Չզարմանաք, եթե հանկարծ հետագայում պարզվի, որ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթի տեքստը Բաքվում էր գրվել կամ առնվազն նախապես համաձայնեցվել էր ադրբեջանական կողմի հետ։ Ասվածի մեջ չափազանցություն չկա, որովհետև դա ոչ այնքան Հայաստանի կառավարության ղեկավարի, որքան ադրբեջանական պրոտեկտորատի կառավարչի ելույթ էր հիշեցնում։ Թե ինչու՝ հիմնավորենք փաստերով։
Հայաստանում այդ ելույթն առավելապես ընկալվեց որպես սեփական երկրի դեմ «կլյաուզա» և առաջիկա ընտրություններում ամենաայլանդակ բռնաճնշումներ իրականացնելու քարտ-բլանշ մուրալու խղճուկ տեսարան, ու մեծ հաշվով՝ այդպես էլ կար։ Ավելին՝ այդ քարտ-բլանշը նա ստացավ (նրան հոտնկայս ծափահարեցին)։ Բայց շատ ավելի կարևոր էր այն, որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում զեկուցում էր ոչ միայն իր արևմտյան տիկնիկավարներին, այլև հաշվետվություն էր տալիս «բարեկիրթ հարևանին»՝ բառացիորեն կրկնելով և հաստատելով Ադրբեջանի պաշտոնական քարոզչության երկու հիմնական թեզերը։ Որո՞նք են դրանք։
1․ «Հայաստանն ագրեսոր երկիր է, որը 30 տարի շարունակ օկուպացրել էր մեր տարածքները, բայց մենք նրանց շան ծեծ տվեցինք, ու վերջապես նրանց գլուխները մտավ, որ այսուհետ չպիտի թփրտան ու պիտի թավալ գան մեր ոտքերի տակ»։ Հինգ տարի շարունակ հնարավոր բոլոր ամբիոններից սա է ասում Ալիևը։ Իսկ հիմա լսեք Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը՝ «մենք թույլ չենք տալու, որ հազարավոր կյանքերի գնով ձեռք բերված գիտակցությունը․․․» և այլն (մնացածը կարևոր չէ)։ Այսինքն՝ առաջ մենք չէինք հասկանում, չէինք գիտակցում, բայց Ադրբեջանը մեզ կոտորեց, ու մենք վերջապես հասկացանք և գիտակցեցինք․․․ Համաձայնվեք՝ մեկին մեկ նույն միտքն է, պարզապես ձևակերպումներն են փոքր-ինչ տարբերվում։
2․ «Հայ առաքելական եկեղեցին լրջագույն վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար։ Նույնպիսի վտանգ են նաև տարատեսակ ռևանշիստական ուժերը, որոնք օտար կենտրոնների ուղղորդմամբ փորձում են վերակենդանացնել հայկական ֆաշիզմը։ Բայց մենք դա թույլ չենք տալու և բնում խեղդելու ենք հայկական ռևանշիզմի ցանկացած փորձ»։ Սա նույնպես ադրբեջանական պաշտոնական քարոզչության ամենաայլանդակ թեզերից մեկն է, որն Ալիևը կրկնում է հնարավոր բոլոր ամբիոններից։ Իսկ հիմա՝ հատված Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթից․ «․․․Այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի․․․ Մենք թույլ չենք տալու»։ Համաձայնվեք՝ այս դեպքում նույնպես մեկին մեկ նույն տեքստն է։ Ընդ որում՝ այդ նույնականությունն այնքան ակնհայտ էր, որ եթե մի պահ ելույթ ունեցողի դեմքը չտեսնեիր՝ կարող էր թվալ, թե Ադրբեջանի ներկայացուցիչն է խոսում։
Ինչևէ։ Երեք ամիս անց Հայաստանում ընտրություններ են, և շատ է խոսվում այն մասին, որ եթե այդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի՝ Հայաստանը դառնալու է ադրբեջանական կիսագաղութ կամ պրոտեկտորատ։ Ոչ, հարգելիներս, Հայաստանը փաստացի արդեն իսկ ադրբեջանական կիսագաղութ է՝ Բաքվի բացահայտ աջակցությունը վայելող և դրա դիմաց ադրբեջանական քարոզչական թեզերը տարածող իր «գուբերնատորով», և հունիսին կայանալիք ընտրությունները հենց այդ իրավիճակը փոխելու մասին են։ Ի դեպ՝ երբ Ալիևը հայտարարում է, թե իրենք «մեկընդմիշտ խաղաղություն» են հաստատել, «մեկընդմիշտ» ասելով՝ ոչ թե խաղաղությունը նկատի ունի, այլ հենց Հայաստանի այս կիսագաղութային վիճակը։
Տեսնենք։
Մարկ Նշանյան