...

Մի հրահրեք, դուք բրթողի կարգավիճակում եք

Մի հրահրեք, դուք բրթողի կարգավիճակում եք

Պատերազմի ողջ ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում միակ բանը, որ գործող իշխանությանը հաջողվեց անել, հասարակության շրջանում գեներալների և հրամանատարական կազմի նկատմամբ անվստահության ձևավորումն էր։ Պարտության ամենասկզբում հասարակության որոշ շրջանակներ կուլ տվեցին իշխանության կուտը, թե Լևոն Մնացականյանն ու Սեյրան Օհանյանն են տապալել Շուշիի օպերացիան։ Հետո սկսեցին քրեական գործերի հարուցումը՝ «փնտրվում են պետական դավաճաններ» խորագրի ներքո։ Այնուհետև կասկածներ սկսեցին տարածել այս կամ այն հրամանատարի գործողությունների մասին․ մեկը զինաթափել էր զորքին, մյուսը հրահանգել էր հետ քաշվել, էն երրորդը իր անփութությամբ նպաստել էր, որ տղաները հայտնվեն շրջափակման մեջ, և այլն, և այլն։ Սա լրիվ նոր իրավիճակ էր։ Հիշո՞ւմ եք՝ անգամ ապրիլյանից հետո ամենաընդդիմադիրները զգուշավոր էին իրենց հրապարակային կասկածներում, ներսում քննարկումներ լինում էին, բայց դա չէր դառնում հանրության բամբասանքի օրակարգը։ Իսկ Փաշինյանի իշխանությունը այս տաբուն էլ ջարդեց, ջարդեց մեզ համար բարդագույն մի շրջանում։ Սկսվեց համատարած դավաճանների փնտրտուքը, որովհետև հասարակությունը չէր ուզում գիտակցել պարտությունը, նախկինները չէին ուզում խոստովանել, որ պարտությունը նաև իրենց ապաշնորհ կառավարման հետևանք էր, իսկ ներկաները՝ կոնկրետ Փաշինյանը, մեղքի և պատասխանատվության իր չափաբաժինը ընդունելու փոխարեն, ջլատում էր հասարակությանը՝ նրան մղելով սեփական հետաքննություններով գտնել դավաճաններին ու վրեժխնդիր լինել։ 

Այսօր էլ Փաշինյանի իշխանությունը չի փակել այս թեման։ Հակառակը այն մերթընդմերթ այնպիսի ուժգնությամբ է թափ հավաքում, որ սկսում է կասկածի բույն հյուսել նույնիսկ ամենաադեկվատների մտքում։ Բանն այն է, որ մամուլը ահազանգել է Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմի նոր «ակցիայի» մասին։ Ակցիայի բովանդակությունը հետևյալն է՝ հրահանգել յուրայիններին վերստին բարձրաձայնել թեզը, որ պարտության համար մեղավոր է բանակը։ Արդեն երեք-չորս օր է չեն դադարում քննարկումները ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութի շուրջ։ Սույն անձնավորությունը հայտարարում է՝ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու: Սրան զուգահեռ երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողության ժամանակ ծնողներից մեկն իր ելույթում նշում է․ «․․․ 20 հոգուց ոչ ոք կենդանի չեն, հույս ունենք, որ գոնե փոխգնդապետ Հայրապետյանը ողջ է և մեր հարցերին կպատասխանի»։ Սա ողբերգություն է։ Մեկ տարի և երեք ամիս այդ ընտանիքները սպասել են, հիմա էլ Փաշինյանին հարցեր տալու փոխարեն, էլի սպասելու են, հիմա էլ՝ «Հայրապետյանին»։  Իսկ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները շարունակելու են մարդկանց տառապանքին խառնել կասկածի աղը, որ գուցե իրենց որդին, հարազատի ու հարևանի որդին ռազմի դաշտում դավաճանվել են ստորաբար։ Ու չի դադարելու դավաճանների փնտրտուքը, չի դադարելու Փաշինյանի սրված երևակայության տեղապտույտը։ Ու հասարակությունը ենթագիտակցական մակարդակում մնալու է նույն՝ անհասցե դավաճանների տեղապտույտում։ Դժվար է, բայց սթափվել է պետք։

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ