...

Մեզ չլսեցին․ իսկ մենք լսեցի՞նք

Մեզ չլսեցին․ իսկ մենք լսեցի՞նք

«Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչո՞ւ։ Հարցն այստեղ աշխարհքաղաքականությո՞ւնն էր, թե՞ արժեքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատճառը աշխարհքաղաքականությունն էր, նույնիսկ այդ դեպքում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։ Ես սա թողնում եմ, որպես բաց հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է որևէ պետություն, որևէ կառավարություն, վտարել որևէ բնակչության իր հայրենի քաղաքից ու գյուղից, եվրոպական ո՞ր պետությունը կարող է նման բան անել առանց եվրոպական արձագանքին արժանանալու։ Ո՛չ մեկը։ Բայց ինչո՞ւ սա հնարավոր եղավ Լեռնային Ղարաբաղում։ Սա մեկ այլ հարց է, որը ես թողնում եմ բաց ու առաջարկում մտածել դրա շուրջ»,- հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովի ժամանակ։ 

Չէ, համառորեն չեն հասկանում, որ միջազգային հանրությունից աջակցություն ստանալու համար այդ նույն միջազգային հանրության հետ պետք է խոսել նույն լեզվով, պետք է հասկանալի ու ընկալելի լինել աշխարհի համար։ Միջազգային հանրությունն ասում էր՝ եկեք, լուծում ենք գտել, իսկ իշխանությունն ասում էր՝ դավայ-դավայ, մենք մեր սեփական՝ զրո կետից ենք սկսում բանակցությունները։ Ասում էր՝ ինչի շուրջ գլուխ եք ջարդել տասնամյակներով՝ ճղեք թափեք, հիմա մենք ենք ասելու` որը որից հետո է, որովհետև լեգիտիմ ենք, ընտրված ենք, հեղափոխական ենք։ Աշխարհն էլ նայում ու ծիծաղում էր, հետո ծիծաղը դառնացավ ու սկսեցին զգուշացնել, որ լավ չի լինելու։ Դրան հետևեց մերոնց պատասխանը, թե հեսա նոր տարածքներ ենք գրավելու, ձեզ էլ նոր «աշխատատեղեր» կապահովենք։ Չէին հասկանում: Պատերազմից հետո՝ բոլորովին վերջերս Փաշինյանը խոստովանեց, որ պետք է «Հայաստանը և Հայաստանի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել աշխարհին, և աշխարհն ու աշխարհի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել Հայաստանին»: Բայց դե ասաց, անցավ առաջ։ Իսկ Արման Եղոյանն ու նրա նման շատերը դեռ շարունակում են մուննաթ գալ աշխարհի վրա, թե մեզ չփրկեցին, խանդել, որ ուկրաինական դեպքերին ակտիվ արձագանքում են, իսկ մեր դեպքում լռում էին։ Համառորեն չեն հասկանում, որ Արցախի և Ուկրաինայի պատերազմներն իրենց փիլիսոփայությամբ ու մասշտաբայնությամբ բացարձակ տարբեր բաներ են։ Արցախի պատերազմով՝ անկախ ելքից, աշխարհը չէր փոխվելու, իսկ ռուս-ուկրաինականը փոխելու է աշխարհը, այդ տարածքներից հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող մարդկանց կյանքն է փոխվելու, հնարավոր է նոր աշխարհ ու աշխարհակարգ է գծվելու, իսկ մենք դեռ մի մութ անկյունում նստել, հոնքերներս կիտել ու լաց ենք լինում։ Սրտնեղում ենք՝ մեզ չլսեցին, մեզ չհասկացան, մեզ չօգնեցին։ Իսկ մենք մեր հասկացողներին լսեցի՞նք, գոնե հիմա ընկալեցի՞նք, թե նրանք ինչից էին փորձում մեզ փրկել, թե՞ նախընտրեցինք միջին վիճակագրական հայի պատկերով ու IQ-ով իշխանություն ունենալ։ Այնպես որ, պետք չէ նեղսրտել, պետք է փորձել հասկանալ։ Հենց հասկացանք՝ էլ չենք բղավի։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ