...

Հերթական հարվածը Ռոբերտ Քոչարյանին

Հերթական հարվածը Ռոբերտ Քոչարյանին

Թեպետ այսօր ներհայաստանյան գլխավոր իրադարձությունը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու, իսկ հետո՝վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու որոշումներն էին, բայց մի բան էլ տեղի ունեցավ, որը բավական լուրջ իրավական և քաղաքական հետևանքներ է ունենալու:

Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ՝ արդարացրեց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ բավարարելով նրա բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։

Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը և նույն թվականի մայիսի 20-ի որոշումը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։

Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

Ջհանգիրյանը սույն դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն 2009 թվականի մայիսին դատարանը անփոփոխ էր թողել այն։ Գագիկ Ջհանգիրյանն ազատ էր արձակվել համաներման հիմքով: 10 տարի անց ներկայացված բողոքը մակագրվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել և գործով զեկուցող էր նշանակվել դատավոր Արթուր Պողոսյանը։

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի հարյուրավոր քաղբանտարկյալներից մեկն էլ արդարացվեց: Ընդ որում, այս անգամ նման վճիռը կայացվել  է ներհայաստանյան դատական համակարգում:

Խոսելով հետևանքների մասին. նախ, այս վճռից հետո Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կարգապահական վարույթ սկսել այն դատավորների հանդեպ, որոնք ապօրինի վճիռներ են կայացրել Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ՝ սկսած առաջին ատյանի դատարանից:

Երկրորդ. ՀՔԾ-ն և ՀԿԳ-ն կարող են գործը հարուցած քննիչների և դատախազների հանդեպ ծառայողական քննություն սկսել և պարզել այս գործի պատվիրատուներին:

Երրորդ. Վերջին շրջանում քոչարյանականների ձեռնարկած լայնածավալ քարոզչական տեռորին հարված հասցվեց, ընդ որում, բացառված չէ, որ Գագիկ Ջհանգիրյանի գործը հետագայում մարտի 1-ի գործով դատավարություններում ևվս մեկ փաստարկ լինի՝ Քոչարյանի ապօրինի գործողությունների ապացուցման առումով:

Եվ վերջապես, կա ևս մեկ հանգամանք. վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումից հետո Գագիկ Ջհանգիրյանը կարող է հավակնել պաշտոնի, ու ինչն է հետաքրքիր, որ այս մասին առաջինը «ահազանգել» են Քոչարյանի լրատվամիջոցները: Ինչ պաշտոնի է հավակնում Ջհանգիրյանը, դրա մասին չեն ասում, բայց իրենք էլ հասկանում, որ ՀՀ նախկին դատախազը հանրապետության լավագույն և պատրաստված իրավաբաններից մեկն է, ծայրեծայր տիրապետում է հոկտեմբերի 27-ի գործի բոլոր մանրամասներին: Իսկ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը Ռ. Քոչարյանի համար կարող է շատ ավելի մղձավանջային հետևանքներ ունենալ, քան նույնիսկ՝ մարտի 1-ի գործը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6787 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ