...

Իշխանության ամորֆ, անմեղսունակ բուրգը

Իշխանության ամորֆ, անմեղսունակ բուրգը

Չենք ուզում կրկնել տափակ դարձած այն միտքը, թե ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը, թեպետ արդեն կրկնեցինք: Ուզում ենք պարզապես ցույց տալ հայաստանյան իշխանական բուրգի կառուցվածքը: 

1.    Բուրգի գագաթին՝ առաջին տեղում, Նիկոլ Փաշինյանն է: Նա ժամանակին լրագրող էր, հետո՝ ընդդիմադիր գործիչ, որը շատ արագ դավաճանեց 2008-ի շարժման ընկերներին: Իշխանության գալուց հետո հայտարարեց, որ գաղափարախոսություն չունի, որ ժողովրդի ծառան է: Շատ արագ հագավ Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը և… Երկիրը նետեց պատերազմի ճիրանների մեջ, պարտվեց, հետո էլ չքմեղացավ, թե միայն մոդերատոր է եղել: Այնինչ իրականում անսահմանափակ իշխանություն ունի: Պարտությունից հետո ոչ միայն չի ուզում հեռանալ, այլև ավելի ամուր է տեղավորվում աթոռին:

2.    Գագաթին մոտ՝ երկրորդ «հորիզոնականում» են մարդիկ, որոնք նրա հետ «քայլել են»: «Քայլել» բառը փոխաբերաբար հասկանանք:  Այսինքն՝ այս մարդիկ՝ Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց և այլք, վարչապետի մտերիմներն են, նրա հետ տիրապետում են ինչ-որ տեղեկությունների, որոնք հասու չեն սովորական մահկանացուներին: Սրանք թիմակիցներ են, որոնց փոխադարձ հավատարմության հիմքը շատ նման է հանցակիցներին կապող «գաղտնիքին»:

3.    Երրորդը  Նիկոլ Փաշինյանի երկրպագուներն են, որոնք գուցե անկեղծորեն վստահում են իրենց կուռքին, պատրաստ են արդարացնել նրա յուրաքանչյուր քայլը՝ առանց վերլուծելու: Թեպետ կարծում ենք, որ հոգու խորքում լավ էլ գիտակցում են, որ առանց առաջնորդի իրենք զրո են կամ ուսապարկ, ուստի հավատարմությունը, հավատը այնքան էլ անշահախնդիր չեն:

4.    Չորրորդ և ամենաբազմամարդ տեղում են քծնող-հարմարվողները, այսինքն՝ առնետավազքի արդյունքում ՔՊ-ում կամ կառավարությունում հայտնված անձինք: Հարմարվողները միշտ եղել են և կլինեն իշխանության կազմում և իշխանությանը մերձ շրջանում, որովհետև նրանց միակ նպատակը փող «աշխատելն» է: Նրանք շուտ են կողմնորոշվում, ինչպես արեցին ՀՀԿ-ն 2018-ի մայիսին լքածները: Ահա նրանցից ոմանք հունիսի 20-ին նորից դարձան «արժեքավոր» պատգամավորներ: Կողմնորոշվեցին նաև մեր բիզնեսմենները՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան և այլք: Հասկացան, որ Նիկոլն օգտակար է իրենց բիզնեսի համար: Կողմնորոշվեցին ԲՀԿ-ի և այլ կուսակցությունների անդամներ, և ահա նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը նիկոլականներից ավելի նիկոլական է: 

Այս խմբի անդամներից ոմանք ինտելեկտով առանձնապես չեն փայլել երբեք, սակայն հանուն իշխանության Նիկոլին երկրպագողների մեջ կան նաև այնպիսիները, որոնք հիմա ստիպված են մի քիչ տկարամիտ ձևանալ՝ ցանկալի պաշտոնը չկորցնելու համար: Այդպիսին են, օրինակ, ՀԱԿ-ից պոկվածները:

Ահա մոտավորապես սա է մեր իշխանության կառուցվածքը: Այն բնույթով ավտորիտար է, գաղափարապես՝ սնանկ, իսկ եռամյա գործունեության արդյունքը պարտությունն է, ջախջախված բանակը և վերակենդանացած նախկինները: 

Ինչպե՞ս չհիշենք Հովիկ Աբրահամյանի հայտնի արտահայտությունը, թե քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ: Կարող ենք ասել՝ այն ընդհանրապես պետք չէ, այն էլ՝ Հայաստանում:

Վերջում ձեր ուշադրությունը հրավիրենք մի հետաքրքրական հանգամանքի վրա: Առնետավազքի մասին խոսելիս մեր լրագրողների և վերլուծաբանների ուշադրությունը հատկապես բևեռված է ՀԱԿ նախկին անդամների կամ համակիրների վրա: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև այս կուսակցությունն է ցայսօր թե՛ նախկինների, թե՛ ներկաների գաղափարական և ինտելեկտուալ հակառակորդը: Ուստի թե՛ նախկինները, թե՛ ներկաները ջանք չեն խնայում այստեղից բեկորներ պոկելու համար: Որովհետև պետք է ոչնչացնեն միակ ուժը, որ ցույց է տալիս իրենց սնանկությունը: Սակայն սա սարսափելի չէ: Սարսափելին իշխանավորների անմեղսունակությունն է Հայաստանի համար ճակատագրական ժամանակաշրջանում:

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ