...

Ի սկզբանէ էր բանն…

Ի սկզբանէ էր բանն…

Երբ խոսքն ու միտքը փոքրացան ու դարձան գրառումներ և վերածվեցին մակերեսային բառախաղերի, ստատուսների կամ ծանծաղ հումորային հակադարձումների, թվում էր՝ բնական զարգացում էր: Զարգանում են տեխնոլոգիաները, հետընթաց է ապրում հումանիտար միտքը, միտքը դառնում է «ստատուս»: Դեմքեր չկան: Կեղծ անուններով (ոչ թե կեղծանուններով) հայհոյելն ու ստեր տարածելը հեշտ է, անպատժելի է:

Պատասխանատվությունը փոքր, պռատ տեքստերի համար զրոյական է: Պատասխանատվությունը միայն օրենքով չի լինում, պատասխանատվությունը ներքին հատկանիշ է: Նորմալ մարդն ինքն իր առջև է պատասխանատու, ինքն իր դատավորն է, հավատաքննիչը: Տեքստ չենք գրում: Այնինչ ոչ վաղ անցյալում տեքստը որոշիչ էր: «…Մեր գրականությունը մի քիչ այլ բան է եղել, քան այլ երկրներինը: Մեր գրականությունը՝ Աբովյանից սկսած, փոխարինել է պետականությանը, հետո՝ սովետական իշխանության տարիներին մեր գրականությունը մեր իշխանությունների և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն էր՝ ազգային ինքնավարությունը: Եկեղեցուն հավասար մի բան էր, ինչպես հազար տարի շարունակ մեր եկեղեցին էր փոխարինում մեր պետականությանը, Աբովյանից սկսյալ՝ մեր գրականությունը հայ պետականությունն է, փաստորեն՝ մեր պետականությունը ապաստանել է հայ գրականության մեջ: Շատերը կարող են հակված լինել, որ այն աշխարհի գրականություններից նվազ բարձրության վրա է եղել, գրական երթի մեջ չի եղել, բայց մեղք չես դնի, որովհետև մեր ճակատագիրը այդ է՝ Մեսրոպ Մաշտոցից, Խորենացուց սկսած, մինչև, ասենք թե, նվաստս…»: Հա′, չեք սխալվում. Հրանտ Մաթևոսյանն է գրել: 

Մեր պետականությունն իսկապես ապաստանել էր հայ գրականության մեջ: Բայց 1991 թ. մենք պետականությունը վերադարձրինք իրական կյանք: Գրական տեքստը բնականաբար պետք է փոփոխության ենթարկվեր, քանի որ գրականությունը զրկվել էր իր սովորական գործառույթից:

Եվ այսպես, 80-ականների կեսերից հայտարարված «գլասնոստը» (гласность) խոսքի ազատության սկիզբն էր: Այդ ժամանակ անխնա պսակազերծվեցին խորհրդային ժամանակաշրջանի կուռքերը, բացահայտվեցին հասարակությանն անհայտ բազում հանցանքներ: Իհարկե, գեղարվեստական գրականության գեղեցիկ, խորը, այլաբանական խոսքը տեղը զիջեց լրագրողական հաճախ անողոք դատաստանին: Բայց քանի որ տեքստեր էին ստեղծում նորի, առաջադիմականի կողմնակիցները, որոնք բարձր կրթական մակարդակ ունեին, խոսքը կառուցիկ էր, զերծ էր գռեհիկ, ցածրակարգ տարրերից: Խոսքը դեռ արժեք ուներ: 

1988: Ղարաբաղյան շարժման առաջնորդներն ապավինում էին խոսքի զորությանը: Ավելին, Ազատության հրապարակում հավաքված ծովածավալ բազմությունը շունչը պահած սպասում էր գլխավոր հռետորին, որի շնորհիվ հայերենը, մեր ազնվազարմ հայերենը դարձել էր ազատագրական պայքարի հիմնական զենքը: Ուրեմն մեր գրականության, մեր լեզվի ոգին եկել էր մեզ ազատագրելու: Իսկ հետո՞…Հաղթեցինք: Եվ խոսքի ազատությունը դարձավ անշրջելի: Եվ այս անշրջելիությունը ծնունդ տվեց տասնյակ նոր թերթերի: Համացանց չկար, սոցցանցեր՝ նույնպես, մարդիկ թերթ էին կարդում: Մարդիկ նաև զրուցում էին, բամբասում: Անշուշտ, Հայաստանի նորագույն պատմության ամենահետաքրքիր, բայց նաև ամենադժվար շրջանն էր: Խորհրդային Միությունն այլևս չկար, չկար նաև կայսրության քաղաքացին: Բայց իրավաբանորեն չկար, իսկ հոգեբանորեն դեռ երկար էր ապրելու, դեռ ապրում է: Կայսրության քաղաքացին հանկարծ դարձել էր մի փոքրիկ պետության մասնիկ, որն իրեն անպաշտպան էր զգում, անպատրաստ էր նոր, դժվարին փորձությունների առջև: Իսկ պետությունը պատերազմի մեջ էր: Երկրիս լավագույն զավակները խոսքից գործի էին անցել. կռվում էին, իրական գործով էին զբաղվում, պետություն էին կառուցում և կառավարում: Բայց նախկին կայսրության թե′ կենտրոնը, թե′ ծայրամասերի՝ իշխանությունից զրկված անդամները չներեցին Անկախ Հայաստանին: Եվ ահա թերթերը, զրույցներն ու բամբասանքները գտան հիմնական թիրախը: Բոլոր դժբախտությունների պատճառը նոր, անկախ իշխանությունն էր, ի մասնավորի՝ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր- Պետրոսյանը: Մեղադրանքները շատ էին, բազմազան: Խոսքը, որով դրանք մատուցվում էին հանրությանը, կարելի է բնութագրել այսպես՝ լեզուն ոսկոր չունի: Բառապաշարը լեցուն էր արյան հոտով: Բերենք հանրածանոթ մի քանի օրինակներ՝ ժողովրդի արյունը ծծել, մազութ լափել, էլեկտրաէներգիան հողանցել, գյոզալ երկիրը քանդել, ջհուդամասոն… Չեմ շարունակում: Պարզապես կարդացե′ք, թե ինչ է ասել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը.

«Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք։ Բոլորդ դեպի Ազգային ժողով։ Եվ մենք կհաղթենք։ Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի։ Մեր ամբողջ հարստությունը թալանեցին։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»։ Հիշեցնեմ, որ դեռ մինչև 98 թ. «իշխանափոխությունը», դեռ պատերազմող Հայաստանում այն ժամանակվա ընդդիմության առաջնորդները խոստանում էին իշխանության ներկայացուցիչներին կախել քաղաքի ծառերից: Ահա այսպես: Ատելության, չապացուցված մեղադրանքների հեղեղը ողողել էր մեր երկիրը: Մենք հայտնվել էինք գավառական միջավայրում, մեր քթից այն կողմ ոչինչ չէինք տեսնում: Չէինք տեսնում, որ մեծ կայսրության փլուզումից հետո պակաս ծանր օրեր չեն ապրում անկախացած մյուս երկրները: Ռուսերենում, օրինակ, այդ թվականները բնութագրվում են հետևյալ կերպ՝ лихие девяностые, մերոնք մեկ այլ կապակցություն շրջանառեցին՝ ցրտի ու մթի տարիներ: Որքան էլ փորձում ես ապացուցել, որ երկարատև  պատերազմը, շրջափակումը, հին տնտեսակարգի քայքայումը դժվար հաղթահարելի փորձություններ են անգամ մեծ, հզոր երկրների համար, իսկ փոքրիկ Հայաստանն այդ ժամանակ կարողացավ հաղթել, բնականաբար, զրկանքների գնով, ոչինչ չի ստացվում: Ուղեղներում շատ խորն է նստել ԿԳԲ-ի մշակած և հայ քաղքենու տարածած կարծրատիպը: Չերկարացնեմ: Նորից դիմեմ Հրանտ Մաթևոսյանի օգնությանը: Գրող, թարգմանիչ, մտածող Սամվել Մկրտչյանը վկայում է.«Ուրեմն՝ Ինքը: Վարպետը: Հրանտ Մաթևոսյանը:

Ապշեցուցիչ է իրադրությունները, ավելի ստույգ՝ հոգևոր մթնոլորտը կանխատեսելու նրա ձեռնհասությունը. Ինքն էր, դեռ տարիներ առաջ, վախով տեսել մեր հոգին՝ ուրիշը վերծանելիս: Ապա հայրենիքն այնքան «զորացավ», որ բիցեպսը հաղթեց ուղեղին, սապոգները մտան դպրոց, անճանաչելիորեն աղավաղվեց մայրենին, մեր վարքն ու բարքը, և, իր իսկ համոզմամբ, ազգովի գրեցինք «հոկտեմբերի 27-ի» խայտառակ սցենարը»: Եվ 2000 թ.-ին Մաթևոսյանը գրում է. «2000 թվական, 12 փետրվարի՝ իմ ծննդյան օրն է: Իմ տոնի առիթով, իմ խոսքը հին օրերում բոլորովին այլ երանգ, այլ շեշտ կունենար, եթե ընկած չլիներ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո:
Հոկտեմբերի 27-ի (բառը այդպես էլ չենք գտնում) դժոխքից հետո… Ազգս ցույց տվեց իր վատթարագույն երեսը: Թումանյանի խոսքով՝ հանդուրժելու, սիրելու, ներելու վերաբերմունքն է մեզանից յուրաքանչյուրին պակասում… Կուզենայի, իսկապես, կուսակցություն ունենալ հանդուրժողների, տանողների, ներողների… Կուզենայի մեծահարուստ հրեա լինել՝ ահա այդպես, տոննայով ոսկի հրապարակ նետեի, և կերատաշտի շուրջը խաղաղվեին, հանգստանային և իրենց աշխատանքին դառնային:

Վատը հաղթեց: Վատը հաղթեց: Լավը նշանակություն չունեցավ, որ պարտված չմտնեինք նոր դարաշրջան: Վատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ: Բարոյականությունից զատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ, մտքով, առևտրով, ինժեներդ՝ պարտված, կովդ՝ պարտված արևմուտքի կովին, խոզդ՝ պարտված արևմուտքի խոզին, մարդ միավորդ պարտված արևմուտքի միավորին… Եվ ահա թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ հավասարվենք, էս պարտված վիճակից դուրս գանք, միանանք աշխարհի ժողովուրդների շքեղ շքերթին՝ Աստված գիտի թե երբ: Իսկ առայժմ ստրուկն է մեջներս՝ օգնության հույսով. մտքի օգնության հույսով, արևմուտքին ենք նայում…»:

2000-ից անցել է 19 տարի: Մենք գրեթե նույն վիճակում ենք: Ավելին, 90- ականների խոսքային մղձավանջն ասես կրկնվում է: 2018-ին պարտվածները ոչ մի կերպ չեն հաշտվում իրենց նոր կարգավիճակի հետ և գործի են դրել հին, ստուգված միջոցները՝ ամենօրյա մեղադրանքներ, սուտ, հաճախ գռեհիկ խոսք: Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ իշխանության ներկայացուցիչների և նրան սատարող քաղաքացիների խոսքն էլ առանձնակի բարեկրթությամբ աչքի չի ընկնում: Ինչի՞ կհանգեցնի սա: Մտածենք: Խոսքը նյութականանալու հատկություն ունի: Մեկ անգամ արդեն մի այլանդակ սցենար գրել ենք: Երկրորդը կարող է ճակատագրական լինել երկրի համար: Իսկ Արևմուտքը մեզ առանձնապես չի օգնելու, հատկապես՝ մտքով: 

Արժեզրկում, գռեհկացնում ենք մե′ր խոսքը, ուրեմն նույն վիճակին ենք հասցնում մե′ր միտքը: «Ստատուսներից և լայվերից» դուրս գալու ժամանակն է: Առաջադեմ տեխնոլոգիաների երկիր կառուցելու նպատակ դրած իշխանությունը լավ պետք է հասկանա, որ եթե կորցնի հասարակության հումանիտար՝ խոսքային բաղադրիչը, կհայտնվի մտքի ամլության դաշտում: 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   10548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ