...

Մտավորականները և քաղաքական միտքը

Մտավորականները և քաղաքական միտքը

Ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահն ուշադրության արժանացնում մտավորականների զանազան ուղերձները, հայտարարությունները կամ բաց նամակները։ Անշուշտ, մտածել եք։ Եվ իհարկե, հասկացել եք, որ Հայաստանի պես փոքրիկ երկիրը բոլորիս հոգածության կարիքն ունի, առավել ևս՝ մտավորականների։

Եթե իրենց մտավորական համարող մարդիկ մտածեին ոչ թե 19-րդ դարի քաղաքական կաղապարներով, այլ վերջապես հասկացած լինեին, որ մենք անկախ պետություն ունենք, գուցե փոխեին թե՛ իրենց կարծրացած կարծիքները, թե՛ տեքստերը։ Սակայն 90-ականների սկզբին հենց նրանք ոչ մի կերպ «չէին հասկանում», որ խորհրդային դոտացիաներն այլևս չկան, որովհետև չկա Խորհրդային Միությունը։ Նրա՛նք «չէին հասկանում», որ երկիրը ծանր, երկարատև պատերազմի մեջ է, և չի կարելի քաղքենիական նվնվոցով լցնել մամուլի էջերը, դահլիճները, լսարաններն ու դասարանները, եթե նույնիսկ չես սիրում ՀՀ նախագահին։ 

Մեր մտավորականները կարող էին Հայաստանում մտածողություն փոխել, եթե դուրս գային իրենց համար այդքան սովորական դարձած հայդատականության շրջանակից և գերադասեին պետական շահը։ Չկարողացան, չուզեցան։ Եվ, անկեղծ ասած, չէին էլ կարող, որովհետև շատերը մնացել էին «գյոզալ երկիրը կործանեցին» մտայնության գերին։ «Գյոզալ երկիրը», ինչպես արդեն հասկացաք, ԽՍՀՄ-ն էր։ Ասվածը լուսաբանելու համար մի մեջբերում անենք գիտական հոդվածից․

«Խորհրդային Միության գոյության տարիներին մտավորականությունն աչքի էր ընկնում սոցիալական միանգամայն առանձնահատուկ կացությամբ: Այդ առանձնահատկությունը նախ` կայանում էր նրանում, որ մտավորականությունը ձևավորվում էր հասարակության յուրաքանչյուր շերտերի ներկայացուցիչներից և այս առումով չկար որևէ սահմանազատում: Երկրորդ` մտավորականությունը համակարգի ամենահարգված խավն էր, և նա երևում էր ոչ միայն գիտական կամ մշակութային բնագավառներում, այլ նաև կառավարման համակարգում: Երրորդ` մտավորականութjունն ուներ այն հստակ ըմբռնումը, որ ինքը պետական հոգածության առարկա է, քանզի խորհրդային պետությունը կարևորում էր գիտության և մշակույթի դերը որպես երկրի պաշտպանունակության ամրապնդման և առաջընթացի կարևոր նախապայման: Չորրորդ` մտավորականի աշխատանքի արդյունքը նյութապես երաշխավորված էր: Հինգերորդ՝ մտավորականի գործունեությունը տարեկան կամ հնգամյա կտրվածքով պլանավորվում էր»: 

Սա գրվել է 2016 թվականին։ Կարծում ենք՝ մեկնաբանելու կարիք չկա, այնքան ակնհայտ է խորհրդային կարոտախտը։ Նշենք միայն, որ հոդվածագիրն անտեսում է մտավորականների դեմ կազմակերպված քաղաքական հալածանքները, մտքի անազատությունը։

Մի փաստ էլ կա։ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը բազմաթիվ մտավորականների համար ցլամարտիկի ձեռքի կարմիր կտորի դերն է կատարում։ Կատաղում են և դուրս գալիս ասպարեզ՝ առանց նկատելու, թե ինչ որակի մտքեր են արտանետում։ Օրինակ՝

«ԼԵՎՈՆ ՏԵՐ -ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ 

Եթե այդքան խելոք էիք և գիտակ, քաղաքականության մեջ հունցված, խորագիտակ և կանխազգող, ազգի ճակատագրով մտահոգ, ապա ինչու՞, ինչու՞ գլխավորեցիք Ղարաբաղյան ազատագրական պայքարը, ինչու՞ դարձաք անկախ Հայաստանի Նախագահ, ինչու՞ պատերազմեցիք Ադրբեջանի հետ և ինչու՞ հաղթեցիք, ինչու՞ ընդունեցիք Հռչակագրով, Սահմանադրությամբ և Ազգային ժողովով օրենքներ Արցախին սատար լինելու մասին... Ինչու՞, ինչու՞, ինչու՞...

Ընդամենը, որպեսզի Համազգային շարժման փրփուրի վրա Հանրապետության Նախագահ դառնա՞ք... Այո՞...»։

Սա հայտնի հայ գրողի ֆեյսբուքյան կարծիք է։ Հասկանո՞ւմ եք՝ գրողի՝ մտավորականի։ Ասում է՝ ինչու հաղթեցիք, ինչու պատերազմեցիք։ Հայ գրողը չի հասկացել, որ Արցախյան պատերազմն սկսել է Ադրբեջանը, որ Արցախը հայկական պահելու միակ միջոցն այն ժամանակ կռվելն էր։ Չենք շարունակի, միևնույն է, չեն հասկանալու։ 

Ի՞նչ քաղաքական միտք կարող ենք ակնկալել այսպե՛ս մտածողներից։ Ի՞նչ քաղաքական միտք կարող ենք ակնկալել Սևրի դաշնագրի 100-ամյակը թմբկահարող մեր պատմաբաններից։ Ի՞նչ քաղաքական միտք կարող են արտադրել գիտնականի տարրական բարեխղճություն չունեցող մարդիկ, որոնք ամեն կերպ աղավաղել են Հայաստանի անկախության տարիները թե՛ իրենց մասնագիտական աշխատություններում, թե՛ դասագրքերում։ 

Վերջում նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ այսօր իրեն ընդդիմացող մտավորականների պրոդուկտն է, որովհետև կեղծել, հեքիաթներով ապրել, դատարկ ճառեր և խոստումներ տալ հենց նրանցից է սովորել։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2017 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ