...

«Միակների» սինդրոմը

«Միակների» սինդրոմը

«Ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» արտահայտությունը կարծես ստեղծված լինի հատուկ Սերժ Սարգսյանի (նաև Ռոբերտ Քոչարյանի) համար և մեծ ճշգրտությամբ ու ամբողջապես բնութագրում է նրանց քաղաքական գործունեության հիմնական փուլերը։ Այս արտահայտությունն այդ երկուսի համար դարձել է յուրօրինակ քաղաքական կրեդո։

Երեկ, իր դատավարության մեկնարկին, Սերժ Սարգսյանը վերը նշված արտահայտության ու իր միջև եղած օրգանական կապի հերթական օրինակը տվեց։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ դիմելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, որ անբարենպաստ եղանակին եկել են իրեն աջակցելու, որից հետո արեց իր քաղաքական կրեդոյին համապատասխանող հայտարարություն. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»:

Մարդուն մեղադրում են կոռուպցիայի մեջ (ի դեպ, սա ամենաանմեղ ու չնչին մեղադրանքն է Սերժ Սարգսյանի համար), իսկ նա ասում է՝ Լեռնային Ղարաբաղի անկախություն, Հայաստանի անվտանգություն։ Այսինքն, խոսում են խնձորից, նա ասում է՝ տանձ։

Իր իշխանավարման տարիներին էլ էր Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը երկրում կատարվող ամեն ինչը թաքցնում Արցախի ու պետության անվտանգության հետևում, իրենք էլ պատսպարվում դրանց տակ. թալանը, կեղծված ընտրությունները, մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելն ու ապօրինի բանտարկելը և էլի բազում անօրինություններ։ 

Կեղծված ընտրությունների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ասում էին՝ չի կարելի հանրահավաքներ ու ցույցեր անել, քանի որ ունենք Արցախի հարց ու անվտանգության խնդիր։ Իսկ իրենք շարունակոմ էին կեղծել ու թալանել՝ այդպիսով թուլացնելով պետությունը և ուղղակիորեն սպառնալով թե Արցախի հարցին, թե երկրի անվտանգությանը։

Քոչարյան-Սարգսյան զույգը Հայաստանի բռնազավթումը սկսեցին հենց Արցախի հարցը շահարկելով՝ կազմակերպելով ու իրականացնելով 1998 թվականի պետական հեղաշրջումը։ Խոստանում էին հայկական շահի դիրքերից լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Չլուծեցին։ Ընդհակառակը՝ Քոչարյանը համաձայնել էր Ադրբեջանի հետ ընդհանուր պետության ծրագրին, Սերժ Սարգսյանն էլ Լավրովյան պլանին, որը ենթադրում էր ազատագրված տարածքների հանձնում անորոշ կարգավիճակի դիմաց։ Այդ երկու ծրագրերն էլ բնավ հակամարտության հայանպաստ լուծում չէին լինի։

Սերժ Սարգսյանն իր տասնամյա պաշտոնավարման շրջանում Արցախի խնդրից բացի շահարկել է Հայաստանի անվտանգության հարցը՝ մանկամտորեն իրեն համարելով միակ մարդը, որը կարող է ապահովել դա։ Իր կուսակիցներն էլ կոմսոմոլական կեցվածքով կրկնում էին պետության ու ժողովրդի արժանապատվությունը վիրավորող այդ հիմարագույն միտքը։

Սերժ Սարգսյանի՝ իր խոստումը դրժելու ու պաշտոնավարման երրորդ ժամկետին գնալու գործողությունը ևս հանրապետականները պայմանավորում էին երկրի անվտանգությունը ապահովող «միակ մարդու» վտանգավոր ու ապապետական գաղափարով։ Հիշեցնում է Քոչարյանի «երկրի միակ տղամարդու» տղայական կեցվածքը։ 

Հետո տեսանք, թե ժողովուրդը ինչպես պատասխանեց այդ «միակների» սանձարձակությանը։ Այդ «միակներն» այսօր կանգնած են դատարանի առաջ։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1978 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ