...

Կոնսենսուս՝ ժողովրդին հիմարացնելու հարցի շուրջ

Կոնսենսուս՝ ժողովրդին հիմարացնելու հարցի շուրջ

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում Պուտինի հետ «փաթ ընկնող» լեզվով ու մի կերպ գիրկապ անելով լեզվակռիվ մղելը նախընտրական Հայաստանում ընկալվեց որպես համարյա նոր Ավարայր ու նրա «դուխի» անհերքելի ապացույց։ Ճիշտ է, Հայաստանի համար այդ լեզվակռվի հետևանքները երկար սպասեցնել չեն տա, բայց նախընտրական այս իրավիճակում բացարձակապես անիմաստ է քարոզչախեղդ հասարակությանը բացատրելը, որ մատները «շտեպսելի» մեջ մտցնելը ոչ թե «դուխի», այլ հիմարության վկայություն է, իսկ դրա աղետալի հետևանքների մասին զգուշացնողները ոչ «հոսանքամետներ» են, ոչ էլ, առավել ևս, «հոսանքաստրուկներ»։ 

Նախընտրական այս շիլաշփոթի ամենավատն այն է, որ մասնակից քաղաքական ուժերը, գրեթե առանց բացառության, իրենց հույսը դրել են ժողովրդի հիմարության վրա և դա անում են բացառիկ ցինիզմով։ Անգամ լուրջ բանավեճ են սկսել՝ ի վերջո Նիկոլն արևմտամե՞տ է, թաքնված ռուսամե՞տ, թե՞ «ինքնիշխանամետ»։ Հարգելիներս, նա ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ, ոչ էլ նույնիսկ աթոռամետ։ Նա բացառապես ստամոքսամետ է, իսկ վարչապետի աթոռն ընդամենը միջոց է՝ ստամոքսի կարիքները բարձր մակարդակով բավարարելու համար։ Մարդն ինչ-որ տեղ գնալիս պարտադիր ինչ-որ բան է խփշտում, մտնում է մանկապարտեզ՝ ասում է «ձեր խոհանոցից շատ համով հոտեր են գալիս», մտնում է կողքի սենյակ՝ ասում է «այստեղ ճաշի հոտ չկա», մտնում է դպրոց՝ ասում է «բա ոչխարը հերձելուց հետո դրա միսն ի՞նչ արեցիք»․․․ Եվ ընդհանրապես՝ տպավորություն է, որ եթե պետությունը նրան անվտանգության երաշխիքներ ու մինչև կյանքի վերջը որևէ շքեղ ռեստորանում օրը հինգ անգամ ձրի սնվելու կտրոններ տա՝ նա սուսուփուս հրաժարական կտա։ Բայց մարդիկ լրջորեն քննարկում են նրա բերած «խաղաղությունը», «ինքնիշխանությունը», «արտաքին-քաղաքական կողմնորոշումը», նա էլ երևի քթի տակ ծիծաղելով մտածում է, որ եթե մարդիկ հավատան այդ անհեթեթություններին՝ ինքը ևս 4 տարի ուզածի պես կսնվի։

Մի ուրիշ պատմություն էլ «Ուժեղ Հայաստանն» է։ Սրանց էլ երևի թվում է, որ եթե ժողովուրդը Նիկոլից զզվում է՝ ուրեմն վերջ, դա բավական է, որ հունիսի 7-ին իրենց ընտրի (բա ուրիշ ո՞ւր պիտի կորչեն)։ Դրա համար էլ մարդիկ առավոտյան ուժեղ արթնանում են, ուժեղ տեսահոլովակ նկարում, հետո նստում ուժեղ ավտոբուս, գնում որևէ ուժեղ մարզ, ուժեղ հանդիպում ունենում, հետո խոստանում տարբեր ուժեղ բաներ, ու պարտադիր՝ ուժեղ գրազ գալիս, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու։ Ընդ որում՝ նույնիսկ ճիշտ գրազ գալ չգիտեն։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը։ Մեկին հարցնում են՝ ո՞նց ես անում, որ տղադ միշտ ազատվում է զինվորական ծառայությունից, ասում է «տարին մեկ բժշկական հանձնաժողովի նախագահի հետ 5 հազար դոլարով գրազ եմ գալիս, որ տղաս պիտանի է զինծառայության համար, ու պատկերացրեք՝ միշտ կրվում եմ գրազը»։ Հիմա «Ուժեղ Հայաստանն» է․ կարող էին, չէ՞, բոլոր ընտրողների հետ, ասենք, 100 հազար դրամով գրազ գալ, որ իրենց թեկնածուն վարչապետ չի դառնալու։ Մանավանդ՝ որ ուրիշ ռեսուրս չունեն էլ (ոչ ծրագիր ունեն, ոչ գաղափարախոսություն, ընդդիմությանը համախմբելու պոտենցիալն էլ արդեն մսխել են)։ Բայց՝ չէ, հակառակն են անում։ 

Քոչարյանի հույսն էլ այն է, որ նիկոլական իշխանություններն իրենց «ռասկրուտկա» կանեն՝ որպես հիմնական ընդդիմություն, որպեսզի այդպիսով հեշտությամբ վերարտադրվեն, միամիտ ժողովուրդն էլ «կուտը կուտի», ու իրենք ևս մեկ անգամ կհայտնվեն խորհրդարանում։

Պարզ ասած, եթե ժողովրդի միամտության վրա դրված խաղադրույքն աշխատի, մեծ հավանականությամբ՝ հաջորդ խորհրդարանում 4 ուժ է լինելու․ ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանը», Քոչարյանի դաշինքն ու «Բոլորին դեմ եմ»-ը (եթե առաջին երեքին ձայն տվող միամիտներ կգտնվեն, ինչո՞ւ չեն գտնվի նաև այնպիսիները, ովքեր չեն հասկանա, որ բոլորին դեմ լինելով՝ կոնկրետ ուժի օգտին են քվեարկում)։

Ու եկեք արձանագրենք, որ Հայաստանում երբեք ընտրություններից առաջ ժողովրդի մտավոր կարողությունների նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունք չի եղել։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ