...

Ո՞ր ապրանքներն են շատ արտադրվել

Ո՞ր ապրանքներն են շատ արտադրվել

Մսի արտադրության ծավալներն ավելացել են:

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2020 թվականի փետրվար ամսվա դրությամբ հանրապետությունում արտադրվել է 4 420.4 տոննա թարմ կամ պաղեցված միս: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 4 085.9 տոննա միս:

Միևնույն ժամանակ աճ է արձանագրվել նաև երշիկեղենի արտադրության ծավալներում:

Նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատ զգալի ավելացել է նաև կաթի արտադրությունը: 2019 թվականի 908.1 հազար լիտրի դիմաց այս տարի փետրվարի դրությամբ արտադրվել է 1 256.4 հազար լիտր կաթ:

Ծավալների փոփոխության կա նաև պանրի արտադրությունում: Եթե 2019 թվականի փետրվար ամսվա դրությամբ արտադրվել է 2 344.1 տոննա պանիր, ապա այս տարի՝  2 679.2 տոննա:

Թթվասերի, կաթնաշոռի դեպքում էլ աճ ունենք:

Ցորենի ալյուրի և աշորայի արտադրության քանակն էլ է աճել: Փետրվարի դրությամբ ունենք 30 600.2 տոննա ցորենի ալյուր և աշորա, իսկ նախորդ տարի նույն ընթացքում ծավալը կազմել է 23 426.6 տոննա:

Փետրվարին հացի արտադրությունը եղել է 46 917.2 տոննա, իսկ անցյալ տարի՝  45 795.8:

Հրուշակեղենի, մակարոնեղենի արտադրությունում նույնպես ծավալների աճ է գրանցվել:

Պատկերն այլ է խմիչքի ոլորտում:

Ըստ ԱՎԿ-ի՝ օղիի, լիկյորի և սպիրտային այլ խմիչքների արտադրությունը փետրվարի դրությամբ կազմել է 427.5 հազար լիտր, իսկ 2019-ին՝ 553.8:

Նախորդ տարվա 5 364.9 հազար լիտր կոնյակի փոխարեն այս տարի պատրաստվել է 5 065.8:

Գինու ծավալների դեպքում էլ ունենք անկում:

2020 թվականի փետրվարի դրությամբ արտադրվել է 983.6 հազար լիտր խաղողի գինի, իսկ
2019-ին՝ 1 365.1 հազար լիտր: Գարեջրի արտադրությունը ևս կրճատվել է:

Փոխարենն ավելացել են ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները:

Կրճատվել է սիգարետի արտադրության քանակը: Եվ այսպես՝ ընթացիկ տարվա փետրվար ամսվա դրությամբ արտադրվել են 4 962.7 մլն հատ սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ ծխախոտից կամ դրա փոխարինիչներ, իսկ նախորդ տարի՝  5 115.2 մլն հատ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ