...

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի, որն առանձնանում է միջպետական ​​համագործակցության բոլոր ոլորտներում կայուն զարգացմամբ»։ Ուղերձը չի շրջանցում Արցախի թեման: «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։ Հուսով եմ, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։ Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հատկապես Պուտինի համար սա, իհարկե, նշանակալի տարեդարձ է։ Նշանակալի «իրադարձություն» է նաև այն, որ Փաշինյանն առաջին անգամ թեկուզ ենթատեքստով նախկինների մասին լավ բան է ասում։ Պրոռուսական կեցվածքի համար նախկիններին անարգանքի սյունին գամած Փաշինյանը գոհունակություն է հայտնում «անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի բարձրացնելու համար»։ Թերևս, ափսոսում է, որ հեղափոխությունից հետո սխալվել ու չի կարողացել ամենաբարձր մակարդակի հարաբերություններ շարունակել։ Հետպատերազմական շրջանում միայն գիտակցել է, որ շանս չունի «այլ մակարդակի» հարաբերությունների համար։ Դե հիմա էլ արդեն Արցախը ի պահ է տրված ռուսներին։ Տեղ-տեղ «թերանում» են, բայց Փաշինյանի իշխանությունը հո գայլի սիրտ չի՞ կերել, որ հարցադրումներ անի «ամենաբարձր մակարդակով» և պատասխաններ ստանա հետևությունների համար։ Իրականում շատ բան է փոխել պատերազմը։ Դրանից առաջ Փաշինյանը Պուտինին սպասեցնել էր տալիս վարչապետի իր նախասրահում, իսկ այսօր արդեն բարձր է գնահատում եղած և անգամ չեղած ջանքն էլ։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ