...

Ինքնապաշտպանական բնազդից զրկվածները

Ինքնապաշտպանական բնազդից զրկվածները

Ցանկացած իշխանություն պարտվում է, երբ թմրում է ինքնապահպանման բնազդը, և արդյունքում կորսվում է իրականության զգացումը: Դա տեղի է ունենում բոլոր ժամանակների բոլոր իշխանությունների հետ, անգամ ավելի ուժեղների, քան 70 տոկոս քվե ստացածների հետ:

Արտակարգ դրությունը հանելուց մի քանի օր առաջ Մաշտոցի պուրակում ծառեր կտրելը, Ամուլսարում «դիրքերը» բարելավվելը, Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի պաշտոնին առաջադրելը կամ Ռազմիկ Աբրահամյանին պարգևավճար տալը միանշանակ վկայությունն է, որ իշխանությունն այլևս իր համար գերակա չի համարում հասարակության լայն աջակցության անհրաժեշտությունը:

Ցանկացած իշխանություն իր գործունեության ընթացքում գնում է ոչ պոպուլյար քայլերի, ընդունում է որոշումներ, որոնք միանշանակ չեն ընկալվում հանրության կողմից: Բայց ձախողված իշխանությանը չձախողվածից տարբերում է այդպիսի որոշումներ ընդունելու ժամանակահատվածը և մարտահրավերները գիտակցելու ընկալունակությունը:

Եթե այսօր կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամ չլիներ, ՍԴ ճգնաժամը իսկապես հանգուցալուծված լիներ և բարձր դատարանը ազատագրված լիներ խնդրահարույց հետագիծ ունեցող դատավորներից, իրավապահ և դատական համակարգի վեթինգ իրականացված լիներ, Քոչարյանը և Մարտի 1-ի մյուս պատասխանատուները գոնե կալանավորված լինեին, նախկին բարձրաստիճան կոռուպցիոներների նկատմամբ դատավարություններ սկսված լինեին, ապա գուցե և արդարացված լիներ իշխանության կողմից իրեն այնպիսի ճոխություն թույլ տալն, ինչպիսին է հասարակության մի հատվածի ակտիվ աջակցությունից զրկվելու հեռանկարը:

Ինչ է մտածել իշխանությունը՝ թույլ տալով, որ Մաշտոցի պուրակում կտրեն ծառերը: Միևնույն է՝ բնապահպանական համայնքի ջախջախիչ մեծամասնությունը ընդդիմադիր կեցվածք ունի իշխանության բնապահպանական քաղաքականության վերաբերյալ, իսկ նախկինում պուրակի համար պայքարած ակտիվիստների մեծամասնությունը հիմա իշխանության կազմում է: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա 4 ծառ կտրելու հանգամանքը նրան դժվար շատ հուզի: Եվ ուրեմն գործելու ճիշտ պահն է:

Եվ իսկապես, դժվար թե հանրության լայն շերտեր դուրս գան պայքարելու կտրված 4 ծառերի համար: Բայց հաշվարկի սխալ լինելը ոչ թե կանխատեսումն է, որ շատ պայքարողներ չեն լինի, այլ խուլ դժգոհությունը և հասարակական ապատիան, որն անխուսափելի կառաջանա: Իսկ ապատիա կառաջանա, որովհետև դժվար է ընդունել՝ սիրելի իշխանությունը արեց մի բան, որն իրեն թույլ չտվեց ատելի ռեժիմը:

Առաջիկա ամիսներին սպասվում են ճակատագրական զարգացումներ, քանի որ ռևանշի ուժերը չեն էլ թաքցնում վճռական գրոհ կազմակերպելու մտադրությունը: Այսպիսի նվերներ անել իրեն կարող է թույլ տալ միայն ինքնապաշտպանության բնազդը վերջնականապես անտեսած ուժը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ