...

Միտ(ք)+ավոր+ական․ արմատը միտ(ք)-ն է, ոչ թե -ական-ը

Միտ(ք)+ավոր+ական․ արմատը միտ(ք)-ն է, ոչ թե -ական-ը

Հայաստանի առաջին նախագահը ստիպեց, որ կարդամ 80 մտավորականների կոչը։ Մեկ անգամ ևս համոզվեցի՝ մեր մտավորականությունը մտածելու հետ խնդիր ունի։ Բերեմ միայն մեկ օրինակ այդ «փաստաթղթից» և ապացուցեմ կարծիքս։ Ահա․

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար»: 

Ուշադրությո՛ւն․ սույն կոչը հրապարակել են 2022 թ․ մարտի 2-ին։ Ուշադրությո՛ւն․ Ուկրաինայում պատերազմ է, և Մինսկի խմբի եռանախագահները բարիկադի տարբեր կողմերում են։ Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն։ Գուցե ՄԱԿ-ն է, ԵԱՀԿ-ն կամ Չինաստանը։ Չգիտեմ։ Այսինքն՝ մեր մտավորականները տեղյակ չեն, թե հիմա ինչ է կատարվում աշխարհում։ Ինչպես միշտ, նրանց խնդրել են ինչ-որ բան գրել կամ գրել-տվել են ձեռքները, որ ստորագրեն։ Դե, անշառ բան է, իրենք էլ ստորագրել են։ «Միջազգային հանրությունը» մեր մտավորականների կոչումներին և պաշտոններին վայիս չի լինի։ Բայց իրենք դարձյալ հայրենասերի կեցվածք ընդունելու հնարավորություն կստանան։

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ պետք է անեին Հայաստանի մտավորականները, եթե լինեին։ 

Այս օրհասական պահին նրանք օրուարև չպետք է տային իշխանությանը՝ բարձրացնելով հետևյալ խնդիրները․

1․ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովում։ Այսինքն՝ ամեն օր, ամեն ժամ պետք է հիշեցնեին իշխանավորներին և հանրությանը, որ անհրաժեշտ է ամրապնդել մեր սահմանները։ Մտավորականները բացառիկ հոգածությամբ պետք է վերաբերվեին բանակին, մեր սահմանները պաշտպանող 18-20 տարեկան պատանիներին։

Նրանցից քանի՞սն է արտահայտվել սրա մասին, քանի՞սն է մտավորականին վայել խոսքով սաստել իշխանությանը՝ պարտության մեղքը էժան փիառով գերիների կամ բանակում իբր բացահայտված «դավաճանների» վրա գցելու փորձերի համար։ 

Հասկանո՞ւմ են մեր մտավորականները, որ պատերազմն ավարտված չէ։

2․ Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգություն։ Մտածո՞ւմ են մեր տիտղոսակիր մտավորականները դրա մասին՝  մանավանդ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների «լույսի ներքո»։ Չի երևում։

Իսկ եթե իսկապես Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և թուրքական կապիտալը մտնի Հայաստան, ի՞նչ ենք անելու։ Մի՞թե սա տնտեսական անվտանգության խնդիր չէ։

Մի՞թե պարենային անվտանգությունը կարևոր խնդիր չէ, ինչո՞ւ սրա մասին չի խոսում մտավորականությունը։

3․ Հայաստանի Հանրապետության իշխանություն։ 

Պատերազմից հետո մտավորական որոշ կառույցներ իշխանության հրաժարականի հարց բարձրացրին։ Հետո լռեցին։ Ասե՞մ՝ ինչու։ Որովհետև մինչև 2021-ի խորհրդարանական ընտրությունները հույս ունեին, որ Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը կվերցնի իշխանությունը։ Բայց չեղավ։ Եվ հիմա հպատակվում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Հուսով եմ՝ հասկանում եք, թե ինչու։ Հիմա նրանց չի հուզում իշխանության որակը, հիմա նրանք հանգիստ մարսում են ՔՊ-ական իշխանության անիշխանությունը, խուլիգանական պահվածքն ԱԺ-ում։ Ոչինչ, դիմանում են, քանի դեռ անձամբ իրենց օրվա հացին չեն դիպել։ Իսկ որ այս իշխանության դիլետանտիզմի պատճառով կարող ենք երկիր կորցնել, նրանց չի հուզում։ Թեպետ ինչպե՞ս կարող են դիլետանտիզմի վտանգը նկատել մարդիկ, որոնց գրած կոչը հենց այս արատի աղաղակող օրինակներից է։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4505 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ