...

Իշխանությունը չի ցանկանում խոստովանել

Իշխանությունը չի ցանկանում խոստովանել

Վերջին մամլո-ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն հարց տվեց և պատասխանեց: Իսկ ինքնահարցը հետևյալն էր` 1.5 տարվա ընթացքում իշխանությունը մեծ, ստրատեգիական սխալներ արե՞լ է, թե ոչ: Պատասխանը բացասական էր: 

Եթե հարցը տար լրագրող, ապա թերևս ռեպլիկի ժամանակ մատնանշեր ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը: Այդ կարևորագույն ինստիտուտը գտնվում է խորը և համապարփակ ճգնաժամի մեջ, որքան էլ դա չցանկանան տեսնել բարգավաճականները և լուսավորները: Բայց ճգնաժամի մեջ կա նաև գործող իշխանության մեղքը: Իսկ մեղքն այն է, որ իշխանությունը վերցնելիս չգիտակցեցին, որ ՍԴ-ում կա և ավելի է խորանալու ճգնաժամ, իսկ 1.5 տարիների ընթացքում քաղաքական կամք և հմտություն չցուցաբերեցին այն լուծելու համար: Այնպես որ՝ իշխանությունը առնվազն մեկ ստրատեգիական սխալ արել է: Սխալ էր Հրայր Թովմասյանին շանս տալը, որ գիտակցի փոփոխությունները և դառնա իսկապես բարձր դատարանի անաչառ ղեկավար: Սխալ էր հույս փայփայել, որ ՍԴ անդամները կքննեն ՍԴ նախագահի վերաբերյալ ԱԺ միջնորդությունը: 

Այժմ իշխանությունը հերթական փորձն է անում վերցնելու ՍԴ բաստիոնը: Գրոհի զինանոցում հայտնվել է նոր զենք` ՍԴ անդամների կամավոր վաղաժամ թոշակի գնալու դեպքում ապահովել նրանց աշխատավարձերի և թոշակների հետագա վճարումը: Դժվար է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա հերթական գրոհը: Եթե զուգահեռ չեն իրականացվում ստվերային բանակցություններ ՍԴ անդամների հետ, չեն արվում առաջարկներ, որոնցից նրանք չեն կարողանա հրաժարվել, ապա դժվար թե այն հաջողություն ունենա:  

Բայց այս ամենին զուգահեռ իշխանությունը պարտվում է մեկ այլ ճակատում: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում և մեդիաներով համոզում է հանրությանը, թե օրինագծի համար անհրաժեշտ 600 միլիոն դրամը աննպատակ ծախս է: Իսկ իշխանությունը գրեթե չի հակադարձում և չի բացատրում, թե ինչու է գնում այդ ճանապարհով: Ավելի ազնիվ ու կարևորը՝ արդյունավետ կլիներ, եթե Փաշինյանը քաղաքացու հետ զրույցներից մեկը նվիրեր այդ թեմային: Բացատրեր, որ սխալվել են ՍԴ հարցում, բայց, միևնույն է, պետք է հանգուցալուծել այդ ճգնաժամը: Բացատրեր, որ չլուծելու դեպքում կվտանգվի հետագա բարեփոխումների ճակատագիրը և Մարտի 1-ի բացահայտումը: Բացատրեր, որ 600 միլիոնը այն գինն է, որ պետք է վճարել ավելի խորը ճգնաժամի մեջ չհայտնվելու համար: Բայց իշխանությունը չի ցանկանում խոստովանել իր սխալները, խոսել ժողովրդի հետ և ամեն ինչ թողել է հանրության բարձր քաղաքական գիտակցության վրա: Մինչդեռ ընդդիմախոսները ամբողջ թափով պոպուլիստական հնարքներ են կիրառում: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1271 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ