...

ՀՀ նախագահի հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցների կարևոր թողարկումներում է

ՀՀ նախագահի հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցների կարևոր թողարկումներում է

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված, որովհետև իսկապես ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Չէ՞ որ այս տարածաշրջանում թե՛ մենք, թե՛ մեր հարևանները չեն կարող զարգանալ առանց հարևանների հետ խաղաղ գոյակցության։ Այս տարածաշրջան ասելով՝ նկատի ունեմ և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Ադրբեջանին, և՛ Վրաստանին, և՛ Հայաստանին»,- գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը պետք է հնարավորություն գտնի տարածաշրջանում խաղաղ գոյակցության համար։ «Հիմա սա ռեալ է, առավել ևս, որ կան միջնորդներ։ Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը»,- հավելել է ՀՀ նախագահը։ Նա նաև հիշատակել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև տեղի ունեցած երեք հանդիպումները՝ հավելելով, որ սա հույս է ներշնչում, որ Եվրամիությունը ավարտին կհասցնի գործը, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի ստորագրումը։ «Իհարկե, սա դժվար ճանապարհ է, քանի որ կոնֆլիկտը 1990-ականներից առկա է, բայց կարևորն այն է, որ երկու կողմից էլ կա ցանկություն, և կան մարդիկ, որոնք ցանկանում են օգնել երկու երկրներին պայմանավորվել»,- նշել է Խաչատուրյանը։ «Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո պետք է սկսվի համատեղ խաղաղ գոյակցության դարաշրջանը»,- ընդգծել է ՀՀ նախագահը։  

Շատ խաղաղասեր, բայց շատախոս նախագահ ունենք։ Երբ ընդդիմադիր գործիչ էր, շատ զգուշավոր էր, մի բառը տասն անգամ մտածում, նոր ասում էր։ Դարձավ նախագահ՝ ինչ ասես, որ չի խոսում, ընդ որում՝ ոնց որ թե երկար էլ չի մտածում։ Որ մտածեր, մի քիչ ծանրութեթև կաներ՝ արժե՞ այդքան ակնհայտորեն խաղաղություն մուրալ՝ բառ անգամ չհիշատակելով Արցախի, նրա բնակչության իրավունքների, ի վերջո՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի սուվերենության, Մինսկի խմբի գործունեության կարևորության մասին։ «Ռեալ շանսից է» խոսում՝ լավ էլ գիտակցելով, որ սա շանս չէ, շանսի բացակայություն է, որն ամրագրվել է կապիտուլյացիոն փաստաթղթով։ Մի խոսքով՝ Հայաստանի նախագահը այս հարցազրույցով հայտնվել է ադրբեջանական «Haqqin.az»-ի կարևոր նյութերի բաժնում երևի շատ հայանպաստ ձևակերպումների համար։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ