...

Հեղափոխության երկրորդ և վերջին շանսը

Հեղափոխության երկրորդ և վերջին շանսը

Երեկ ԱԺ-ում ընդունված օրենքը այլ կերպ կարելի է անվանել հեղափոխության երկրորդ շանս: Առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին օրենքը կարող է նոր շունչ և բովանդակություն հաղորդել հեղափոխության ամենաառաջնային խոստումներից մեկին՝ վերադարձնել ժողովրդից թալանածը:

Մինչ այժմ իշխանությունը ձախողվել է հեղափոխության այդ օրակարգում: 105 միլիոն դոլար վերադարձված գումարը մոտավորապես 1 տոկոսն է, ինչ ակնկալում էին վերադարձնել: Հեղափոխությունից առաջ և անգամ հետո, իշխանություններն ակնարկում էին, որ խոսքը 10 միլիարդ դոլարի մասին է: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները է՛լ ավելի մեծ թվերի մասին էին խոսում: Անկախ նրանից, թե կոնկրետ որքան գումար է գողացվել Հայաստանից, դրանց վերադարձման քանակից և տեմպից դժգոհ է նաև Փաշինյանը, ինչի մասին հայտարարեց օրեր առաջ: Նա վերջապես հասկացավ, որ իր «կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք» հայտնի խոստումը վերածվել է ընդամենը ֆեյսբուքյան մեմի, և որը ոչ մի աղերս չունի ռեալ քաղաքականության հետ:

Այս օրենքի պրակտիկ և ամբողջական կիրառումը իր նշանակությամբ չի զիջում ՍԴ-ի և ընդհանրապես դատարանների բարեփոխմանը միտված կառավարության օրենսդրական և քաղաքական կուրսին: Եթե իշխանությունը կամք դրսևորի, ապա ոչ միայն միլիոններ կհոսեն բյուջե, այլ նաև կջախջախվի ռևանշի ուժերի ողնաշարը: Շատ նախկին պաշտոնյաներ, որ այսօր հրապարակային աջակցում են Քոչարյանին և Սարգսյանին, կաշխատեն նրանցից հեռու մնալ, որպեսզի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում իրենց հերթը մի փոքր ուշ հասնի:

Իր հերթին, իշխանությունը պետք է գործի չափազանց արագ և օպերատիվ: Դատախազները, որոնք պետք է զբաղվեն գույքի բռնագանձմամբ, չպետք է ունենան որևէ հետագիծ նախկին իշխանությունների հետ և բացառվի նրանց հնարավոր ստվերային կապերը նախկին պաշտոնյաների հետ: Այսպիսի պատասխանատու գործի համար կարելի է նաև քննարկել արտասահմանից իրավաբաններ հրավիրելու տարբերակը: Թանկ հաճույք է, բայց արդարացված:

Ինչևէ, սա վերջին շանսն է վերադարձնել պետությունից գողացվածը: Մի քանի ամիս հետո ակնհայտ կդառնա՝ իշխանությունը հետևություն արե՞ց իր նախորդ սխալներից, թե պարզապես այս օրենքի ընդունումով փորձ արեց թոզ փչել հասարակության աչքերին և ժամանակ շահել:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1739 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ