...

«Նոր ի հայտ եկած հանգամանք» Քոչարյանի փաստաբանի մասին

«Նոր ի հայտ եկած հանգամանք» Քոչարյանի փաստաբանի մասին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը «Մարտի 1»-ի գործով ընթացող դատավարությունն ամեն կերպ ձգձգելու և այն մառազմի վերածելու հարցում մաստեր կլասս է ցույց տալիս:

Մասնավորապես Հայկ Ալումյանը վերջին դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության ժամանակ ասաց, թե «դուք այն դատավորն եք, որ իշխանության իղձերը պիտի իրականություն դարձնեք՝ կապված այս գործի հետ, սլաքներն ուղղված են պարոն Քոչարյանի ուղղությամբ»:

Ալումյանն, այնուհետ, որպես միջնորդության համար «նոր ի հայտ եկած հանգամանք» ներկայացրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի` պրոքոչարյանական կայքերից մեկին տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ «ԲԴԽ նախագահն ի թիվս այլ բաների նաև ասել է. «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման»: Փաստորեն, Ալումյանը, որի կինը` ծնունդով իջևանցի Արմենուհի Բադիրյանը, նույնպես դատավոր է, խոցվել է ԲԴԽ նախագահի այս «նենգամիտ» թվարկումից, քանի որ ակնկալվում էր, որ որպես օրինակելի դատավորներ, պետք է նշվեին Քոչարյանին կալանքից ազատած երկու դատավորների` Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի անունները: Այ սա պարոն փաստաբանը նորմալ կհամարեր ու ինքնաբացարկի միջնորդություն չէր ներկայացի «ոչ օրինակելի» դատավորին:

Փաստաբանությունը մասխարայության հետ շփոթած փաստաբանը այդքանով չի սահմանափակվել և օրով, ժամով, տարեթվով առանձնացրել է նաև վարչապետի ու իր թիմակիցների այն գրառումները, որոնցում Քոչարյանը ներկայացվել է որպես հանցագործ: Ալումյանը օրինակ բերեց մասնավորապես վարչապետի նախկին խորհրդականներից մի քանիսի գրառումներից արված ծաղկաքաղ, այսպիսով ևս մեկ անգամ տիրաժավորելով այն, ինչ մտածում է հանրությունը Ռոբերտ Քոչարյանի մասին:

Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում 27.07.2018-ին Ռոբերտ Քոչարյանի լուսանկարին կից հետևյալ գրառումն է արել. «Օսմանյան օրդա, դու պիտի փտես բանտում, իսկ քո ընտանիքի ծփծփացող և վայելքների կյանքն ընդհատվի»: 

Ի դեպ, մենք էլ մեր հերթին ենք ուզում մի շատ հետաքրքիր «նոր ի հայտ եկած հանգամանք» նշել հենց Հայկ Ալումյանի մասին: Նա մինչև Քոչարյանի փաստաբանական թիմի կարկառուն անդամը դառնալը 11.06.2018-ին, 1in.am-ի տաղավարում, «հնարավո ՞ր է գնալ մարտի 1-ի հետագծով» հարցին, պատասխանեց` հնարավոր է և պարտադիր պետք է գնալ, «և այս հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող»: «Մարդիկ են սպանվել, և սպանությունները պետք է բացահայտվեն: Պետք է պարզվեն էն անձինք, ովքեր դա կատարել են, նրանց շարժառիթները, պետք է բացահայտվեն նրանք, ովքեր հրահանգ են տվել, սպանության մեխանիզմը, էդ թվում նաև այն, թե էդ գործողությունները ինչքանով են պայմանավորված եղել անհրաժեշտությամբ, ինչքանով են անհրաժեշտ եղել և ինչքանով են համաչափ եղել: Էդ ամեն ինչը պիտի բացահայտվի, էդ ամեն ինչին պիտի տրվի իրավական գնահատական: Հիմա դուք հարցրեցիք` հնարավո՞ր է, թե՞ ոչ, ես համոզված եմ, որ դա տեխնիկապես հնարավոր է, ավելին ասեմ՝ իմ կարծիքով շատ հեշտ բացահայտվող հանցագործություններ են դրանք` այ էդ սպանությունները: Անհրաժեշտ է ուղղակի կամք՝ ոչ միայն երկրի բարձրագույն իշխանության, այլ նաև միջին և ստորին օղակում՝ քննություն իրականացնողների մեջ: Եվ ես անձամբ ինքս կհամարեմ Մարտի 1-ի դեպքերը բացահայտված միայն էն դեպքում, երբ որ ոչ միայն կպարզվեն էդ գործողությունները կատարողներն ու իրավական գնահատական կտրվի նրանց գործողություններին, այլ նաև այն անձինք, ում հրահանգով էս տարիների ընթացքում էս դեպքը պարտակվել է»: 

Այն, որ Ալումյանը այս հարցազրույցից կարճ ժամանակ անց բարձր հոնորարով փաստաբան դարձավ, դա հենց բարձրագույն իշխանության ցուցաբերած կամքի արդյունքն է` բացահայտել «Մարտի 1»-ը` իրավական գնահատական տալով տեղի ունեցածին, պատժելով մեղավորներին:

Ինչ վերաբերում է «այ էդ հանցագործություններին»` սպանություններին, ապա մինչև Քոչարյանի փաստաբան դառնալը Ալումյանը, փաստորեն, դրանց բացահայտումը համարում էր տեխնիկայի հարց, պնդում, որ տեղի է ունեցել «էս դեպքի» պարտակում` որպես պարտակիչ ակնարկելով Քոչարյանի հաջորդին: Իսկ այժմ, երբ ընկել է մեղրի կարասը, ամեն ինչ անում է, որ «էս դեպքով» պարտակված, բայց հեղափոխությունից հետո վերաբացված գործը կրախի առաջ կանգնի, դատավարությունն անընդհատ ձգձգվի և կատարվի մեղադրյալների իղձը` ինչ-որ հրաշքով պլստալ իրենց արժանի պատժի կրումից: Մասնագիտական էթիկան ենթադրում է, որ «Մարտի 1»-ի վերաբերյալ նման գնահատողական դատողություններ անելուց հետո Ալումյանը պետք է հրաժարվեր ստանձնել Քոչարյանի շահերի պաշտպանությունը: Բայց քանի որ չի կարողացել դիմադրել գայթակղությանն ու տարիուկես է` «բզբզում» է այս գործով, ապա մեր նշած այս «նոր ի հայտ եկած հանգամանքը» հաշվի առնելով՝ Քոչարյանը թերևս պետք է հրաժարվի վերջինիս հետագա ծառայությունից: Թեև փաստաբանական թիմի անդամների մեկով ավել կամ պակաս լինելը չի կարող թեթևացնել գլխավոր ամբաստանյալի պատասխանատվության բեռը:   

Ելենա Ազատյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   8533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ