...

Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևի մեր մեկնությունը

Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևի մեր մեկնությունը

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ս․թ․ հունվարի 15-ի գրառումը, ավելի ճիշտ՝ ներքաղաքական վիճակի՝ նրա սեղմ բանաձևումը դարձյալ միավորեց օրվա իշխանությանն ու ընդդիմությանը։ Զավեշտական և հիստերիկ արձագանքների պակաս չկա։ Սակայն նրանց հանգիստ կթողնենք, որովհետև արձագանքների արձագանք գրելն անշնորհակալ գործ է, մանավանդ՝ արձագանքողների ինտելեկտուալ և հոգեկան ներուժը հաշվի առնելով։ Ուստի անհրաժեշտ ենք համարում ընթերցողներին ներկայացնել մեր մեկնաբանությունը, թեպետ Լ․ Տեր-Պետրոսյանի ասածն առավել քան հստակ է։

Եվ այսպես, ի՞նչ է ասում ՀՀ առաջին Նախագահը։ 

1․ Փաշինյանի թիմը ձգտում է պահպանել իշխանությունը, իսկ քոչարյանականներն ու սարգսյանականները՝ այն զավթել։ Երկու ճամբարներն էլ միջոցների մեջ խտրություն չեն դնում։

Կարծում ենք այս պնդման բանալի արտահայտությունը «միջոցների մեջ խտրություն չդնելն» է։ Պարզաբանենք։ Հայաստանը 2020-ի խայտառակ պատերազմից և պարտությունից հետո, բացի մարդկային և տարածքային կորուստներից, մեծագույն կորուստ ունի։ Այն քաղաքական է։ Այսինքն՝ մենք կորցրել ենք քաղաքական որոշումներ կայացնելու մեր ինքնուրույնությունը և անգամ փորձ չենք անում այն վերականգնելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև երկրի ներսում ապացուցեցինք, որ դա մեզ պետք չէ։ Ապացուցեցինք՝ 2021-ի ամռանը ձայն տալով Փաշինյանին, որի պատճառով տարածքներ կորցրինք, հազարավոր զոհեր տվեցինք և կանգնած ենք պետականությունը ոչնչացնելու շեմին, և քոչարյանական ու սարգսյանական ընդդիմությանը, որը 1998-ից ի վեր հայ հասարակությանը թունավորել է ոչմիթիզականության վիրուսով և երկիրը մոտեցրել պատերազմին։ Մի խոսքով՝ ընտրողները երկրի ղեկը վստահեցին այն մարդկանց, որոնք ապացուցել են՝ պետությունը նրանց համար արժեք չէ, կարևորը իշխանությունն է, այն էլ՝ սեփական բարեկեցությունն ապահովելու համար։ 

2․ Հետևաբար հանուն իշխանության այս մարդիկ միջոցների մեջ խտրություն չեն դրել և չեն դնելու, որովհետև նրանց համար հայկական պետականությունը բնավ նշանակություն չունի․ նրանք պայքարում են  որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից կուսակալի կամ գուբերնատորի աթոռ ստանալու համար։ Կարծում ենք՝ անթաքույց է դրսի ուժերին ծառայելու մոլուցքը։ Չե՞ք հավատում․ կարդացե՛ք ղազախական դեպքերի արձագանքները։

Ի վերջո, այս ճամբարների էլիտաները համոզված են՝ նոր աղետի դեպքում իրենք կգտնեն ճողոպրելու պահը, ընտանիքներով կլքեն երկիրը, և իրենց երեխաները բայրաքթարների տակ չեն մնա։ 

Կարծում ենք՝ հասարակության մի ստվար զանգված նույնպես չի հասկանում, թե ինչ նոր աղետների մասին է խոսում Լ․ Տեր-Պետրոսյանը։ 
Անհեռատես, ընչաքաղց և իշխանատենչ «էլիտայի» պատճառով արդեն շատ բան ենք կորցրել և շարունակում ենք կորցնել ամեն օր։ Անհամարժեք, նեղմիտ իշխանությունը և ընդդիմությունը այդպես էլ չհասկացան, թե որ խնդիրներն են կարևոր երկրի համար։ ԱԺ-ի գավառական, անպատասխանատու թատրոնը երկուստեք ձեռնտու է, որովհետև կողմերին ձերբազատում է պատասխանատվությունից։ Իսկ երկրի սահմաններին կանգնած են 18-20 տարեկան պատանիները, կանգնած են՝ առանց պաշտպանական կառույցների, հակաօդային պաշտպանության, զենքի և հագուստի մասին էլ չենք խոսում։

Դժվար է չհամաձայնել Լ․ Տեր-Պետրոսյանի հետևյալ մտքին․ «Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է»: Այո՛, սա նրանց պարտականությունն է, քանի որ նրանց ձեռքին է երկրի ղեկը, քարոզչական և ֆինանսական ռեսուրսները։ Կրկնենք՝ սա պարտականություն է։ Բայց արդյո՞ք նրանք հասկանում են՝ ինչ է պարտականությունը, ինչ ելք է անհրաժեշտ պետությանը, ոչ թե անձնապես իրենց։ Պատասխանենք՝ չեն հասկանում։ 

Արդյո՞ք այն մտավորականությունը, որի ներկայացուցիչներն ամեն օր հայտնվում են հեռուստաէկրաններին կամ համացանցում, հասկանում է, որ չպետք է այս կամ այն ճամբարի ծառան լինի։ Պատասխանենք․ չի հասկանում։

Ուստի, ելքի որոնումը, այնուամենայնիվ, մտածող մարդկանց իրավունքն ու պարտականությունն է։ Չի կարելի պետության ճակատագիրը թողնել միջոցների մեջ խտրություն չդնողների հույսին։

Զարուհի Գաբրիելյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ