...

Մարտի մեկի ստվերը

Մարտի մեկի ստվերը

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանն ազդարարում է, որ ընդդիմադիրները մայիսի մեկից է՛լ ավելի վճռական են լինելու։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները և հարակից «ուժերը» ջանք ու եռանդ չեն խնայում ընդդիմության սևությունն ապացուցելու համար։  

Աղմուկը, ատելության խոսքը հասնում են գագաթնակետին։ Կարծում ենք՝ ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործի կդնի նախկինների զինանոցի զանազան սադրանքները, ոստիկաններն արդեն փայլում են իրենց հին և «բարի» պահվածքով։ 

2018թ․ անգաղափար «հեղափոխության» հիմնական թեմաներից մեկը 2008թ․մարտի մեկի հանցանքը բացահայտելն էր։ Երկրիս նորաթուխ վարչապետն էլ դրա շահառուներից մեկն էր։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին շատերն ուրախացել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ։ Հետո ինչ եղավ՝ նույնպես հիշում եք։ Նիկոլ Փաշինյանի կամոք անդամափոխված Սահմանադրական դատարանի որոշման հետևանքով ամբաստանյալը ոչ միայն ազատ արձակվեց, այլև նրա գործը փակվեց։

Ռոբերտ Քոչարյանը դարձավ համար 1 ընդդիմադիրը և խորհրդարանական ընտրություններում պատկառելի տոկոս հավաքելով՝ իր ուժը տեղավորեց ԱԺ-ում։ 

Բազմիցս ենք նշել, որ այսպիսի ընդդիմություն ունենալը չափազանց ձեռնտու էր հենց Փաշինյանին։ Բազմիցս ենք նկատել, որ այս երկուսի միջև մի անմեկնելի քիմիա կա։ 

Վառ օրինակ է ՀՀ ներկայիս վարչապետի պահվածքը։ Նա ամեն կերպ ուզում է ընդգծել սեփական անձի վճռականությունը։ Եվ բնավ կարևոր չէ, թե ինչ հարցում։ Թրենդը ոչմիթիզականությունն է, ուրեմն ինքը ամենաոչմիթիզականն է, պետք է հասարակությանը մոլորեցնել, ինքը խաղաղության մունետիկ է։ Մի խոսքով՝ աննախադեպ է։ Դե Ռոբերտ Քոչարյանն էլ միակտղամարդ էր։

Օրերս ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանն իր գրառման մեջ համեմատել էր «Պապլավոկի» հայտնի դեպքը, երբ Ռ․ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին, և ս․թ․ ապրիլի 26-ին վարչապետի կորտեժի ավտոմեքենաներից մեկի վրաերթը, երբ զոհվեց երիտասարդ հղի կինը։ Ճիշտ էր համեմատել։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը գրեթե նույնական է Քոչարյանի հետ։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև նա վաղուց արդեն թքած ունի հասարակական կարծիքի վրա։ Այս պնդման վկայություններն այնքան շատ են, որ չենք թվարկի։ Ուղղակի հիշե՛ք 44-օրյա պատերազմի զոհերի և ադրբեջանական բանտերում տառապող գերիների մասին նրա արտահայտությունները։ 

Նիկոլ Փաշինյանին հիմա, մանավանդ հիմա բնավ չի հուզում ոչ մեկիս կարծիքը, որովհետև գիտի՝ առայժմ պետք է դրսի ուժերին։ Ուստի եթե անհրաժեշտ լինի, նա կանի այն, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը 2008 թ․ մարտի մեկին, և հաշիվը կհավասարվի։ (Ի դեպ, 2008-ին Ռ․Քոչարյանն էլ լա՛վ գիտեր, որ դրսի ուժերը առանձնապես չեն հուզվի հայաստանյան իրադարձություններից)։

Կգնա՞ն քոչարյանականները իրավիճակն այս աստիճանի սրելու ճանապարհով, կտեսնենք։ Վտանգը շատ մեծ է։ Եվ եթե մտածենք դետեկտիվ ժանրի կանոններով, ապա Նիկոլ Փաշինյանին վերջնականապես ոչնչացնելու համար նրան «կստիպեն» արյուն թափել։ 

Իսկ թե ինչ կլինի քաղաքացիական արյունոտ բախման կամ բողոքավոր զանգվածի գնդակահարության հետևանքով, կարող ենք նկարագրել։ 

Հայաստանը կկորցնի պետություն լինելու բոլոր հնարավորությունները։ 

Ի դեպ, հատուկ մեր արևմտամետ նիկոլապաշտպանների համար ասենք՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է ստորագրելու Ռուսաստան-Բելառուս միության անդամ դառնալու համաձայնագիրը։ Սա՛ է լինելու նրա իշխանատենչության վերջը։

Զարուհի Գաբրիելյան

Հ․ Գ․ Հիշում եմ նաև «Էլեկտրիկ Երևան» ցույցերը։ Հիշում եմ, թե ինչպես էին որոշ մտավորականներ, դերասաններ և պատգամավորներ պատ կազմել ցուցարարների և ոստիկանների միջև։ Հիմա՝ իսկական վտանգի ժամին, մեր մտավորականները կա՛մ լուռ են, կա՛մ բախման պատրաստ ուժերից մեկի կողմնակից։ Ուշքի՛ եկեք։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ