...

Հիմա ֆշշոցները չեն լսվում

Հիմա ֆշշոցները չեն լսվում

Վերջերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է շատ ակտիվացել. պարբերաբար ելույթներ է ունենում, լայվով ներկայացնում է Ղարաբաղի հարցի հետ կապված իր մոտեցումները, առաջարկներ անում: Թե ում է առաջարկներ անում և ում են պետք դրանք, չգիտենք, բայց գիտենք, որ ժամանակին իրեն էին Արցախի հակամարտության կարգավորման հարցում խորհուրդներ տալիս, առաջարկներ անում, բանի տեղ չէր դնում: Էլ չենք խոսում քննադատության մասին: Փշերով էին ընդունում:

Ինչպես օրինակ՝ 2007-ին, ինչի առթիվ ներկայացնում ենք հետևյալ հոդվածը: 

«Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ համաձայն չէ Ղարաբաղի հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությանը, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում հնչեցրել էր երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը, նշելով նաև արտգործնախարար Օսկանյանի անունը, ասել էր. - «Հայաստանի իշխանությունները տասը տարի շարունակ աշխարհին հիմարի տեղ դրած ձևացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ՝ իրականում, սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը»:

«Ճիշտ է իմ անունը նշվեց, բայց ես սա անձնական մեղադրանք կամ քննադատություն չեմ ընդունում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Օսկանյանը: - «Բայց, համենայն դեպս, քննադատություն է վարված քաղաքականությանը: Միանշանակորեն ասեմ, որ համաձայն չեմ քննադատության հետ»:

«Ժամանակը կգա, և կարծում եմ, որ դա շուտով կլինի, կետ առ կետ այդ բոլորին կարելի է պատասխանել, որպեսզի ժողովուրդը կարողանա ավելի լավ հասկանալ և իր եզրակացությունները անել», - եզրափակեց նախարարը:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկայիս իրավիճակի մասին հարցին՝ արտգործնախարարը ասաց. - «Համանախագահների վերջին գնահատականները մի քիչ ավելի լավատեսական են, քան իրականությունը կա, բայց այդքան էլ հեռու չէ: Փաստաթղթի բովանդակությունից միայն դատելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ հնարավոր է հասնել հարցի, ոչ թե ամբողջական կարգավորման, համենայն դեպս` այդ փաստաթղթում տեղ գտած սկզբունքների շուրջ համաձայնության: 

Բայց երբ դատում ես, թե իրական կյանքում, բանակցությունների շրջանակից դուրս Ադրբեջանը ինչպիսի գործողություններ է վարում, միջազգային ատյաններում ինչպիսի դիրքորոշում է որդեգրում և ամենաբարձր մակարդակով ինչպիսի հայտարարություններ է անում... այդ բոլորից կարելի է անմիջապես հանգել այն եզրակացության, որ Ադրբեջանը այսօր պատրաստ չէ հասնել այդ փաստաթղթի շուրջ համաձայնության», 02.11.2007թ.:

Իմիջիայլոց, Վարդան Օսկանյանից առաջ էլ Ռոբերտ Քոչարյանն էր արձագանքել Տեր-Պետրոսյանին: Արձագանք էլ չէր, այլ ֆշշոց.

«ՀՀՇ-ն իշխանություն ստացավ 1990 թվականի օգոստոսին: Հայաստանը այն ժամանակ դեռ եղել է Սովետական Միության ամենից զարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկը և ունեցել է ևս բավական զարգացած գյուղատնտեսություն: 3-4 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է աշխարհի ամենից աղքատ երկրներից մեկը: Իհարկե, պարզ է, որ Սովետական Միության փլուզման հետ որոշակի կորուստներ պետք է լինեին: Ես գնահատում եմ այդ կորուստների ծավալը հնարավոր 15-20 տոկոսից ոչ ավել` առաջին 2-3 տարվա համար: Հետագայում այդ կորուստները պետք է լրացվեին նոր ծրագրերով` նոր ներդրումային մոտեցումներ որդեգրելով: Այդպես եղավ Բալթյան երկրներում, այդպես եղավ Բելառուսում, մասամբ` Ուկրաինայում:

Կարծում եմ, ուղղակի, տնտեսության մասին պետք է խոսեն մարդիկ, որոնք գոնե մի քիչ հասկանում են առարկան», 01.11.2007թ.:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ