...

Իշխանության չքմեղանալու փորձերը դատապարտված են

Իշխանության չքմեղանալու փորձերը դատապարտված են

Վաղը Շենգավիթի առաջին ատյանի դատարանը կհրապարակի իր վճիռն, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանը դատավարությանը կմասնակցի կալանավորվածի կարգավիճակում, թե ոչ: Դատարանը կարող է գնալ ավելի հեռու և հիմնվելով ՍԴ 7 անդամներից 5-ի որոշման վրա` ընդհանրապես մեղադրյալ Քոչարյանին ճանաչի անձեռնամխելի: Սույն դատական ակտը կհանգեցնի ոչ միայն իրավական կոլապսի, այլև քաղաքական վայրիվերումների սկիզբ կարող է դառնալ: 

Սակայն, մինչ այդ, իշխանությունները փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել: Օրերս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ իշխանությունների մեղքը չկա, եթե դատարանն ազատ արձակի Քոչարյանին:

Առաջին հայացքից դասական ճշմարտություն է ասում Միրզոյանը: Գործադիր և օրենսդիր մարմինները պատասխանատու չեն դատական իշխանության որոշման համար: Բայց միայն առաջին հայացքից: Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները պատասխանատու են դատական իշխանության ցանկացած ակտի համար, քան երբևէ: 

Պատասխանատու են, քանի որ 1.5 տարվա մեջ չեն իրականացրել իրենց ամենամեծ քաղաքական պարտավորություններից մեկը՝ չեն ստեղծել ճնշումներից զուրկ, քաղաքական պատվերներ չկատարող, անկախ դատական համակարգ: Եվ որքան էլ իշխանությունները փորձեն թերագնահատել հարևան անգրագետ պողոսներին, միևնույն է՝ Պողոսը հասկանում էր, որ 1.5 տարվա ընթացքում հնարավոր չէ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի էական բարելավում: Պողոսը ակնկալում էր, որ նոր իշխանությունը կունենա կամք՝ պատասխանատվության ենթարկելու քաղաքական և տնտեսական մեծ հանցագործությունների հեղինակներին: Իսկ դա հնարավոր էր միայն անկախ և արդար դատական համակարգ ստեղծելու միջոցով: Պողոսի համար այնքան էլ էական չէ՝ նախկին ռեժիմը դատարանների վրա ազդում է ուժային միջոցներով, թե նյութական: Պողոսի համար այնքան էլ էական չէ՝ Հրայր Թովմասյանին նախկինները ճնշել են կոմպրոմատներով, թե ֆինանսապես մոտիվացրել են: Պողոսի համար էական է, որ գործող իշխանությունը չի կարողանում ավարտին հասցնել ստանձնած գլխավոր քաղաքական պարտավորությունը:

Քաղաքական իշխանությունը պատասխանատու է, որ երկրում դեռ կա մի դատարան, որը լեգետիմ չէ և կարող է իր որոշումներով վիժեցնել գործող իշխանության ցանկացած հեղափոխական բարեփոխում: Իշխանությունները հայտարարում են, որ ունեն դատաիրավական բարեփոխումների մեծ փաթեթ՝ սկսած վեթինգից, վերջացրած գողական ենթամշակույթն արմատախիլ անելու օրենքներով: Ինչն է խանգարելու ՍԴ-ին դրանք նույնպես տորպեդահարելու: Գործող ՍԴ-ն չունի որևէ բարոյական արգելք՝ «օրենքով գողերին» նույնպես ճանաչելու անձեռնմխելի:

Իշխանության դատական համակարգի գործերին չխառնվելու վարքագիծը նման է այն բժիշկների արդարացումներին, որոնք ժամանակին չեն արել վիրահատությունը և հիմա փորձում են բժշկական տերմինաբանություն օգտագործելու միջոցով արդարանալ: Բայց անգրագետ Պողոսը չի տրվում բժշկական տերմինաբանության խաբկանքներին, այլ հիշում է, որ բժիշկը խոստացավ անել վիրահատությունը, սակայն չարեց:

Վաղվա դատական ակտի ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, իսկ արդարանալու փորձերն ավելի են մեծացնելու հանրային դժգոհությունները:

Արիս Վաղարշակյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4959 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ