...

Մեղսունակների անամոթափառությունը

Մեղսունակների անամոթափառությունը

Բացատրենք անամոթափառ (անամօթափառ) բառի իմաստը․ ըստ գրաբարի և Ստ․ Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի»՝ այն նշանակում է անամոթությունը փառք համարող, անամոթությամբ պարծեցող։ Հետաքրքիր է, որ վկայված է նաև ամոթափառ-ը (ամօթափառ)` անամոթափառ-ի հոմանիշը, որ նշանակում է ամոթը փառք համարող, ամոթով պարծեցող։

Համաձայնե՛ք՝ հին հայերենում գործածված այս բառը լիովին արտահայտում է արդի քաղաքական վերնախավի էությունը։

Անամոթությամբ պարծեցող մարդկանց մի խումբ կարողացել և կարողանում է զբաղեցնել հանրությանը, նենգափոխել ոչ միայն մեր պատմությունը, այլև ներկան։

Եվ դրան որոշակիորեն նպաստում են նաև այն վերլուծաբանները, լրագրողները, համացանցում, էկրաններից ամեն օր խոսող «դեմքերը»։ 

Նախ մենք (ես) ապաշխարենք, ապա անցնենք մյուսներին։ 

Հատկապես պատերազմից հետո գրված մեր հոդվածներում հաճախ հանդիպած կլինեք անմեղսունակ բնութագրին։ Հաճախ կարդացած կլինեք վերլուծություններ, որոնցում փորձում ենք գտնել Նիկոլ Փաշինյանի, նրան սպասարկողների գործողությունների պատճառը։ Օր․՝ միամտաբար կարծել ենք, թե ՀՀ գործող վարչապետն ուզում էր, օրինակ, հաղթել պատերազմում, դրա համար երկիրը գցեց փորձանքների հորձանուտը, կարծել ենք, որ անգիտությունն ու անմեղսունակությունն են պատճառը, որ չի հասկացել, թե ինչ է անում։ Սխալվել ենք։

Ո՛չ Նիկոլ Փաշինյանն է անմեղսունակ, ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ էլ նույնիսկ Ալեն Սիմոնյանը։ Ո՛չ։ Անմեղսունակ չեն, այսինքն՝ գիտակցել են՝ ինչ են արել, բայց անամոթաբար հայտարարել են՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Եվ իրենք իրենց պարտված չեն համարում։

Նրանք շատ լավ գիտակցում են, որ չունեն երկիր կառավարելու գիտելիքներ և հմտություն, բայց չեն հեռանում իշխանությունից։ Նրանք շատ լավ հասկանում են, որ հայկական բանակի քայքայումն իրենց մեղքն է, բայց ունեն բոլորովին այլ առաջնահերթություններ՝ իշխանություն և փող։ Եվ իրենց իշխանության հենարանը բնականաբար ոստիկանությունն է։ Իշխանության հենարանը նաև քաոսն է, որ ստեղծում են ամեն օր։ 

Սեփական երկրին հայտարարած ինֆորմացիոն պատերազմում ամեն օր «հաղթում են»՝ մարսելով հրեշավոր պարտությունը։ Պարծենում են իրենց ամոթով՝ Արցախի ողբերգական վիճակով՝ պնդելով, թե դեպի Եվրոպա են տանում երկիրը։ 

Ապացույցները բազում են։ Թարմ օրինակ բերենք։ Հայոց բանակի 31-ամյակի օրը Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, ներողություն էր խնդրում հունվարի 19-ի հրդեհում զոհված զինվորների հարազատներից։ Սակայն մեկ-երկու օր առաջ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրառման մեջ կրկնում էր իրենց մշակած պատումը՝ հայոց բանակում եղած հազարավոր դավաճանների մասին։ Ի՞նչ է սա, եթե ոչ իրենց գիտակցված դավաճանությունը կոծկելու միջոց։

Մեր վերլուծաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները ամեն օր արձագանքում են վարչապետի և նրա շրջապատի այս կամ այն սկանդալային հայտարարությանը՝ չմտածելով, որ իրականում հենց դա՛ է նրանց ուզածը։ Այնինչ քաղաքական և իրավական հարցերը շատ կոնկրետ են․

1․ Ինչո՞ւ երկիրը տարաք պատերազմի, ինչո՞ւ ջախջախեցիք բանակը։
2․ Պարտությունից հետո ինչո՞ւ նախ և առաջ չամրացրիք ՀՀ սահմանները, չզբաղվեցիք բանակի խնդիրներով։
3․ Ինչո՞ւ չեք հեռանում, եթե ինքներդ եք խոստովանում, որ տապալել եք երկրի անվտանգության ոլորտը։
4․ Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը խուսափում բանակցություններից և նոր պատերազմի հող նախապատրաստում։

Վերջ, ուրիշ խնդիր մենք չունենք։

ԴՆԹ, Եվրատեսիլ, նախկիններին պատժել, արևմտյան կամ արևելյան այս կամ այն պաշտոնյայի հետ երջանիկ ժպիտով նկարվել, ԱԺ կրկես կամ տարաձայնություններ ՔՊ-ում․ կներեք, բայց սրանք սոցցանցային բեսեդկայի ծամոն են, որ գցում են մեր բերանը։

Եզրակացնենք․ անամոթափառների այս խրախճանքը մե՛ր ամոթն է։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ