...

Փաշինյանը կուտի «չամիչով բուլկին» ու առաջ կանցնի

Փաշինյանը կուտի «չամիչով բուլկին» ու առաջ կանցնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսից հետո երկու անգամ խմբագրել է իր ասածները, ընդ որում՝ այդ խմբագրումներն ավելի շատ հարցեր են առաջացրել, քան հստակեցումներ կամ պատասխաններ։ Դիցուք, վարչապետի ասուլիսից հետո Արցախի մի շարք պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ հայտարարություններով են հանդես եկել՝ հստակ արձանագրելով, որ համաձայն չեն Փաշինյանի ձևակերպումներին։ Բանը հասել է նրան, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է որոշել խոսել ու հայտարարել․ «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից»: Նա նաև հավելել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: «Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ՝ մինչև մեր նպատակի իրականացում»: Հակադարձելով Փաշինյանի՝ Արցախի կեսը հայկական է, կեսը՝ ադրբեջանական թեզին, Հարությունյանն արձագանքել է, թե ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: «Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ Արցախի հայաթափման»: Հետո էլ Հարությունյանը հավելել է, թե Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն, և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:

Ազնիվ ցանկություններ են, որոնցով Հարությունյանը փորձել է Նիկոլ Փաշինյանի պորտը տեղը դնել։ Ավաղ, դրանք շատ ուշացած են։ Արայիկ Հարությունյանը 44 օր շարունակ լծված է եղել Փաշինյանի ստերը լեգիտիմացնելուն։ Նա այն մարդկանցից է եղել, որոնք նախընտրել են ժպիտը դեմքին մահվան ուղարկել զինվորներին՝ առանց հասկանալու պահի լրջությունն ու դեպքերի անշրջելիությունը։ Ի դեպ, երբ դեռ պատերազմից առաջ շատերը պնդում էին, թե Արայիկ Հարությունյանին նախագահ է կարգել Փաշինյանը, որովհետև առաջիկայում զարգացումներ են սպասվում Արցախի հարցում և իրեն «չամիչով բուլկի» է անհրաժեշտ լինելու, այլ ոչ թե ատամ ցույց տվող չորկող ղարաբաղցի, հեղափոխական Հայաստանում մարդիկ չէին ընկալում այսօրինակ ձևակերպումները։ Շատերին թվում էր, թե Արցախում ժողովրդավարություն է կառուցվում, և մենք այն «ծախելու» ենք միջազգային հանրության վրա, թե տեսեք՝ Ադրբեջանը ավտորիտար է, իսկ Արցախում ազատ ու արդար ընտրություններով «չամիչով բուլկի» է եկել իշխանության։ Իսկ այսօր արդեն Արայիկ Հարությունյանի լիազորությունները, ըստ էության, ժէկ-ի պետի մակարդակի են, և նրա ասածներին հենց այդ մակարդակում էլ պիտի անդրադառնալ։ Այսինքն՝ առնվազն կարդալ ու առաջ անցնել՝ պատկերացում կազմելով, թե ինչ է մտածում «մարզային» կամ տեղական իշխանությունը։ Իսկ իրականում Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն պատասխանատվության չափաբաժինն ունի այս պատմության մեջ։ 44 օր շարունակ Հարությունյանը պնդել է, թե հաղթում ենք, ամեն օր վստահեցրել է, թե օդը փակ է։ Նա որևէ քայլ չի արել կանգնեցնելու պատերազմը, ճնշելու Փաշինյանին՝ դեռևս գոնե հոկտեմբերին ընդունելու առաջարկվող փաթեթը։ Չի արել ու հիմա մտահոգ դեմքով 91 թիվ է հիշեցնում, ինքնորոշման իրավունքից է խոսում, բռնազավթված տարածքների ապաբռնազավթման սկզբունք է կարևորում։ Թոզ է փչում, հոգնել է Փաշինյանի հետ նույնականանալուց, ուզում է առանձնանալ ու մաքրվել։ Չի լինելու։ Փաշինյանն ինքը թույլ չի տալու։ Ավելի շուտ՝ ախորժակով ուտելու է «չամիչով բուլկին», սովորության համաձայն՝ հրապարակային գխկալու է ու առաջ անցնի։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ