Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հռետորաբանությունը մոտավորապես սա է՝ Եկեղեցին, նախկին նախագահները, օլիգարխները և այլն փորձում են համախմբվել, իր իշխանությունը տապալել և փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, բայց ինքը դա թույլ չի տալու։ Նրա ՔՊ-ական խամաճիկներն էլ «Մաուգլիի» Շեր-Խանի պնակալեզ շնագայլերի նման կրկնում են՝ «թույլ չե՛նք տալու, թույլ չե՛նք տալու․․․»։
Մի կողմ թողնենք այն, որ Նիկոլն իր մեղադրանքները հնչեցնում է առանց որևէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, և նրան ընդամենը մի հարց տանք․ բայց դու ո՞վ ես, որ թույլ տաս կամ թույլ չտաս Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։ Այդ վեկտորը կփոխվի, թե ոչ՝ հունիսի 7-ին կորոշի Հայաստանի ժողովուրդը։ Ուրիշ բան՝ եթե ասեիր «հույս ունեմ, որ հունիսի 7-ին ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տա․․․» և այլն, բայց ասում ես «ե՛ս թույլ չեմ տալու»։ Էդ ո՞նց թույլ չես տալու։ Ընդդիմադիր ուժերն էլ հո Ցեղասպանության թանգարանի տնօրենը չե՞ն, որ ջղայնանաս ու գործից հանես։ Էդ ինչի՞ հիման վրա ես համոզված, որ իրավունք ունես ժողովրդի անունից միանձնյա որոշումներ կայացնել, 2021-ի ընտրությունների՞։ Բայց այն ժամանակ մարդիկ քեզ ձայն են տվել Արցախը հայկական պահելու խոստման համար, իսկ դու դրանից կարճ ժամանակ անց ոչնչացման ես դատապարտել նույն այդ Արցախը, և դրանից հետո, ի դեպ, քո ղեկավարած ուժը որևէ մակարդակի ընտրություններում մեկ-երրորդից ավելի ձայն չի հավաքել։
Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում «ես վստահ եմ, որ ճիշտ եմ, և թույլ չեմ տա իշխանության գալ որևէ ուժի, որին համարում եմ սխալ»։ Բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը։ Նույն հաջողությամբ կարող էիր հայտարարել, օրինակ, որ քո խորին համոզմամբ՝ աշխարհաքաղաքական ներկա բարդագույն իրավիճակում Հայաստանի ղեկավարն անպայման պիտի լոշտակ ականջներ ունենա, և դու թույլ չես տա, որ քո ականջներից ավելի փոքր ականջներ ունեցող որևէ մեկը հաղթի ընտրություններում։ Մինչդեռ ժողովրդավարության տարրական նորմերը ենթադրում են, որ «քեզանից հասնում է» ընդամենը նորմալ, մրցակցային ընտրություններ ապահովել, իսկ հաջորդ իշխանությունների «ականջների չափն» արդեն պիտի ժողովուրդը որոշի։
Իրականում հասկանալի է, թե ինչ է նշանակում «ես թույլ չեմ տալու» սպառնալիքը։ Վերջին օրերի հռետորաբանությունն ակնհայտ է դարձնում՝ ընտրություններից առաջ ընդդիմադիր հիմնական ուժերից մեկի կամ մի քանիսի մասնակցությունը «չորով» արգելվելու է։ Եվ ի՞նչ պիտի անի այդ դեպքում ընդդիմադիր դաշտը։ Միջազգային ատյաններին բողոքի նամակներ գրելն անիմաստ կլինի՝ այնտեղ միայն կողջունեն Նիկոլ Փաշինյանի «համարձակ քայլերը», «նամակ ռուսաց թագավորին»-ը նույնպես անիմաստ կլինի՝ դրանով ընդամենը լրացուցիչ քարոզչական հաղթաթղթեր կտան իշխանություններին։ Ըստ էության մնում է միայն մի տարբերակ։ Ընդդիմադիր բոլոր ուժերը, անկախ տարաձայնություններից, պիտի արդեն այս պահից հանդես գան միասնական դիրքորոշմամբ և հայտարարեն, որ եթե որևէ ընդդիմադիր ուժ որևէ պատրվակով դուրս բերվի նախընտրական պայքարից՝ առանց բացառության բոլոր ընդդիմադիր ուժերը մեկ մարդու պես բոյկոտելու են ընտրությունները, դրա փոխարեն հունիսի 7-ին իրենց համակիրներին դուրս են բերելու փողոց և տուն չեն գնալու, քանի դեռ նորմալ ընտրություններ չեն կազմակերպվել։
Հակառակ դեպքում՝ բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվում․ բոլորը վստահ են, որ փոքրիկ բռնապետիկը վերջին պահին գոտկատեղից ներքև հարված է հասցնելու, բայց ձեռքերը ծալած սպասում են հարվածին, որպեսզի աղմուկ բարձրացնեն։ Որ ի՞նչ։
Մարկ Նշանյան