...

Քոչարյանը անկողնում շուռումուռ է գալիս

Քոչարյանը անկողնում շուռումուռ է գալիս

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է անհեթեթության բարձունքներ սահմանել ու հաղթահարել դրանք: Արտակարգ դրության մասին որոշումը իսկական փորձանք է դարձել լրատվամիջոցների համար: 

Երեկ «Հրապարակ» օրաթերթի կայքը տեղեկություն է հրապարակել, որ դատապարտյալները կալանավայրերում բողոքում են ծխախոտի պակասից: Խմբագրություն է այցելել երկու ոստիկան ու պահանջել հեռացնել լուրը կայքից այն հիմնավորմամբ, որ «խուճապ եք տարածում»: Նույն հրահանգով այլ ոստիկաններ այցելել են «Առավոտ» օրաթերթին, որի լրագրողը մեջբերել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ռուս քաղաքագետ Վալերի Սոլովեյի տված մեկնաբանությունը, թե Ռուսաստանում թաքցնում են կորոնավիրուսի սփռման իրական ծավալները: 

Բանն այն է, որ «Արտակարգ դրության մասին» որոշմամբ լրատվամիջոցները իրավունք չունեն հաղորդելու տեղեկություններ, որոնք կարող են խուճապ տարածել: Հանրապետության թիվ մեկ ամբաստանյալ Քոչարյանը հաստատ անկողնում շուռումուռ եկավ՝ ոնց որ թե այսօր իր էությանը և կերպարին հարազատ մարդիկ են իշխանության մեջ: Կալանավայրերում ծխախոտի պակասի տեղեկությունը մի այնպիսի բան է, որ մեր քաղաքացիներին ստիպելու է հիստերիայի նոպաներ ապրել, գլուխները պատերով տալ, ասֆալտ քերել և մի խոսքով կորցնել ինքնատիրապետումը՝ խուճապից վայրկյանը մեկ լվացվել ու հրաժարվել նույնիսկ նույն տարածքում գտնվել սեփական զավակի կամ ծնողի հետ, որովհետև մեկ էլ տեսար կորոնավիրուսով վարակվեց: 

Իրականում այդքան էլ ծիծաղելի չէ: Թեպետ կասեք կորոնավիրուսն ի՞նչ կապ ունի ծխախոտի պակասի հետ: Ոչ մի, բացի նրանից, որ խուճապ է հարուցել իշխանության մեջ: Գուցե «Առավոտի» հրապարակո՞ւմը կապ ունի, ժողովուրդ: Իհարկե: Բայց կապ ունի Ռուսաստանում կորոնավիրուսի իրական ծավալների հնարավոր կեղծման հետ: Ռուսաստանի, ժողովուրդ: Բայց հեռացնել պետք է, մեկ էլ տեսար մեր հայրենակիցներն այնտեղից միլիոններով փախան ու լցվեցին Հայաստան, որտեղ սեփական հիվանդներն էլ մեզ հերիք են: Բայց հարց է առաջանում՝ հարգելի իշխանություն, որի գլխին երբեմնի լրագրող է, թունդ ընդդիմադիր լրագրող, դուք ձեր խուճապն ինչո՞ւ եք փաթաթում հասարակության վզին: Թե՞ որոշման մեջ նշված է, որ մամուլն իրավունք չունի խուճապի մատնել իշխանությանը: Նման բան չկա: Թեպետ գրված է, որ խուճապ հարուցող հրապարակումներ չպետք է լինեն, պարետ Ավինյանը վախից կմտնի աթոռի տակ: 

Դուք ո՞ւմ խուճապից եք խոսում, ժողովուրդ: Էս հասարակությունը Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան է տեսել, ապրիլյան պատերազմ է հաղթահարել առանց «Արտակարգ դրության մասին» որոշման, որը կարող էր և լինել: Դուք ինչո՞ւ եք այդ ժողովրդին Ցռան Վերգոյի կերպար հագցնում հենց այն ժամանակ, երբ նա նույնիսկ վարակ ունենալու կասկածն է ընդունում անվրդով: Կարդացե՞լ եք նրանց մեկնաբանությունները: Քեֆ են քաշում: 

Ոչ մի խուճապ չկա լրատվամիջոցների հրապարակումներից: Հանեք ձեր գլխից էդ միտքը, որ ծխախոտի պակասը կարող է մեզ զրկել վարակի հանդեպ դիմադրողականությունից: Իրական խուճապը հենց ձեզնից է փոխանցվում ժողովրդին: Ամեն օր վարակի սփռման այնպիսի տվյալներ եք հրապարակում, որ կարդացողը մի պահ շունչը պահում է: Որովհետև նրան թվում է, թե ձեր թվերից նույնպես վարակ է հորդում: 3-4 օրում 18 վարակվածից ցուցանիշները հասան 102-ի: Սա խուճապի պատճառ չէ՞: Թե՞ ձեզ կարելի է: Ձեզ, իհարկե, կարելի է և պետք է տվյալներ հրապարակել: Ոչ ոք այդ տվյալների դեմ ոչինչ չունի, որովհետև վարակի դինամիկան նույնպես խորհելու առիթ է տալիս, պաշտպանվելու ավելի արմատական մեթոդների է մղում: Բայց լրատվամիջոցներին հանգիստ թողեք: Այնպես մի արեք, որ արտակարգ դրությունից դուրս գաք իբրև մի իշխանություն, որը վարակն օգտագործեց ոչ թե նրա դեմ, այլ ԶԼՄ-ների դեմ պայքարի համար: 

Դեռ երկրորդ օրն է արտակարգ դրության, արդեն լրագրողները կարգին չգիտեն էլ, թե ինչ գրեն, որ 500-ից 800 հազար դրամի տուգանքի տակ չընկնեն: Եվ այնպես մի արեք, որ ստիպված լինենք «փաստերով» «ապացուցել», որ Փաշինյանը կորոնավիրուսի վարակը ներդրումային ծրագրերի հետ շփոթելով է բերել Հայաստան: Համենայնդեպս, նրա իշխանության օրոք լրատվամիջոցները մտադիր չեն մտնել ընդհատակ ու Ալեն Սիմոնյանի նման մեկի տնից գրել «Երկրի հակառակ կողմին» նման մի բան: Ոնց որ թե հեղափոխությունը նրա համար չէր արվել, որ լրագրողի փոխարեն ամբողջական լրատվամիջոցներ գնան ընդհատակ: Թե՞ դրա համար էր:

Սարգիս Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ