...

Մի մեդալն ի՞նչ էր, որ ԵԿՄ-ն Նիկոլին չտվեց

Մի մեդալն ի՞նչ էր, որ ԵԿՄ-ն Նիկոլին չտվեց

Այնպես ստացվեց, որ ԵԿՄ ստեղծման 30-րդ տարեդարձի օրը Հայաստանը նշում էր Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, երկրապահներն էլ (այսինքն՝ երկիր պահողները) Օպերայի դահլիճում շունչները պահած լսեցին երկիրը հանձնողի ելույթն ու վերջում ծափ տվեցին։ Նույնիսկ էական էլ չէ՝ ծափ տալուց առաջ գոնե հասկացա՞ն, թե ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե՞ հենց այնպես, իներցիայով ծափ տվեցին՝ փոխհատուցելով նրա հետ նույն դահլիճում գտնվելու «բարձր պատվին» արժանացած լինելու գինը։

Իսկ բովանդակային առումով այդ ելույթը լիակատար խայտառակություն էր, թեև առաջին հայացքից կարող էր թվալ, թե հերթական «աջաբսանդալն» էր՝ իրար հետ կապ չունեցող խառնիխուռն մտքեր, ոչինչ չասող բառակույտ, անիմաստ խոհափիլիսոփայական «կռուտիտներ» և այլն։ Մարդը, դահլիճում հավաքվածներին դուր գալու բնազդով, ենթագիտակցորեն ինքն իրեն նույնացնում էր Վազգեն Սարգսյանի հետ (մոտավորապես՝ երկուսս էլ թրաշ ենք պահել, երկուսս էլ խորհրդային բանակում չենք ծառայել, ես էլ հիմա իր կաբինետում եմ նստում և այլն), բայց միաժամանակ, բնավորության համաձայն, չէր կարող հանդուրժել, որ որևէ դահլիճում իրենից բացի որևէ մեկին մեծարեն, ու բառիս բուն իմաստով «ցեխը կոխեց» Վազգեն Սարգսյանին։ 

Ինչպե՞ս։ Հայտարարեց, որ «Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև․․․ վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, որովհետև մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունն ու Հայրենիքն ընկալվում են նույն կերպ, ու մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները»։ Հասկացա՞ք։ Այսինքն՝ քանի որ մեր պետությունը 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանի Հանրապետությունն է, մեր հայրենիքն էլ պիտի նույնը լինի, ու այդ 29,8 հազար քկմ-ից դուրս (պարզ ասած՝ Արցախում) մենք հայրենիք չունենք։ Եվ, ուշադրություն, Վազգեն Սարգսյանը «վերջնական որոշում էր կայացրել» գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ պաշտոնապես հրաժարվել Արցախից։ Մենք չենք ասում, Նիկոլ Փաշինյանն է ասում, երդվյալ «վազգենականներն» էլ լսում ու ծափահարում են։ 

Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե Վազգենին միայն Արցախին դավաճանելու որոշման մեջ մեղադրեր։ Նաև հեղաշրջման մեջ մեղադրեց։ Նրան համեմատեց հրթիռի առաջին աստիճանի հետ, որը որոշակի բարձրության վրա պիտի պոկվի, որովհետև եթե չպոկվեց՝ հետո հռթիռը վայր կընկնի։ «Վազգեն Սարգսյանը մեր առաջին աստիճանի հրթիռն էր, բայց որը նույնիսկ այն կետում չթողեց, որովհետև, իհարկե, ժողովրդավարական երկրում ոչ մեկ հավերժ չէր կառավարելու»։ Թարգմանելու կարիք կա՞։ Նիկոլը բաց տեքստով ասում է՝ ֆիդայականության ժամանակներն անցել էին, Վազգենի ժամանակն անցել էր, նա պիտի «պոկվեր» պետականության «հրթիռից, որպեսզի պետությունն անարգել առաջ շարժվեր, բայց նա «այդ կետում չթողեց», չպոկվեց ու շտապեց հեղաշրջում իրականացնել, թեև «ժողովրդավարական երկրում ոչ մեկ հավերժ չէր կառավարելու»։ Իսկ արդյունքը եղավ այն, որ Հայաստանը, «չպոկված աստիճանով հրթիռի» նման, ինչ-որ կետում կանգ առավ և վայր ընկավ։ 

Ահա այդպես։ Նիկոլ Փաշինյանը, Արցախը կործանման շեմին ու Հայաստանն անդունդի եզրին հասցնելուց հետո, հերթական անգամ ժողովրդին անուղղակիորեն վախկոտ անվանելուց հետո (իբր՝ 3 միլիոնանոց երկրում 500 մահապարտ գտնելու խնդիր կար) երկրապահների առջև ելույթ ունեցավ ու Վազգեն Սարգսյանին փաստացի մեղադրեց ծանրագույն հանցանքների մեջ։ Խնդիրը նույնիսկ այն չէ՝ արդարացի՞ էին այդ մեղադրանքները, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ Վազգեն Սարգսյանի անունով երդվողները լսում ու ծափահարում էին։ 

Հ․ Գ․ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանը կոչ արեց 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել։ Հաջորդ օրը ժամը 11-ի կողմերը, երբ 3 ընկերներով գնացինք կամավորագրվելու, մեզ ասացին, որ ուշացել ենք, արդեն հազարից ավելի մարդ է կամավորագրվել, մեր կարիքը չկա, անհրաժեշտության դեպքում՝ մեզ հետ կկապվեն։ Այդպես էլ չկապվեցին, որովհետև որոշ ժամանակ անց արդեն պետության ստեղծած կանոնավոր բանակն էր կռվում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ