...

Կլոուններն ու նրանց կլոնները

Կլոուններն ու նրանց կլոնները

Վելքյամ Հայաստան

Այս շաբաթ մեզ մոտ ավելի արմատավորվեց այն համոզմունքը, որ քաղաքական դաշտը կլոունադայի է վերածվել: Մեկ-մեկ, որ մեր աչքով են ընկնում հին կադրեր՝ 1990-ականների Գերագույն խորհրդի, կառավարության կամ Անվտանգության խորհրդի նիստերից, տեսնում ենք, թե ինչ որակի գործիչներ, քննարկումներ, բանավեճեր են ընթացել, ինչ հարցերի շուրջ, ինչ տեսակետներ են հնչել, մամուլում ինչ հրապարակախոսություններ և վերլուծություններ են տպագրվել, չես կարողանում հավատալ, որ դա եղել է Հայաստանում, այլ ոչ թե՝ ինչ-որ նորմալ քաղաքակիրթ երկրում: Ընդհանրապես, մի տեսակ մեղք էլ է այն ժամանակվա Հայաստանը համեմատել ներկայիս Հայաստանի հետ: 

Իսկ հիմա նայում ես, ինչ է կատարվում... Տիգրան Արզաքանցյանն ասում է՝ ես ինձ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Մի կողմից՝ խնդում ես, բայց մյուս կողմից՝ սա ցույց է տալիս մեր քաղաքական ներկայիս դաշտի ցածր մակարդակը, եթե հայերեն երկու բառ իրար հետևից կապել չիմացողը ղժժում է նախագահի ինստիտուտի վրա: Իհարկե, մեզ կարող են ասել, որ սա առաջին դեպքը չէ. 1998-ին էլ մեկը կար, հայերեն գրել-խոսել չգիտեր, բայց առաջադրվեց նախագահի թեկնածուի պաշտոնում, մեր գլխին քյալակ դառավ: 

Թագուհին մեռավ, կեցցե՜ թագուհին

Իսկ առայժմ նախագահի պաշտոնում իշխանությունները, ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը որոշել են նշանակել Վահագն Խաչատրյանին: Սա բավական բուռն բանավեճերի տեղիք տվեց. մի մասը Վահագն Խաչատրյանին համարեց Տեր-Պետրոսյանի թիմից թռած, մի մասը՝ Խաչատուր Սուքիասյանի «պրոտեժե», կային այնպիսիները, որոնք ողջունում էին նրա թեկնածությունը՝ ընդգծելով Վահագն Խաչատրյանի անցած ճանապարհը, փորձը, գիտելիքները, զուսպ և հավասարակշռված վարքագիծը, կրթվածությունը: Նրա թեկնածության շուրջ վեճերի հողի վրա իրարից ընկերներ էին նեղանում, իրար բլոկում ու ֆեյսբուքյան ընկերների ցանկից հեռացնում, ամեն ինչ տեսանք:

Բայց ամենակարևորը դա չի. ուզում է Հռոմի Պապին կամ Դալայ Լամային նախագահ նշանակեն, դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ նախագահի ինստիտուտը իրենից ոչինչ չի ներկայացնում: ՀՀ նախագահը նույնիսկ անգլիական թագուհու կարգավիճակ էլ չի ենթադրում, ինչը ժամանակին շատ ծանր էր տանում Ռ. Քոչարյանը: Արմեն Սարգսյանի օրինակը աչքներիս առջև է. ինչ-որ ազդեցություն ունեցե՞լ է քաղաքական դաշտի վրա: Սովորական գրասենյակային աշխատող էր. առավոտը գնում էր գործի, կոմպը միացնում էր, մեյլբոքսը ստուգում, հետո թղթեր էին բերում, ստորագրում էր, մի քիչ չաթով սրա-նրա հետ զրուցում էր, իրիկունը ժամը 6-ին դուռը փակում, գնում տուն: Նու, մեկումեջ էլ գնում էր Սինգապուր՝ ֆիզիկայի վերջին օրենքների վերաբերյալ դասախոսություն կարդալու, կամ էլ՝ Էմիրաթներ, տեսնի ինչ ներդրող կարող է կպցնել: Թե քանի հատ ներդրող է բերել՝ դուք ասեք: 

Նույնն էլ Վահագն Խաչատրյանի դեպքում է լինելու: Մենք չգիտենք, պրն Խաչատրյանն ի՞նչ է անելու, որ չի արել Արմեն Սարգսյանը: Կամ՝ ի՞նչ չի անելու, որ արել է Արմեն Սարգսյանը: Մենակ մի առավելություն ունի Արմեն Սարգսյանի հանդեպ. որ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն է: Վերջ: Թե չէ Արմեն Սարգսյանն էլ և՛ կրթված է, գիտելիքներ էլ ունի, դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի, վարչապետ էլ է եղել, անգլերեն էլ է լավ խոսում, դրսում կապեր-մապեր ուներ: Հետո՞. դա նախագահական ինստիտուտի դերը բարձրացրե՞լ էր: 

Մի կողմից՝ տուպիկ, մյուս կողմից՝ տուպոյներ

Փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն էր, էլի հիշեցին այդ օրերը, նրա հրաժարականի տեքստը, «Ազատությունը» բավական հաջող և բարձր որակի նյութ էր պատրաստել՝ այդ օրերին ընթացող զարգացումների և հրաժարականին նախորդած իրադարձությունների վերաբերյալ:

Բնականաբար, հոգեխանգարվողները նորից հոգեխանգարմունքի մեջ ընկան, Վազգեն Մանուկյանը կանգնեց, հայտարարեց, թե Լևոնն ասել է՝ ղարաբաղցիները հայ չեն, քռագետ Հայկ Մարտիրոսյանը Վահագն Խաչատրյանի նկարը դնում, ասում է՝ իշխանությունները Լևոնին են նախագահ բերում, մի ուրիշ քռագետ էլ՝ Էդգար Ղազարյանը, ասում է, չէ՜, Սերժն ու Ռոբերտն են Լևոնին նախագահ բերում... Էս ի՞նչ ա. սրանց մոտ երևի կորոնավիրուսի նոր շտամ է տարածվել, որն ազդում է ուղեղի աշխատանքի վրա: Ընդ որում, ոնց որ թե շատ ծանր շտամ է, պետք է սրանց բոլորին մեկուսացնել՝ 14 օրվա փոխարեն 14 տարի:  

Բա մենք արժանի էի՞նք էս կլոունադային: Հա, ստացվում է, որ արժանի ենք: Որ արժանի չլինեինք, էս վիճակում չէինք հայտնվի, էսքան մեյմունների մայուն չէինք լսի: 

Բայց ավարտենք մեր էս ապոկալիպտիկ տեսությունը լավ նորությամբ: Չասեն, մենակ բացասական բաներ եք գրում, հանրային դեպրեսիա առաջացնում: Այս շաբաթ պոզիտիվ բան էլ եղավ. Տիգրան Արզաքանցյանի կնիկը նշանակվեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ