...

Իլհամ Ալիևի երազը

Իլհամ Ալիևի երազը

Ինքը երանության մեջ է: Բան չի մնացել: Երեք ամսից հարձակվում է Հայաստանի վրա, Աղբուլաղով մտնում է Բասարգեչար, այնտեղից Սևանը լողալով անցնում է, դուրս գալիս Դարաչիչակ, երկու օր հանգստանում, հետո թափով մտնում Էրիվան, վերջում էլ Սադարակով կպնում Թուրքիայի հետ սահմանին: 

Աչքերը փակ, պատկերացնում է այդ ամենը, ժպտում, բայց այդ պահին ներս է մտնում քարտուղարուհին՝ սրբիչը ձեռքին, իր ոտքերը տազիկից հանում, սրբում ու դնում յորղանին: «Կառավարության նիստը հայտարարում եմ բացված»,- ասում է ինքը և մատը պարզում ՊՆ նախարարի վրա. «Զեկուցի»:

«Օ՜, Մեծն Իլհամ բաբա, ո՜վ իմաստնության գագաթնակետ, թող Մուհամեդի փեղամբարը քո վրա իջնի, օ՜, դու մեր ազգի հայր ու մայր...»: «Լավ, էդ հետո, դրա վախտը չի,- հոգնած ասում է ինքը,- «դու գործից խոսի»: 

«Դե, ո՜վ մեր Գերագույն ու գլխավոր հրամանատար, մի քիչ տհաճ նորություն ունեմ, ստիպված ենք կոռեկտիրովկա անել հարձակման ժամկետները: Մեզ հաջողվեց պարզել, որ երեք ամիսը քիչ է, պիտի մի ամիս էլ համբերենք, նոր սկսենք»: 

«Հը՜մ,- խոժոռվում է ինքը,- իսկ ի՞նչ կասի առողջապահության նախարարը»:

«Տեր իմ, ես ավելի խիստ մտահոգիչ լուրեր ունեմ: Էդ գյավուրները Հայաստանով մեկ դիտմամբ կորոնավիրուս են տարածում: Եթե հարձակվենք, մեր քաջարի զինվորները սաղ կվարակվեն, կեսը կմեռնի, կեսն էլ՝ այնտեղ կհանձնվի ինֆեկցիոն հիվանդանոցներին, ու այնտեղ կմեռնի, ու մեր պլանը կձախողվի»:

«Բա հիմա ի՞նչ ենք անելու»,- զայրացած հարցնում է ինքը Գլխավոր շտաբի պետին: «Շեֆ, պիտի քաղբանտարկյալ Քոչարյանի օրինակով շարժվենք: Ինքը ԺԵԿ-ից մի հատ տեղեկանք հանեց, որ իր լավ ախպոր հիվանդանոցում մնալու է այնքան, մինչև կորոնավիրուսը չավարտվի: Ուրեմն, մենք էլ պիտի սպասենք, մինչև էդ անտեր վիրուսը վերանա, ճար չկա»,- զեկուցում է շտաբի պետը: 

«Չէ, բեղերս վկա, պիտի Էրիվանում չայ խմեմ,- ձեռքը խփում է սեղանին: «Էսօր մի հատ «Հայելին» միացրեք, տենանք՝ ինչ են ասում, կարող ա, ավելի հարմար տարբերակ առաջարկեն»: 

Այդ պահին բջջային հեռախոսը տզզում է, բացում է, Միշիկն է լայվ մտել ու Հայաստանում զենքերի արտադրության, դրանց չափաքանակների ու որակական հատկանիշների մասին է խոսում: «Մի հատ սաղդ սուս մնացեք»,- բացականչում է ինքը ու սկսում լսել, բայց այդ պահին լույսերն անջատում են: Խուճապահար ներս է մտնում քարտուղարուհին ու լացակումած ասում. «Տեր իմ, հայերը չերեզ օֆշոր սեփականաշնորհել են Մինգեչաուրի ՀԷԿ-ն ու տվել ռուսներին»: 

Արթնանում է Բաքվի չայխանայում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ