...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Աշխատասենյակում նստած՝ ինքնամեկուսանում է։ Ֆեյսբուքում սրա-նրա անունով ստատուսներ է գրում, ժամանակ առ ժամանակ բաժակից մի քանի կում տնական վակցինա է խմում, մի խոսքով՝ հեռավար աշխատում է։ Ներս է մտնում քարտուղարուհին ու տեղեկացնում, որ նախագահի քասթինգի մասնակիցներն արդեն հավաքվել են։ «Հա, դե հերթով ներս կանչի»,- կարգադրում է ինքը ու ավելի հարմարավետ տեղավորվում բազկաթոռին։

Առաջինը ներս է մտնում Սամվել Ալեքսանյանը։ Ինքը զարմանքը թաքցնելու համար մինչև վերջ գլխին է քաշում վակցինայի բաժակը․ «Էս չհասկացա, ուզում ես նախագահ դառնա՞ս»։ «Բա ո՞նց, շեֆ ջան,- պատասխանում է նա,- գիտե՞ս ինչ նախագա կըլնեմ, մենակ մառոժնի ու համբուրգեր չեմ բաժանի, է՞, պեսոկով, ձեթով, մակարոն-վերմիշելով, ամեն ինչով կապահովեմ․․․»։ «Դո՞ւ յու սփիք ինգլիշ»,- հարցնում է ինքը։ «Դո՛ւյու, դո՛ւյու, շեֆ ջան»,- ոգևորվում է նա։ «Բայց նախագահի հիմնական գործը իմ ուղարկած թղթերը ստորագրելն ա, գրել գիտե՞ս»,- հարցնում է ինքը։ «Վոբշըմ՝ ատմազկի ձևը գտար, էլի»,- նեղսրտում է նա ու գլխիկոր քայլում դեպի դուռը, ապա շրջվում․ «Գռզոն էլ ա սպասում, ասեմ գնա՞։ Բայց ոնց որ ձեռը չամադան կար»։ 

Քիչ անց ներս է մտնում Խաչատուր Սուքիասյանը, ձեռքի ճամպրուկը դնում սեղանի ոտքերի մոտ, ասում «շեֆ ջան, էս նախագահի պաշտոնի հետ կապ չունի, էս էն Ստամբուլի ռեյսերի մոմենտով ա» ու սուսուփուս դուրս գալիս։ Ապա ներս է մտնում Արամ Սարգսյանը։ «Արի, Արամ ջան, առաջ արի, մի 50 գրամ վակցինա կխմե՞ս»,- ասում է ինքը ու հրավիրում նստել։ «Եղբայրս կասեր՝ բարև ձեզ»,- ասում է Արամն ու նստում։ «Ուզում ես նախագահ դառնա՞ս»,- զարմանում է ինքը։ «Եղբայրս կասեր՝ ինչո՞ւ չէ, համ էլ՝ նախորդ նախագահն էլ էր Ա․ Սարգսյան, ես էլ, ահագին թուղթ նորից ստորագրելու կարիք չի լինի»,- պատասխանում է Արամ Սարգսյանը։ «Լավ, դու գնա, որ պետք լինի՝ վարորդիս օգնականին կասեմ կզանգի»,- ասում է ինքը ու սպասում հաջորդին։

Ներս է մտնում Էդմոն Մարուքյանը՝ Թևան Պողոսյանի ուղարկած գինու շիշը թևի տակ։ «Էդ ի՞նչ ես բերել, այ տնաշեն, արի նորմալ վակցինա խմենք»,- ասում է ինքը։ «Էդ չհասկացա, սպառնըմ ե՞ս»,- իսկույն լարվում է Էդմոնը, ապա շարունակում․ «Ինձանից լավ նախագահ ո՞րտեղից ես գտնելու։ Վարժ ստորագրըմ եմ, տարբեր փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժող եմ ու հետները համագործակցելու փորձ ունեմ․․․»։ «Էդ ե՞րբ ես էդ փորձը ձեռք բերել»,- քմծիծաղ է տալիս ինքը։ «Ո՞նց թե, ընտրությունների ժամանակ ՔՊ-ի հետ լավ չե՞մ համագործակցել»,- պատասխանում է Էդմոնը․․․

Նրանից հետո սենյակ է մտնում քարտուղարուհին․ «պրն վարչապետ, մնացել ա մի հոգի, բայց չճանաչեցի ով էր։ Սենց կլոր բան էր, ոնց որ դդումի վրա դիմակ դնես․․․»։ «Կլոր բա՞ն, արագ նե՛րս կանչի»,- ոգևորվում է ինքը։ Ներս է մտնում Արայիկ Հարությունյանը․․․ «Էս ինչ լավ արեցիր, որ էկար, ուրախանում է ինքը, անգլերեն գիտես, գրիչին էլ, ինչքան հիշում եմ, տիրապետում ես, էն որ բլոտ էինք խաղում՝ հաշիվը դու էիր, չէ՞, գրում, տարբեր փոքրամասնությունների նկատմամբ էլ․․․ Չնայած՝ ո՞ւմ եմ հարցնում․․․ Լավ, դուրս արի ասա քասթինգն ավարտվեց։ Բայց խիստ տոնով ասա, նախագահ մարդ ես»։ Ապա ձեռքը մեկնում է վակցինայի շշին ու սարսափով նկատում, որ դատարկ է․․․

Արթնանում է սառը քրտինքով պատված։
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ