Գիտե՞ք, թե որն է 2021-ի և 2026-ի ընտրությունների հիմնական տարբերությունը։ 2021-ին Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հրաշքով կարողացավ մարդկանց համոզել, որ պատերազմի և պարտության մեղավորն ինքը չէ, իսկ հիմա «զարգացրել է թեման» և համոզում է, որ մեղավորը մենք ենք՝ հայ ժողովուրդը։ Ավելին՝ այն ժամանակ նա խոստանում էր մեղմել այդ պարտության հետևանքները, իսկ հիմա խոստանում է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։
Այն, որ Նիկոլի և Ալիևի հայտարարությունները բացարձակապես նույնական են՝ բոլորն են նկատել։ Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ որևէ հարցի վերաբերյալ երկու երկրների ղեկավարներ, իհարկե, կարող են նույն կարծիքն ունենալ, բայց այդ նույնականությունը լինում է երկու տեսակ․ երկուսն էլ ճիշտ են, կամ երկուսն էլ սխալ են։ Մեր դեպքում, ցավոք, երկուսն էլ սխալ են։ Ալիևը պնդում է, որ Հայաստանն ագրեսոր է, Ղարաբաղը ոչ թե չճանաչված պետություն էր, այլ ահաբեկչական կառույց, կոնֆլիկտը հրահրել են հայ ազգայնականները, դա մեծ արկածախնդրություն էր, բայց իրենք «պատժել են ագրեսորին», և այլն։ Ու նույնը բառ առ բառ կրկնում է Նիկոլ Փաշինյանը։
Գործնականում սա նշանակում է հետևյալը․ եթե մի կողմ թողնենք արդեն իսկ փաստացի սկսված քարոզարշավում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների ելույթների ու հայտարարությունների լեզուն՝ հստակ կարող ենք արձանագրել, որ առաջիկայում ընտրություններին մասնակցելու են ոչ թե իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը, այլ փաստացի՝ «Յենի Ազերբայջանն» ու մի քանի հայկական կուսակցություններ։ Ասվածի մեջ չափազանցություն չկա, որովհետև այն, ինչ պահանջում են Ադրբեջանի իշխանությունները (ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջնականապես փակել այդ հարցը, փոխել Սահմանադրությունը, ընդունել, որ կոնֆլիկտը «հայ արկածախնդիրներն» են հրահրել, Նախիջևանի հետ անխոչընդոտ կապ ապահովել, խոստանալ, որ հետագայում 250-300 հազար ադրբեջանցիներ կվերադառնան իրենց «պատմական հայրենիք», վերանայել պատմությունը, հալածել Եկեղեցին և այլն), գրեթե նույն բառապաշարով և նույն հերթականությամբ քարոզում է ՔՊ-ն։ Ոչ միայն քարոզում է, այլև խոստանում է կատարել։ Սպառնալիքներն էլ են նույնական։ «Յենի Ազերբայջան»․ «եթե այդ պահանջները չկատարեք՝ դրանց կհասնենք նոր պատերազմով»։ ՔՊ․ «եթե այդ քայլերը չկատարենք, կստանանք նոր պատերազմ, և Հայաստանից կմնա մի պուճուր Երևան»։
Հիմա՝ առաջիկա ընտրությունների մասին։ Հետաքրքիր է՝ քանի՞ ձայն կստանա ՔՊ-ն, այսինքն՝ քանի՞ հոգի է համաձայն, որ հայ ժողովուրդն ագրեսոր է, որ Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջան է եղել, և նրանք ճիշտ են արել, որ 120 հազար հոգու էթնիկ զտումների են ենթարկել, որ 1988-ին Երևանի հրապարակները հեղեղած հարյուր հազարավոր մարդիկ շովինիստ-արկածախնդիրներ էին, իսկ ադրբեջանցիները ցանկանում էին հայերի հետ խաղաղ ապրել, պարզապես մենք շատ «մունդռիկ» ժողովուրդ դուրս եկանք․․․ Եկեք միմյանց չխաբենք, էդ «ասֆալտ», «թոշակներ», «նախկինների թալան», «հիբրիդային պատերազմ», «պեռաշկի-կուկուռուզ», դրանք բոլորը երկրորդական են, իրականում ՔՊ-ին ձայն տվողներն Ադրբեջանի այդ պնդումների «իրավացիությունն» են հաստատելու և ամրագրելու իրենց ստորագրություններով։
Ու դա որևէ արդարացում չի ունենալու։ Որովհետև որևէ մեկը չի կարող իր երկրում հանգիստ-խաղաղ ապրելու ակնկալիք ունենալ՝ ստորագրելով մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ այդ երկիրն արդեն այնքան էլ իրենը չէ։
Մարկ Նշանյան