...

Նյու Նազարի պետության և ժողովրդի ճակատագիրը

Նյու Նազարի պետության և ժողովրդի ճակատագիրը

Տեքստն սկսենք այսպես․ «Արդյո՞ք անմեղսունակ էր Քաջ Նազարը»։ Եվ շարունակենք այսպես․ «Իհարկե, ո՛չ, մանավանդ որ հարցի պատասխանը վաղուց, շա՜տ վաղուց տվել է Հովհաննես Թումանյանը։ Նրա Քաջ Նազարը շատ լավ հասկանում էր, թե ինչպես է հայտնվել թագավորի թախտին։ «Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քե՛ֆ արա․․․»,- ասում է հեքիաթի հերոսը։ Այսինքն՝ նա հասկանում է, որ ոչ մի արժանիք չունի, գահին է հայտնվել բախտի բերմամբ։ 

Հենց այդ բախտի բերմամբ են իշխանները խոնարհվում, բախտի բերմամբ «Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորութեամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած շշկլուած»։ Քաջ Նազարը բնավ անմեղսունակ չէ։ Թեև անգրագետ է, բայց օգտագործում է գրագետ տերտերին, դրոշի վրա կարգախոս գրել տալիս՝ «Անհաղթ հերոս Քաջն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար»։ Եթե հիշում եք, Նազարն ընդամենը ճանճ էր սատկացրել, բայց դե լոզունգն իր դերը կատարում է․ ահաբեկում և հիացնում է բանից անտեղյակ հսկաներին։ Քաջ Նազարը, որն օժտված է ոչնչություններին բնորոշ շուստրիությամբ, որևէ առիթ բաց չի թողնում, օգտվելով քարոզչական հզոր զենքից՝ լոզունգով դրոշից, պատահական այլ հանգամանքներից՝ ընդլայնում է նախնական երազանքի՝ քարվան կտրելու գաղափարը և բազմում է գահին։ Հեքիաթի թումանյանական վերջաբանը Նազարի հեփի էնդն է։ Սակայն մեծ լոռեցին, ցավոք, չի ասում, թե ինչ պատահեց մեր հերոսի կառավարած երկրի հետ։ 

Հավելենք երկրի ճակատագրի մասին ոչ այնքան հեքիաթային դրվագը։ 

Եվ այսպես, Քաջ Նազարի ժամանակակից մոդիֆիկացիան, որ իշխանության է հասնում՝ պրոպագանդիստական ժամանակակից մեթոդներ կիրառելով, այսինքն՝ դրոշի փոխարեն գործի է գցում մամուլը, սոցցանցերը և այլ միջոցներ, շատ լավ գիտի, թե իրեն ինչու են ընտրել և հանդուրժում օտարերկրյա հսկաները։ 21-րդ դարում գոնե երկրից դուրս հարիֆներ չկան, ուրեմն մերօրյա Նազարը ինչ-որ բան է պայմանավորվել աշխարհիս մեծերի հետ։ Բայց դե ժողովուրդը նրան նույնպես ընդունել է դափ ու ծնծղայով, ինքն էլ բնավ ապուշ և անմեղսունակ չէ և բնավ չի ուզում դավաճան կոչվել։ Այս արտահայտության բանալի բառը կոչվել-ն է, ուշադի՛ր կարդացեք, ոչ թե չի ուզում դավաճան լինել, այլ կոչվել։ Մոդիֆիկացված Նազարը մտածում-մտածում և որոշում է անմեղսունակ ձևանալ դրսի հզոր հսկաների առջև, իսկ սեփական ժողովրդին ցույց տալ, որ ինքը իսկապես անհաղթ հերոս է։ Ի՞նչ էր պետք դրա համար։ Ճիշտ եք, պետք էր չստորագրել հզոր հսկաների դեմ տված թուղթը, որ իրեն պաշտող ժողովուրդը հանկարծ չհիասթափվի։ Եվ ահա նա զոհաբերում է հազարավոր կյանքեր, վասալ պետության տարածքներ, մի թուղթ է ստորագրում, որում, ըստ էության, նոր խոստումներ է տալիս դրսի հսկաներին՝ արդեն սեփական երկրի տարածքների, ճամփաների տեսքով։ Իսկ ժողովո՞ւրդը՝ կհարցնեն մեր ընթերցողները։ Ժողովուրդը հանդուրժում է կեղծիքը, ներում իր զավակների արյունը, բայց մոդիֆիկացված Նազարին դավաճան չի կոչում, նորից բազմեցնում է գահին։ Եվ ահա մեր նոր Քաջը հասկանում է, որ ժողովուրդը մեղմ ասած մտածել չի սիրում, որ պատրաստ է շատ բան զիջելու, բայց սեփական որդիների արյունով։ Ուրեմն այս անգամ էլ կարելի է երկրի ամենակարևոր գավառում արյուն թափել, կատարել դրսի հսկաներին տված խոստումը, բայց դավաճան չկոչվել։ Ահա մոտավորապես այն երկրի ճակատագիրը, որտեղ իշխում է Քաջ Նազարը։ Կմնա՞ արդյոք Նյու Նազարին հանդուրժող երկիրը, կապրի՞ ժողովուրդը, որ նստած սպասում է, թե է՛լ ինչ արհավիրք է գալու գլխին, որ մեղավոր է փնտրում ամենուրեք, բացի իր ծնած Նազարից ու նրա նազիր-վեզիրներից, չգիտենք։  

Ի դեպ Հովհ․ Թումանյանը դեռ 114 տարի առաջ է տվել ժողովրդի բնութագիրը և ուրվագծել նրա գործերի ընթացքը․ «Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ և կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես․․․ Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա։ Նրա մեջ կատարված հասարակական թե ազգային գործերը խախուտ են միշտ։ Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը» («Անկեղծ չենք» հոդվածից)։

Պատկերացնում ենք՝ ինչ կբերեին մեծ գրողի գլխին ֆեյսբուքում օրուգիշեր պտտվող ֆեյքերը, անգամ խրոխտ ոստիկանությունն ու դատախազությունը, եթե նա հիմա ապրեր։ Բայց սա արդեն ուրիշ պատմություն է։

Զարուհի Գաբրիելյան     

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1227 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ