Ինքը, իր վարձակալած մեկ սենյականոց խղճուկ բնակարանի ամենափոքր հյուրասենյակի և լողավազանի միջև գտնվող մեծությամբ ութերորդ համեստ ննջարանի բազմոցին փռված, վարկով ձեռք բերված ընդամենը 70 հազար եվրո արժողությամբ պլեդի մեջ կուչ եկած՝ լքված թագուհու հայացքով հեռուստացույց է նայում։ Իսկ հեռուստացույցով ինչ-որ հիբրիդային մուլտ են ցուցադրում՝ «Возвращение блудного попугая»։ Հենց այն պահը, երբ Կեշա թութակը հավաքում է ճամպրուկները և պատշգամբի բազրիքին կանգնած՝ «մեր միջև ամեն ինչ վերջացած է, գուդ բայ մայ լավ, գուդ բաաաայ» երգելով՝ իրեն դուրս նետում․․․ «Յա, էս փաստորեն ինքնակենսագրական մուլտիկներ էլ են ցույց տալի՞ս», քմծիծաղ է տալիս ինքը ու մտքի մեջ ասում՝ «ա՛յ դեբիլ, էդ որ վեշերըդ հավաքում էիր՝ գոնե խալադելնիկի ոտի տակ դրած ծալած թղթերն էլ վերցնեիր, կարող ա՝ Կանադայում կամ Ֆրանսիայում վիլլաների սեփականության վկայականներ լինեին․․․»։
Իսկ մուլտիկը շարունակվում է։ Եվ ահա Կեշա թութակն արդեն սովից ու ցրտից սրթսրթալով՝ նստել է ճյուղին ու ինքն իրեն խոսում է․ «Երբ ես Չինաստանում կրթվելու ճանապարհին չերեզ Ամերիկա թռչում էի Իսլանդիայի վրայով․․․»։ «Պռռռելեեեեսնո», չգիտես ինչու՝ Գռզոյի ձայնով ասում է ծառի տակ նստած ագռավը, բայց աղբամանից գտած պանիրը ոչ թե նետում է թութակի կողմը, այլ ինքն է ուտում։ Փոխարենը՝ քոքված գինեկոլոգի տեսքով ինչ-որ երկնագույն ճնճղուկ մանրամասն կրծմրծած նրբերշիկի կտոր է շպրտում․․․ Անսպասելի հաջողությունից ոգևորված՝ Կեշան շարունակում է․ «երբ ես թռչում էի Իսլանդիայի վրայով, մայոր Արծրուն Հովհաննիսյանն ասաց «աստառոժնը, ատրյադ Էռատո վաառոժոն ի օչեն օպասեն»․․․ Իսկ դուք չե՞ք եղել Իսլանդիայում»։ «Մեզ այստեղ է՛լ վատ չեն կերակրում», ալարկոտ ձայնով ծոր է տալիս չաղ ու բարեխիղճ մի կատու՝ «88» գրությամբ շապիկը հագին․․․
Այդ պահին մուլտիկն ընդհատվում է գովազդով։ Պարզվում է, իր երբեմնի քաղաքացիական ամուսինն ինչ-որ ավտոերթ է կազմակերպում դեպի Գյումրի՝ «Տասը հոգով ոտով էկանք, տասը հազար թանգանոց մաշնով հետ ենք էթըմ, սիրում եմ բոլորիդ» կարգախոսով։ Ինքն անմիջապես տեղից ցատկում է, ճամպրուկներից մեկի գրպանից գտնում 42 հազար եվրոյանոց ինչ-որ մոռացված «կաստումչիկ», քաշում վրան ու որոշում անմիջապես մասնակցել ավտոերթին՝ այն ավտոմեքենայով, որ ինքը չունի ու երբեք չի ունեցել․․․ Ու պատկերացրեք՝ Գյումրիում պատահաբար հանդիպում է Նիկոլին։ «Երթա՞մ քեզի համար պեռաշկի բերեմ», իրեն տեսնելով՝ խանդաղատանքի արցունքները մի կերպ զսպելով կմկմում է Նիկոլը։ «Պռասծի՛ մենյա», չգիտես ինչու՝ Կեշայի ձայնով շշնջում է ինքը ու տեսախցիկները նկատելով՝ քնքշորեն շոյում հզոր վարչապետի փորը, ապա փորձում ավելի վեր բարձրանալ, բայց հանդիպելով Արուսյակ Ջուլհակյանի հանդիմանող հայացքին՝ հասկանում է, որ այս ընթացքում իր նախկին քաղաքացիական ամուսնու կրծքերի ֆունկցիոնալ զբաղվածության աստիճանը փոխվել է․․․ «Դու է՛ն ասա, խալաձելնիկների ոտների տակի թղթերը լրիվ ե՞ս տարել», քնքշորեն հարցնում է Նիկոլը․․․
Արթնանում է կառավարական առանձնատանը։