...

Նախկինների հանդեպ բաժանարար գիծն անհրաժեշտություն է

Նախկինների հանդեպ բաժանարար գիծն անհրաժեշտություն է

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Բայց չէին բավարարվել միայն շնորհավորելով, այլ փորձել էին քաղաքական մեսիջներ հղել: Իսկ գլխավոր մեսիջը սա էր՝ բաժանարար գծեր քաշելով, կործանվում ենք: Իհարկե, նկատի չունեին միայն իրենց, այլ ամբողջ հայ ժողովրդին: Ուշագրավ է, որ բաժանարար գծերից խոսում են մարդիկ, որոնք բարև տալու համար սպանում էին, իսկ եթե այդ օրը բարի էին լինում, ապա միայն հարցնում էին՝ եկել ես, որ ի՞նչ անես, մեր տոնը փչացնե՞ս:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Նոր Հայաստանի միանշանակ ձախողումն է՝ սույն անձնավորությունները պետք է ոչ թե ուղերձներ հղեն, այլ միայն ցուցմունքներ գրեն: Ոչ թե այցելեն Լոռի, այլ մեկ առերեսումից դուրս գալով, մտնեն մեկ այլ առերեսման: Ոչ թե պետությունից առաձնատուն պահանջեն՝ հղում անելով օրենքներին, այլ վաճառեն իրենց տասնյակ առաձնատները՝ պետությանը հասցված վնասը մի փոքր փոխհատուցելու համար: 

Բայց՝ ոչ: Հղում են  ուղերձներ և պահանջում, որ բաժանարար գծեր չլինի: Մինչդեռ, բաժանարար գծերը խիստ անհրաժեշտ են: Գոնե մինչև այն պահը, երբ նրանք դեռ չեն ընդունել իրենց կատարած հանցագործությունները և չեն փոխհատուցել վնասը: Գործող իշխանությունը պարտավոր է սիստեմատիկ հանցագործություն  կատարողների և ժողովրդի միջև բաժանարար գծեր քաշել: Նախորդ ռեժիմը իր գործունեությամբ կործանարար հարվածներ է հասցրել պետականությանը՝ ստեղծելով  յուրօրինակ աղետի գոտի, և բաժանարար գիծն անհրաժեշտություն է, որպեսզի արհավիրքը չտարածվի: Բաժանարար գիծն անհրաժեշտ է, որ հասարակությունը տարանջատի պետականության համար կենաց ասողին պետականությանը վնաս տվողից: Որ տարանջատի հերոսին ինքն իրեն հերոս հռչակածից: Որ տարանջատի պատերազմում կռվածին պատերազմի հաշվին հարստացածից: Որ տարանջատի ազգայնականին միջնադարյան խավար տարածողից: Որ տարանջատի ընտանեկան արժեքները կրողին պետության հաշվին սիրուհիների համար դղյակներ կառուցողներից: Որ տարանջատի մարդասպաններին բարեպաշտի դիմակ կրողներից:

Սա յուրահատուկ քաղաքական Էբոլլա է, և այդ վիրուսի բոլոր կրողները պետք է մեկուսացվեն հասարակությունից, այլապես հետագայում մուտացիայի ենթարկվելով է՛լ ավելի քայքայիչ հարվածներ կհասցնեն պետականությանը:

Գործող իշխանությունն իր հերթին պարտավոր է բաժանարար գիծը հստակ քաշել և հասցնել տրամաբանական ավարտին: Ոչ թե միայն նախընտրական քարոզչության շրջանում՝ սևի ու սպիտակի օրինակով և չծառայեցնել միայն սեփական դիրքերի ամրապնդմանը: 

Արիս Վաղարշակյան

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3567 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ