...

Ի՞նչ գրված չէ Արտակարգ դրության մասին որոշման մեջ

Ի՞նչ գրված չէ Արտակարգ դրության մասին որոշման մեջ

Արտակարգ դրությունը վատ որոշում չէր: Բայց այստեղ, ըստ էության, կան զվարճալի կետեր: Մասնավորապես 20 հոգուց ավել մի վայրում կուտակվելու արգելքը: 

Դիցուք, մի արարողության ժամանակ մեկ վայրում հավաքվում է 21 հոգի:  Հատկապես ո՞վ է լինելու ավելորդը, ընկերներ: Ո՞ւմ եք ասելու՝ էսպես չեղավ, ժողովուրդ, դուք խախտում եք Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ կամ արգելքներ» գլխի 17-րդ հոդվածի դրույթները: Հատկապես ո՞ւմ եք ասելու, ընկերներ: Էդ 21-ից ուղիղ մեկը ավելորդ է: Ո՞վ է համարվելու «Արտակարգ դրության մասին» որոշման դրույթի խախտող: Էս հարցը պիտի լուծեք, որովհետև եթե մեկին տանեք, աշխարհի բոլոր դատարանները կարող են ապացուցել, որ նա ոչ թե 21-րդն էր, այլ, դիցուք, 3-րդը, 8-րդը, 11-րդը, 19-րդը, բայց ոչ 21-րդը: Գիր-ղո՞ւշ եք գցելու որոշելու համար, թե ում տանեք: Հանուն արդարության բոլորի՞ն եք տանելու: Ո՞ր իրավունքով, ընկերներ: Ի վերջո, ո՞վ ասաց, որ այդ 21-րդը լինելու է վարակակիր, կամ նախորդ 20-ը վարակակիր չեն: Արգելքի տրամաբանությունը ո՞րն է: Որ վարակի դեպքում գլխացավանքը քի՞չ լինի: Այսինքն, դեմքով իմանաք բոլոր 20-ի՞ն: Ոչ մի խնդիր: Գուցե միասին խնջույքի են ու նրանք այդ խնջույքի միակ 20 «զոհերն» են: 

Բայց պատկերացրեք հետևյալ իրավիճակը: Հոգեհանգստյան արարողություն է, մարդ է մահացել, Աստված նրա հոգին լուսավորի: Գուցե մի բյուրեղյա մարդ էր հանգուցյալը և ամբողջ թաղամասն ուզում է ներկա լինել նրա հիշատակի հարգանքի արարողությանը: Մոտավորապես մի 459 հոգի: Այդպիսի մարդուն վերջին հրաժեշտը տալն այնպիսի պատիվ է, որ կտրում է ցանկացած Արտակարգ դրություն: Սակայն, հակառակի պես, բոլոր 459-ն էլ օրինապահ քաղաքացի են, չեն ուզում կառավարության սահմանած խաղի կանոնների հետ քայլ գցել, ուզում են ազնիվ լինել սիրելի և լեգիտիմ իշխանության հանդեպ: Եվ ահա, մի կողմից բյուրեղյա մարդուն հրաժեշտ տալու պատիվն է, որը զարդարում է նաև ապրողներին, քանի որ այդ մարդը նրանց մեջ մարդ մնալու հետք է թողել, մյուս կողմից հարազատ իշխանությանը սեփական քմահաճույքներով չքցելու պարտքն է՝ ասե՞լ են 20 հոգուց ավել չհավաքվել, պետք է չհավաքվել: Ու այս մարդիկ որոշում են՝ սկզբից 20 հոգին է մտնում սգո սրահ, մատուցում իր հարգանքը ու դուրս գալիս: Հետո մտնում է հաջորդ 20-ը: Հետո ևս հաջորդը: Յուրաքանչյուր 20-ին տրվում է երկուսից երեք րոպե դագաղի առջևով անցնելու և սգալու համար՝ Պատվո պահակախմբի նման, ինչպես Ստալինի դագաղի մոտ էր կանգնում քաղբյուրոն, հերթափոխով: Այս դեպքում արտակարգ իրավիճակն իր կարգավորումներն է մտցնում սգո ռեժիմի մեջ: Եվ մեր օրինապահ քաղաքացիները ընդունում են այդ ռեժիմը: 

Բայց այդ 459-ից մեկը կարո՞ղ է վարակակիր լինել: Իհարկե կարող է: Մարդը, ենթադրենք 4-րդ կամ 10-րդ 20-ի մեջ է: Ու գնաց: Վարակը տարածվում է հաջորդ բոլոր 20-երի վրա: Ո՞վ է որոշելու, թե հատկապես ինչն այստեղ սխալ արվեց, երբ խաղի բոլոր կանոնները պահպանվել են: Էլ չեմ ասում, որ մինչև մտնելն արդեն կուտակումներ լինելու են: Որովհետև մահեր կան, որ կանխել հնարավոր չէ։ Նշանակում է, մինչև սգո սրահի ճանապարհը բռնելը պետք է կուտակումների հարցը կարգավորվի: Ողբի իրավունքի դեմն առնելը խնդիր է: Չի՞ նշանակում, որ պետությունը պետք է ինքը զբաղվի հոգեհանգստյան և հուղարկավորության կազմակերպմամբ: Մոտավորապես, ինքն էլ պետք է կազմակերպի թաղումը: Ասենք, դագաղը հանի սգո սրահից ու տանի գերեզմանոց: Սա համաճարակի վերահսկման կանոնների մեջ է: 

Առջևում Սուրբ Զատիկն է: Եկեղեցին արդեն ընդունել է պետության խաղի կանոնները և հայտարարել, որ առցանց են լինելու բոլոր արարողությունները: Բայց մարդիկ փնտրելու են, մղվելու են այն միջավայր, որը տարբերվում է իրենց տնից ու փողոցից, որտեղ կարող են ավելի ամբողջական լինել: Նրանք 20 հոգուց շատ են լինելու բոլոր բնակավայրերում: Եվ նրանցից ոմանք գուցե COVID-19-ի վիրուսն են կրում իրենց մեջ:

Արտակարգ դրությունն անհրաժեշտություն է: Բայց այն աշխատելու մեկ տարբերակ ունի՝ պետությունը պետք է դառնա մահակ՝ կանխելու համար կուտակումները, որոնք ոչ բոլոր դեպքերում կլինեն անպատժելիության զգացումից մղված: Մարդիկ գուցե պարտք ունեն կատարելու, իրավունք ունեն իրացնելու, գուցե Աստծուն «բան» ունեն ասելու, որի մասին «Արտակարգ դրության մասին» որոշման մեջ ոչինչ գրված չէ: 

Սարգիս Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1837 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ