...

Մեղավորության համախտանիշը

Մեղավորության համախտանիշը

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը խեղդվում է մեղավորության համախտանիշից։ Եվ սա բնորոշ է ոչ միայն իշխանություն-ընդդիմություն երկյակին, այլև ամբողջ հասարակությանը, հատկապես նրա մտածող հատվածին։

Իշխանությունը, որքան էլ մենք այն թեթևամիտ համարենք, շատ լավ գիտակցում է սեփական մեղքը և անում է ամեն ինչ դրանից ազատվելու համար։ Վերջին փորձը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն է, որի միջոցով Ն․ Փաշինյանը կձգտի ջրից չոր դուրս գալ։ 

Որոշ ինտելեկտուալներ վերջերս փորձում են հասարակական խոսույթը տանել փիլիսոփայական ընկալումների դաշտ՝ պնդելով, որ մեղքն ապացուցել հնարավոր չէ։ 

Սա էլ է տեսակետ։

Հնարավոր է նաև, որ 2020-ի պատերազմի և պարտության մեղավորները երբեք պատասխանատվության չենթարկվեն։ Սակայն նրանք արդեն կանգնած են պատմության դատաստանի առջև։ 

Ուստի մեղավորության համախտանիշը դնենք մի կողմ և անդրադառնանք չոր փաստերին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախությունը չի նստեցրել ամբաստանյալի աթոռին։ 

Ուրեմն 

1․ 1991-1994 թթ․ պատերազմում հայկական ուժերը հաղթեցին։

2․ 1991թ․ Հայաստանը հանրաքվեով վերականգնեց իր պետականությունը։

3․ Նախորդ դարի 90-ականներին դժվարին բազմաթիվ խնդիրներ ունենալով՝ երկրաշարժի հետևանքներ, էներգետիկ ճգնաժամ, տնտեսական հին կապերի օրինաչափ խզում, պատերազմ, երկիրը ոչ միայն հաղթեց, ոչ միայն պահպանեց անկախությունը, այլև դրեց պետական ինստիտուտների հիմքը։

4․ Ճիշտ է, 1997-ին արցախյան խնդիրը արժանապատիվ խաղաղության փուլ տեղափոխելու պատեհ առիթը կորցնելուց հետո, պետությունը հայտնվեց որոշակի լճացման փուլում։ 

5․ Ճիշտ է, անկախացումից անմիջապես հետո մենք չհայտնվեցինք Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի պես բարեկեցիկ երկրի կարգավիճակում։ Խոստովանենք՝ դա անհնար էր։ 

6․ Ճիշտ է, մեր փոքրիկ երկրում և՛ անարդարություն կար, և՛ տնտեսական դժվարություններ։

7․ Ճիշտ է, որ հենց այդ անարդարություններից ընդվզած ժողովուրդը 2018-ին իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, որին թվաց, թե դրա համար իրեն արդեն պարտք է ամբողջ աշխարհը կամ դրա ժողովրդավարական հատվածը։

8․ Եվ Նիկոլ Փաշինյանին թվաց, թե կարող է տապալել արցախյան բանակցությունները և աշխարհին պարտադրել իր կետը։

9․ 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածի մասին չենք խոսի, այս անգամ չենք հիշեցնի այն ահավոր դիլետանտիզմն ու անհեռատեսությունը, որ դրսևորեց ՀՀ իշխանությունը։

10․ 2020-ի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց հրադադարի համաձայնագիր։

2020- նոյեմբերի 9-ին պարզվեց, որ մենք ջախջախիչ պարտություն ենք կրել․

ա/ զոհվել են հազարավոր երիտասարդներ․

բ/ կորցրել ենք ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ից դուրս եղած 7 շրջանները, այլև Հադրութն ու Շուշին։

11․ 2020-ի պատերազմից հետո Հայաստանը միջազգային ասպարեզում կորցրել է թե՛ ինքնուրույնությունը, թե՛ արժեքը։ 

Կարճ ասած՝ 1994 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք անկախ Հայաստանը հաղթող էր, իսկ 2020-ին՝ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ պարտված։

Չոր փաստեր են։ Մի մասն էլ դեռ չենք ասում։ Կեղծել մի՛ փորձեք․ չի ստացվելու։

Հիմա ինչքան ուզում եք, կարող եք փիլիսոփայել մեղքի սահմանման կամ որոշման մասին։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ