Եվ այնուամենայնիվ՝ ինչո՞ւ Արթուր Հովհաննիսյան անուն-ազգանունով ՔՊ-ական առանձնյակը որոշեց տեսախցիկների առջև նման լկտիություն դրսևորել։ Միայն թե չասեք՝ «դե հիմա մարդ է, վիրավորվել էր ընդդիմադիր պատգամավորուհու խոսքերից»։ Ոչ, մարդու այդ տեսակը չի վիրավորվում։ Վիրավորվող էր՝ թող այն ժամանակ վիրավորվեր, երբ, օրինակ, Վահագն Ալեքսանյանը ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին, հետևաբար՝ նաև իրեն, «ուսապարկ» անվանեց, ու թող այն ժամանակ կանգներ-ասեր «ուսապարկը դո՛ւ ես»։ Բայց այն ժամանակ վիրավորվելը ձեռնտու չէր կամ «մեջը քյար չկար», իսկ հիմա՝ կա։ Ինչո՞ւ։
Որովհետև առջևում ընտրություններ են, Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց «ուսապարկերի» նոր ցուցակ է ձևավորում, և այդ ցուցակում տեղը պահպանելու համար պետք է համապատասխանել տիրոջ ճաշակին կամ չափորոշիչներին։ Պարզ է, չէ՞, որ եթե Նիկոլի համար գլխավոր չափորոշիչը լիներ, ասենք, ինտելեկտը՝ ՔՊ-ականները կփորձեին տեսախցիկների առջև ինտելեկտուալ երևալ, եթե չափորոշիչը լիներ լավ մարզավիճակը՝ «ուսապարկերն» ամիսներով դուրս չէին գա ֆիթնես-սրահներից, բայց քանի որ հիմնական չափորոշիչը կատարյալ ցինիզմն ու բարոյական որևէ արգելակ չունենալն է՝ թեկնածուները հենց դա էլ ցուցադրում են։ Այդպես է, եթե որևէ մեկը ցանկանում է աշխատանքի տեղավորվել հասարակաց տանը՝ պիտի ոչ թե իր կարդացածությունը կամ խոհարարական հմտությունները ցուցադրի, այլ բոլորովին ուրիշ որակներ, ընդ որում՝ պատրաստ լինի դա անել հրապարակավ և անկաշկանդ։ Ըստ էության հենց դա էլ արեց ՔՊ-ական առանձնյակը, ու հիմա երևի իրենից չափազանց գոհ է, որովհետև համարում է, որ «քասթինգի» առաջին փուլը հաջողությամբ հաղթահարել և մրցակիցներից ահագին առաջ է անցել։
Այսպիսով՝ բուն խնդիրը ոչ թե առանձին «ուսապարկերի» մարդկային տեսակն է, այլ նրանց տիրոջ սահմանած չափորոշիչները։ Թե չէ՝ կոնկրետ այդ առանձնյակն ո՞ւմ է հետաքրքրում, իշխանափոխությունից հետո սուսուփուս կծլկի երկրից, կամ էլ մի երկու անգամ «դալաններում կծեծեն» ու կմոռանան նրա մասին։ Իսկ ահա նրա տիրոջ սահմանած չափորոշիչները կարևոր են և հստակ տրամաբանություն ունեն։
Ի վերջո ո՞րն է Ազգային ժողովի իմաստը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։ Եթե այդ կառույցի միակ ֆունկցիան լիներ կառավարության բերած նախագծերը հաստատելը՝ «ուսապարկերի» համար միայն աջ ձեռքի ցուցամատի առկայությունը բավարար կլիներ, բայց քանի որ խորհրդարանի հիմնական ֆունկցիաներից մեկն էլ քաղաքական շոուներ ապահովելն է՝ անհրաժեշտ են ևս երկու ատրիբուտներ։ Լեզվի առկայություն՝ տեսախցիկների առջև ավել-պակաս դուրս տալու համար, և բարոյական արգելակների բացակայություն՝ որպեսզի այդ դուրս տվածն առավելագույնս «ափռ-ցփռ» լինի, իսկ շոուն՝ առավելագույնս դիտարժան։
Նույնը, ցավոք, վերաբերում է նաև խորհրդարանական ընդդիմությանը, որովհետև մեծ հաշվով՝ նրանց ցուցակներն է՛լ են կազմվում այդ տրամաբանությամբ․ այն է՝ թեկնածուները պիտի անվերապահորեն հավատարիմ լինեն խմբակցության տիրոջը, կարողանան դիտարժան շոուներ կազմակերպել, պիտի հմուտ լինեն լեզվակռվում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնամարտում, որպեսզի այդ ամենի շնորհիվ դուր գան ժողովրդին (տեսա՞ք ոնց դրանց սաղի պորտը տեղը դրեց) ու ապահովեն տվյալ ուժի ներկայությունը նաև հաջորդ խորհրդարանում։
Իսկ «չափորոշիչները» կարող է փոխել միայն հասարակությունը՝ իր ընտրությամբ։ Վերջին հաշվով՝ այսօրվա խորհրդարանը ձևավորվել է այն ընտրությունների արդյունքում, որտեղ հասարակության ավելի քան 80 տոկոսն իր ձայնը տվել էր այն երեք ուժերին, որոնցից մեկի տերը խոսում էր «շինելու» մասին, մյուսը հայտնի էր կլիզմայի մասին անեկդոտներով, երրորդն էլ ասում էր «ինչքան պետք ա՝ էնքան կխփենք»։ Ուրիշ ի՞նչ էիք ակնկալում այս խորհրդարանից։
Մարկ Նշանյան