...

Մի խաբեք, քանի Նիկոլը կա՝ ամեն ինչ էլ «քննարկման ենթակա է»

Մի խաբեք, քանի Նիկոլը կա՝ ամեն ինչ էլ «քննարկման ենթակա է»

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Ալիևի այն պահանջին, ըստ որի՝ «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի», ու հայտարարել, թե «այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ»։ 

Արթուր Հովհաննիսյանին երևի թվացել է, թե ինչ-որ ահավոր «դուխով» բան է ասում՝ հայտարարելով, թե այդ թեման քննարկման ենթակա չէ։ Ներողություն, բայց դա նույնն է, թե վեճի ընթացքում դիմացինդ քեզ (հեռու տնից-տեղից) անվանի, մեղմ ասած, «անբարոյականի զավակ», իսկ դու հպարտ կեցվածքով ասես «մորս բարոյական նկարագիրը, բնականաբար, քննարկման ենթակա չէ»։ Այսինքն՝ ուրիշ ասելու բան չկա՞։

Կոնկրետ «Խոջալուի ցեղասպանության» հարցով Հայաստանի իշխանություններն ուրիշ ասելիք չունե՞ն։ Չե՞ն կարող, օրինակ, մատնանշել Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որտեղ նա այդ իրադարձությունների համար ուղղակիորեն մեղադրում է Ադրբեջանի Ժողճակատին, չե՞ն կարող ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դրա հետ ընդհանրապես կապ չունի, Ադրբեջանն այդ ընթացքում պատերազմի մեջ էր ԼՂՀ-ի հետ, ընդ որում՝ երկու տարի անց պաշտոնապես ընդունել է այդ փաստը։ Չե՞ն կարող հիշեցնել, որ այդ իրադարձությունների ժամանակ խորհրդային բանակի հատուկ ծառայությունները դեռ այնտեղ էին, ու մեղմ ասած՝ հայտնի չէ, թե ինչով էին զբաղված։ Ի վերջո՝ չե՞ն կարող պահանջել, որ նախ Ադրբեջա՛նը քաղաքական գնահատական տա Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում հայերի զանգվածային ոչնչացման փաստերին։

Բայց դրա փոխարեն՝ «այդ հարցը քննարկման ենթակա չէ»։ Իսկ ձեզ ո՞վ է հարցնում՝ քննարկման ենթակա՞ է, թե՞ ոչ։ Ալիևը հերթական անգամ կասի «քննարկեք, թե չէ հարձակվում եմ», Նիկոլն էլ «ուղերձով հանդես կգա» ու կասի «բա գիտե՞ք, մեր ինքնության, ինքնաճանաչման, ինքնիշխանության․․․ Պապ թագավոր․․․ Ամիրդովլաթ Ամասիացի․․․ Ժնևի կոնվենցիա․․․ Խոջալուի ցեղասպանության ճանաչման միջով է անցնում դեպի անկախություն տանող մեր վսեմ ճանապարհը, ու դա հեչ կապ չունի Ալիևի պահանջի հետ, որովհետև մենք այսպես թե այնպես նախատեսել էինք դա, իսկ Խոջալուի ցեղասպանությունը մենք դեռևս Ալմաթիի հռչակագրով ենք ճանաչել․․․ չեք հավատում՝ Մխիթարյան միաբանության 19-դ դարի ձեռագրերը նայեք․․․ ու ինչպե՞ս կարող է մարդն առանց ինքնահաշտվելու երջանիկ լինել ու ծաղկավոր շորտիկներով սուրճ խմել սեփական պատշգամբում․․․»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   4183 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ