...

Կրեմլում «Օվալաձև կաբինետ» չկա, բայց զրույցը նույնն է լինելու


Եվ այսպես, Ադրբեջանը պաշտոնապես մերժեց Նիկոլ Փաշինյանի տրանսպորտային «Էստի համեցեքը» ու հայտարարեց, թե Հայաստանը պետք է ոչ թե «գործնականում դժվար իրագործելի բարդ ուղիներ» առաջարկի, այլ կատարի իր ստանձնած պարտավորությունները, պարզ ասած՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։ Դա, ի դեպ, նաև Ռուսաստանի պահանջն է, ուստի չի բացառվում, որ առաջիկայում Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի ունեցած հանդիպման նման մի հանդիպում էլ Կրեմլում տեղի ունենա՝ այս անգամ Պուտինի և Փաշինյանի միջև։

Այնտեղ, իհարկե, Փաշինյանին չեն ասի «էդ կանաչի ծախողի կեպին գլխիցդ հանի, դա անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ», չեն ասի «դու սուս մնա, առանց այն էլ շատ խոսեցիր» և այլն, բայց հիմնական ասելիքը մոտավորապես նույնը կլինի․ «Դու հիմարաբար հրաժարվեցիր փոխզիջումներից ու մեր աջակցության վրա հույս դնելով՝ երկիրդ ներքաշեցիր պատերազմի մեջ, թեև մենք քեզ որևէ աջակցություն չէինք խոստացել։ Հիմա, երբ տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ ես ունեցել, նոր պատերազմի հավանականություն կա, ու հաղթելու ռեսուրսներ չունես, մենք քեզ գործարք ենք առաջարկում։ Հազվագյուտ հողային մետաղներ չունես՝ ոչինչ, փոխարենը՝ ճանապարհներ ունես, դրանց վերահսկողությունը տալիս ես մեզ, առավել ևս՝ որ գրավոր պարտավորվել ես, բայց՝ առանց անվտանգության երաշխիքների, այդ մասին հետո՛ կխոսենք»։

Ուշադրություն դարձրեք՝ թեև Փաշինյանն ու Զելենսկին մարդկային տեսակով նույն արկածախնդիրներն են կամ «ազգակործան պատուհասները», բայց Հայաստանի վիճակն այսօր ավելի ծանր է, քան Ուկրաինայինը։ Նախ՝ որովհետև ԱՄՆ-ն ընդամենը որոշում կայացրեց դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, ու 24 ժամ չանցած՝ Զելենսկին հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել համաձայնագիրը փաստացի ամերիկյան պայմաններով, մինչդեռ Ռուսաստանը ոչ միայն շատ վաղուց է դադարեցրել այսպես կոչված «ռազմական օգնությունը Հայաստանին», այլև անգամ գնված և նախապես վճարված սպառազինությունը չի մատակարարում ամբողջ ծավալով։ Երկրորդ՝ Ուկրաինան, որպես պահեստային աջակից, իր թիկունքում Եվրամիություն ուներ, որը լավից-վատից օգնում էր, մինչդեռ «մեր բաժին Եվրամիությունը» Թուրքիան է, որը ոչ թե մեզ է օգնում, այլ Ադրբեջանին։

Իսկ ամենատարօրինակը գիտե՞ք որն է։ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը համարում են, որ եթե Զելենսկին չի ցանկանում վերջնականապես ոչնչացնել Ուկրաինան՝ պիտի ընդունի Թրամփի թելադրած նվաստացուցիչ պայմանները, բայց այդ նույն ուժերը չեն համարձակվում խոսել Պուտինի՝ Հայաստանին թելադրած նույնքան նվաստացուցիչ պայմաններն ընդունելու թեմայով։ Ինչո՞ւ։ Որովհետև ինչպես Զելենսկին է «հանքային համաձայնագրի» ստորագրումից կարճ ժամանակ անց անխուսափելիորեն զրկվելու իշխանությունից, այնպես էլ Փաշինյանն է «ճանապարհային համաձայնագիրը» ստորագրելուց հետո կորցնելու իշխանությունը, հետևաբար՝ վտանգավոր թեմաներին անդրադառնալու կարիք չկա, չէ՞ որ առջևում այսպես թե այնպես նոր ընտրություններ են։

Ցավոք սրտի՝ Նիկոլ Փաշինյանին նույնպես ամենաշատը դա է հետաքրքրում, ու չզարմանաք, եթե պարզվի, որ նա Զելենսկուց տասնապատիկ ավելի պատուհաս է և անգամ երկրի կործանման ուղիղ սպառնալիքի դեպքում չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը թեկուզ կես ժամով կկրճատի իր պաշտոնավարման ժամկետը։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ