...

Ջղայնանալը և մատ թափ տալն այլևս չեն ազդում

Ջղայնանալը և մատ թափ տալն այլևս չեն ազդում

Երեկվանից բոլորը՝ քաղաքագետները, լրագրողները և սոցիալական ցանցերի հազարավոր օգտատերերը վերլուծում և գնահատականներ են հնչեցնում վարչապետի նախօրեին հնչեցրած արտահայտությանը: «Պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը, բայց ես միևնույն է ջարդելու եմ դիմադրությունը»:

Ինչո՞ւ հիմա և արդյո՞ք կա կամք ու ցանկություն ջարդելու դիմադրությունը: Եվ վերջապես կբավականացնե՞ն ռեսուրսները ջարդելու այդ դիմադրությունը:

Նախ, ոչինչ չէր խանգարի, որ անցյալ տարվա գարնան իրադարձությունները, դրա կազմակերպիչների և հատկապես Փաշինյանի կողմից ի սկզբանե հռչակվեին ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն: Հասարակությունը դրա պատճառով քիչ մասնակցություն չէր ցուցաբերի, քանի որ մինչև կոկորդը զզված էր նախորդ ռեժիմի ապօրինություններից, կոռուպցիոն հանցագործություններից, ընտրությունները կեղծելու սովորույթից և այլն: Նշաձողի արհեստական բարձրացումը ենթադրում է նաև ակնկալիքների արհեստական ուռճացում: Եթե չէր փոխվելու Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը, չէին փոխվելու տնտեսական կաթուցաձևը, իրավապահ համակարգի կազմավորման սկզբունքները, բացառությամբ մի քանի հանցագործի, մնացածին տրվելու էր երկրորդ շանս, ինչ իմաստ ուներ փոփոխություններն անվանել հեղափոխություն:

Հեղափոխությունները չեն լինում ոչ բռնի և օրինական: Իմաստ չուներ նաև, արդեն գրեթե հաղթած կարգավիճակում հայտարարել, որ կա կախարդական փայտիկ և նրա մի քանի շարժումների արդյունքում ապրելու ենք լրիվ նոր Հայաստանում: Հրաշագործներից միշտ էլ սպասելիքներն ավելի շատ են, քան քաղաքական գործիչներից:

Ինչ վերաբերում է պետական ապարատի դիմադրությանը: Նախորդ չինովնիկական ապարատը հիմնված էր երկու կարևոր հիմնասյուների վրա՝ փող և վախ: Ներկայումս փողը չկա, նրանք ովքեր դեռ շարունակում են վերցնել փող իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու համար, նախ դա չեն անում նախկին ծավալով և գիտեն, որ ուշ, թե շուտ հայտնաբերվելու են և հեռացվեն աշխատանքից: Բայց չկա նաև վախը: Քանի որ գիտեն, որ իրենց արած հանցագործությունների համար բռնվելու դեպքում առավելագույնը պետք է վերականգնեն վնասը: Իսկ եթե անգամ ձերբակալվեն, ապա հերոս դատավորները արագ նրանց կազատեն: 

Բայց կա ևս մեկ կարևոր խոչընդոտ, որ պետական ապարատը չի աշխատում: Տարվա սկզբից շեշտակի աճել է նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը: Բայց մյուս աշխատողների աշխատավարձը մնացել է նույնը: Հիմա ինչպես աշխատեցնել նախարարությունների վարչությունների պետերին, բաժնի վարիչներին ու առաջատար մասնագետներին, երբ նրանք գիտեն, որ վերադասի աշխատավարձը բարձրացել է, իսկ իրենցը մնացել նույնը: 

Ինչ պետք է անի իշխանությունը: Նախ փոխի քաղծառայության մասին օրենքը: Ամբողջ չինովնիկական ապարատը պետք է անցնի արդար, թափանցիկ և որակյալ ատեստացիա: Նոր կազմված պետական ապարատի աշխատավարձերը նույնպես պետք է բարձրացվեն, որպեսզի վերանա անջրպետը ղեկավարության և չինովնիկական ապարատի միջև:

Ժամանակը գնում է և հնարավոր չէ ժամանակ առ ժամանակ կառավարության նիստերին ջղայնանալ, մատ թափ տալ և մտածել, որ ամեն ինչ ինքնըստինքյան կկարգավորվի: Չինովնիկական ապարատի դիմադրությունը ջարդելը ավելի դժվար է, քան ռեժիմի դիմադրությունը ջարդելը: Եթե խոսենք ալեգորիաներով, ապա սպորտում հաղթանակի հասնելը ավելի հեշտ է, քան այն կրկնելը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1510 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ