...

Հիսուսը առևտրի առարկա չէ

Հիսուսը առևտրի առարկա չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանը տեղադրելու մասին ասում է․ «Գիտեք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահը հանդես է եկել նախաձեռնությամբ` Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն։ Կառավարությունը, համապատասխան մարմինները պետք է քննարկեն ու եզրակացությունը ներկայացնեն։ Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ այն կմեծացնի Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունը»։

Սրանից երեք օր հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «ավետում է»․«Իրոք շռնդալից ու մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում և, բնականաբար, մենք ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծն ինչքան հնարավոր է արագ ու առանց խոչընդոտների իրականություն դառնա»:

Այս արտահայտություններից անմիջապես հետո երկուսն էլ պետք է հրաժարական տային, եթե Հայաստանում լինեին 1․ իրական հավատացյալներ, 2․ իրական մտավորական ճարտարապետներ, նկարիչներ և այլք, 3․ իրական բնապահպաններ։ 

Որովհետև իրական քրիստոնյաները չեն կարող թույլ տալ, որ Հիսուսը դառնա առուծախի առարկա։ Կասեք՝ նորություն չէ, Հիսուսին միշտ էլ ծախել են։ Կպատասխանեմ՝ Հայաստանում աննախադեպ խայտառակություն է, քանի որ գոնե 10 քրիստոնյա չընդվզեց այսպիսի վերաբերմունքի դեմ և չասաց՝ Հիսուսը տուրիզմ զարգացնելու գործիք չէ, դադարեցրե՛ք այս այլանդակությունը։

Մտավորական ճարտարապետ, նկարիչ, քանդակագործները պետք է ընդվզեին և ասեին՝ անճաշակություն է, մեր և ոչ միայն մեր մշակույթին հարիր չէ խայտառակ պլագիատը։ Այո՛, սա պլագիատ է, գաղափարագողություն, քանի որ չտես գավառացու համառությամբ Էմիրաթների շեյխերին նմանակողները հիմա էլ որոշել են բրազիլացիներից թխել լեռան գագաթին Փրկչի արձան ունենալու գաղափարը։

Բնապահպանները պետք է մտածեին Հատիս լեռան էկոհամակարգի մասին և պահանջեին դադարեցնել շինարարությունը։

Վերադառնամ քրիստոնյաներին, հատկապես Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Ո՞ւր եք։ Մայր Աթոռը քանի անգամ պնդեց, որ Հիսուսի արձանի կառուցումը դեմ է Հայ առաքելական եկեղեցու ավանդույթին։ Ուրեմն ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր հոգևոր հայրերի կարծիքին։

Հիշեցնեմ․ Մատթեոսի Ավետարանում գրված է. «Հիսուսը տաճար մտավ ու այնտեղից դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները։ Նա ասաց նրանց. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի», բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»։ (Մատթ. 21։12, 13)

Այսինքն՝ Փրկիչը տաճարից վռնդում է առևտրականներին՝ նրանց ավազակներ անվանելով։

Մերօրյա ավազակներն առևտրի առարկա են դարձնում հենց Հիսուսին։ Ինչո՞ւ եք լռում։

Հանուն արդարության նշենք, որ այս ամոթալի «պրոյեկտի» դեմ, բացի Հայ առաքելական եկեղեցուց և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, մեկ կազմակերպություն էլ է ձայն բարձրացրել․ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան է։ 

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ