...

Ի՞նչ տարբերություն Օհանյանի և Օգանովսկու միջև

Ի՞նչ տարբերություն Օհանյանի և Օգանովսկու միջև

Երկակի ստանդարտները միշտ հանգեցնում են վատ հետևանքների: Քաղաքականության մեջ դրանք առավել կործանարար են: Միգուցե, կարճաժամկետ առումով դրանք բերեն որոշակի դիվիդենտներ, բայց երկարաժամկետ առումով, գործընկերները չեն հասկանում, թե ինչ ես ուզում, իսկ անկանխատեսելի սուբյեկտի հետ աշխատում են գործ չբռնել:

Երեկ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ ընդլայնված նիստ: Այնքան ընդլայնված, որ աթոռ գտան անգամ Արցախի ԱԻՆ-ի պետի համար:

Շատերի համար շոկ էր, երբ տեսան, որ նիստին մասնակցում է Սամվել Օգանովսկին: Հիշեցնենք՝ նա Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2019 թվականի ապրիլին։

Այժմ գլխավորում է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան և Ազատամարտիկների միությունը։ Ավելորդ չէ հիշեցնել ևս մեկ դրվագ Օգանովսկու վերաբերյալ:  Գարնանը «BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ: Նա նաև Մարտի 1-ի գործով ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում:

Կարող են հնչել տեսակետներ, որ մեկը մյուսի հետ կապ չունի: Թող նախաքննությունը պարզի՝ Օգանովսկին մասնակցություն ունեցել է Մարտի 1-ի դեպքերին, թե ոչ: Իսկ մինչ այդ ոչինչ չի խանգարում, որ նա մասնակցի Անվտանգության խորհրդի համատեղ նիստերին:

Նույն հաջողությամբ, ոչինչ չէր խանգարի, եթե Խաչատուրովը շարունակեր նախագահել ՀԱՊԿ-ում և թող նախաքննությունը պարզեր՝ նրա մասնակցությունը և հնարավոր մեղքը: 

Ներկայումս արդեն գաղտնիք չէ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործընթացներին մասնակից են դարձրել Հայաստանի և Արցախի այդ ժամանակվա ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը: Բացառություններ չեն եղել: Անհասկանալի է, ինչու պետք է հրաման կատարելու համար Սեյրան Օհանյանը դատվի, իսկ Օգանովսկին հրավիրվի անվտանգության խորհրդի նիստի: Սա դասական երկակի ստանդարտ է: 

Անվտանգության խորհրդի նիստը խաշի սեղան չէ, որ մեկին հրավիրես, իսկ ինքն էլ իր հետ մեկ ուրիշին բերի: Չենք զարմանա, որ մի օր էլ պարզվի՝ Արցախի կողմից անվտանգության խորհրդի նիստը պետք է սղագրի տխրահռչակ Բելլա Լալայանը:

Հստակ գիծ էր պետք քաշել: Կամ ամբողջ պատասխանատվությունը դրվում էր Ռոբերտ Քոչարյանի վրա, որպես Մարտի 1-ին գերագույն գլխավոր հրամանատար, կամ էլ պատասխանատվության էին ենթարկվում բոլոր գեներալները, որոնք կատարել էին նրա ապօրինի հրամանները: Իսկ դրանց թիվը հաստատ չի սահմանափակվում Խաչատուրովով և Օհանյանով: Հաշվի առնելով մի շարք նրբություններ և նյուանսներ, առաջին տարբերակն ավելի ողջախոհ էր:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ