...

Մեր պապերի հայրենիքն ու նրանց տնկած դժբախտ-դժգույն ծառերը

Մեր պապերի հայրենիքն ու նրանց տնկած դժբախտ-դժգույն ծառերը

Նույն օրը նույն ժամին, երբ Արցախի պետնախարարը Երևան-Ստեփանակերտ հեռուստակամրջով ներկայացնում էր Արցախում տիրող ծանրագույն իրավիճակն ու անվտանգության և հումանիտար խնդիրները, Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստն էր վարում։ Բնականաբար՝ նաև Արցախին ու Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերին անդրադարձավ։ Ուղիղ 7 րոպե։ Հետո ուղիղ 14 րոպե քննարկում էին այն հարցը, որ անպայման պիտի կտրել «պապու տնկած ծառերը», եթե դրանք լավ բերք չեն տալիս, դրանցից հուշանվերներ սարքել, և այլն։ Տպավորությունն այնպիսին էր, թե Հայաստանի գերխնդիրն այսօր ծառերի բերքը ճյուղ առ ճյուղ հաշվելն է, իսկ Հայաստանի և Արցախի շուրջ առանձնապես ոչ մի նոր բան տեղի չի ունենում, Ալիևն էլի իր անհիմն պահանջներն է առաջ քաշում, Նիկոլն էլ «շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։ Մի խոսքով՝ «ոչինչ, Արցախի մեր 120 հազար հայրենակիցները մեզ կներեն, եթե մի քանի ամիս ավել մնան տոտալ շրջափակման մեջ»։ 

Իրականում Հայաստանի և Արցախի շուրջ «նոր բաներ» տեղի են ունենում։ Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանն ակնհայտորեն փոխում է մարտավարությունը։ Օրինակ՝ Ալիևը երկար ժամանակ հայտարարում էր, թե Հայաստանի զինված ուժերը պիտի դուրս բերվեն Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության այսօրվա նիստում իներցիայով հայտարարեց, թե «մեռանք ասելով»՝ Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա։ Իսկ ինչո՞ւ իներցիայով։ Որովհետև, եթե նկատել եք, Ալիևն արդեն չի խոսում Ղարաբաղից ՀՀ զինված ուժերի դուրսբերման մասին։ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե «հայ զինվորականները և ռազմականամերձ կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն»։

Հասկանալի է, չէ՞, որ «զորքերի դուրսբերումն» ու «տեղերում զինաթափվելը» միանգամայն տարբեր բաներ են՝ տարբեր հետևանքներով, այսինքն՝ Ադրբեջանի մարտավարական ծրագրերը փոխվել են։ Եթե ընդամենը մի քանի ամիս կամ մի տարի առաջ նրանք ուրախ կլինեին առանց ռազմական բախումների հայաթափել Արցախը և դա կհամարեին մեծ հաղթանակ, հիմա անգամ դա են փորձում ներկայացնել որպես «զիջում» ու «բարի կամքի դրսևորում» և դրա դիմաց Հայաստանից լրացուցիչ զիջումներ են պահանջում։ Պարզ ասած, «եթե ուզում եք, որ Ղարաբաղի հայերին ոչ թե կոտորենք, այլ թողնենք հանգիստ արտագաղթեն՝ Զանգեզուրի միջանցքը տվեք»։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղության դարաշրջանը» և դրա դիմաց մեզանից պահանջվող գինը, որի «առաջին տրանշը»՝ Արցախից հրաժարվելու տեսքով, Հայաստանի իշխանությունները կարծես թե արդեն վճարել են։ 

Իսկ «Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա» փաստարկը գործնականում միայն մի բան է նշանակում․ «այնտեղ տեղական ինքնապաշտպանական ուժերն են, դուք ձեզ ագրեսիվ եք պահում՝ իրենք էլ չեն ուզում զինաթափվել, բայց դա արդեն մեր գործը չի, գնացեք ոնց ուզում եք՝ կարգավորեք հարաբերությունները ձեր քաղաքացիների հետ, մեզանից հասնում է միջազգային կառույցներում աղմուկ բարձրացնել՝ կբարձրացնենք»։ Ուշադրություն դարձրեք՝ «աղմուկ բարձրացնելու» համար ոչ առանձնապես մեծ խելք է պետք, ոչ էլ անկախ պետականություն․ դա կարող է անել ցանկացած ոչ պետական կառույց՝ ավելի կամ պակաս արդյունավետությամբ, իսկ պետության գործառույթն այն է, որ թույլ չտա՝ բանը հասնի աշխարհով մեկ տագնապ հնչեցնելուն։

Բայց մեր պետության «գործառույթը» կարծես թե այլ է՝ պետական քարոզչամիջոցներով տարածել այն «գաղափարը», թե «Ղարաբաղին հասնում ա, ՊԲ-ն առանձին ուղղահայաց բուրգ էր կառուցել, Հայաստանին բանի տեղ չէին դնում, իրենց վարորդներին էին հրամանատարներ նշանակում», և այլն։

Բայց մենք «պապու տնկած ծառերը կտրելու» ռազմավարական ծրագիրը թողած՝ էս ի՞նչ մանր-մունր բաների մասին ենք խոսում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ