թե իշխանավորները։ Ընդ որում, բնավ չենք պնդում, որ հայերիս մեջ վախկոտներ կամ դավաճաններ չկան։ Սակայն համոզված ենք՝ այս ցավոտ թեմային վերաբերող ցանկացած հետաքննություն կարելի էր անել առանց դափ ու ծնծղայի, եթե իշխանությունն ունենար պետական մտածողություն։

3․ Սահմանների պաշտպանության, հայկական բանակի արդի վիճակի մասին բոլոր հարցադրումները «ջրվում են», սակայն իշխանությունը ԱԺ-ում հանձնաժողով է ստեղծում՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Որ ի՞նչ անի։ Որ վերջնական մեղավոր նշանակի զինվորականներին։

4․ Հայկական բանակի 30-ամյակը պետականորեն չի նշվում, որովհետև ենթադրում է անդրադարձ Արցախյան առաջին պատերազմին։ Հիշենք։ Հայկական բանակը հաղթել էր։ Այո՛։ Սա առնվազն տհաճ է գիտակցել 2018թ․-ից մեր պետության նախորդ երեսնամյակը սևացնողների համար։ Չէ՞ որ հայկական բանակը Նիկոլ Փաշինյանը չէր ստեղծել, այն էլ՝ հաղթող բանակը։ Ճիշտ հակառակը․ նրա օրոք մենք պարտվել ենք։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է նշել մի հոբելյան, որն ապացուցում է սեփական անկարողությունն ու անմեղսունակությունը։

Մեր իշխանությունն այսօր էլ ապշեցուցիչ թեթևամտությամբ «չի տեսնում», թե ինչ է կատարվում աշխարհում։ Հարց տանք․ ի՞նչ ենք անելու, եթե Ռուսաստանը և Ուկրաինան իսկապես բախվեն ռազմի դաշտում։ Ի՞նչ երաշխիք ունենք, որ մեր ոխերիմ հարևաններն այդ առիթից չեն օգտվի։ Ոչ մի երաշխիք չունենք։ Ուրեմն նախ և առաջ ի՞նչ պետք է անի հայկական պետության իշխանությունը։ Ճիշտ եք, նախ և առաջ պետք է ամրապնդի բանակը՝ զերծ պահելով այն վարկաբեկիչ բամբասանքներից։ Իսկ ի՞նչ է անում մեր իշխանությունը․ մեր իշխանությունը ԱԱԾ-ի միջոցով հերթական նվաստացուցիչ «կինոն» է դնում շրջանառության մեջ՝ դրանից առաջ չեղարկելով բանակին նվիրված պետական միջոցառումը։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ