...

Մի մանդատի ծերանաք

Մի մանդատի ծերանաք

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը MediaHub.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկին. «Ոչինչ տեղի չի ունեցել, զարմանալի է, որ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները չեն միանում այս նախաձեռնությանը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ պատասխանել է. «Կներեք, իհարկե, բայց եթե առաջնորդվենք Էդգար Ղազարյանի տրամաբանությամբ, երբ գնացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն իբր ընդունելու, եթե չեմ սխալվում՝ օգոստոսի 23-ին 20։00-21։00 հատվածում, այ հենց այդ ժամանակ, երբ իրեն անգամ ներս չթողեցին, չեղավ հրաժարական ու դռների մոտ Էդգար Ղազարյանը չսպառնաց ինքնահրկիզմամբ: Ստացվում է՝ չապացուցեց հակառակը, որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր չի լցնում։ Այնպես որ ճիշտ կլինի Էդգարը ակցիային հետևած հանրությանը բացատրություն տա, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ, չէ՞ որ այդ օրը դեռ պետք է հրաժարական ներկայացրած լիներ իրեն, իսկ այսօր Ռուսաստանի նախագահի հետ բանակցեր այլ վարչապետ»:

ՉԻ.- Հայաստանում հիմա երեք ընդդիմություն կա, չորս երգ են երգում: Ներքաղաքական գզվռտոց լսել էինք, ներիշխանական՝ նույնպես, իշխանություն-ընդդիմություն պայքար տեսել էինք, հիմա սկսվել է ներընդդիմադիր գզվռտոցը: Հիմա կռվում են Հայաստանի միակ ու գերագույն ընդդիմության կարգավիճակի համար: 

Ամենահետաքրքիրն այն է, որ երկուսն էլ ճիշտ են. Էդգար Ղազարյանն ու Ագնեսա Խամոյանը: Պարզապես Ագնեսա Խամոյանը մի բան էլ պետք է ասեր. որ իրենց նախաձեռնած այդ «Դիմադրություն» շարժում կոչվածի ժամանակ, իրենց առաջնորդ Իշխան Սաղաթելյանը մի տասն անգամ ասած կլիներ, որ էսինչ օրը Նիկոլը գնալու է, որ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ այլևս չկա, որ էսինչ օրը իշխանությունը վերցնելու են: Հիմա Էդգար Ղազարյանը որոշել է ձեզանից ետ չմնալ: Ի՞նչ է եղել. մի հատ ավել, մի հատ՝ պակաս: Ժամ ու օր է, էլի, նշանակում ես, կպավ՝ կպավ, չկպավ՝ չկպավ:

Ասում էինք, չէ՞, որ շուտով իրար են սկսելու ուտել: Նիկոլը կարող է ոտը ոտին գցած, Պուտինին ընդունել էլ, ճամփու էլ դնել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ