...

Ով և ինչու «փուռը տվեց» Սամվել Կարապետյանին

Ով և ինչու «փուռը տվեց» Սամվել Կարապետյանին

Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան «սիրային եռանկյունու» ներքաղաքական իդիլիան, որը վերջերս կարճ ժամանակով խաթարվել էր՝ Սամվել Կարապետյանի անսպասելի ակտիվացմամբ ու նոր ընդդիմադիր բևեռի ձևավորման հավակնություններով պայմանավորված, վերականգնվել է։ Սամվել Կարապետյանը կալանավորված ու գրեթե մոռացության է մատնված, ու ներքաղաքական կյանքը դարձյալ Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան եռյակի ներքին ինտրիգների շուրջ է պտտվում։

Ըստ երևույթին հենց սա է, որ Սամվել Կարապետյանը լավ չէր հաշվարկել։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվել էր այնպիսի ստատուս-քվո, որը լիովին բավարարում էր և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Փաշինյանը հարյուր տոկոսանոց կոմֆորտ-զոնայում էր, որովհետև իր հիմնական ընդդիմությունն այդ երկուսն էին, ու ինքը ցանկացած պահի կարող էր նրանց օգտագործել որպես «բոքսի տանձիկ»՝ հիշեցնելով թալանը, Քոչարյանի ու Սերժի համար էլ Նիկոլն է իդեալական իշխանություն, որովհետև Հայաստանի ու Արցախի գլխին նրա բերած աղետների ֆոնին նախկինում իրենց կատարած հանցագործությունները մանկական չարաճճիություններ են թվում, իսկ անձամբ Նիկոլի ֆոնին իրենք պարկեշտության ու բարոյականության մարմնացումներ են։ 

Ու հանկարծ հայտնվում է Սամվել Կարապետյանը, և «սիրային եռանկյունու» գագաթները հասկանում են, որ ստատուս-քվոն կարող է խախտվել։ Նիկոլ Փաշինյանի համար նա շատ անհարմար մրցակից է, որովհետև ի տարբերություն Քոչարյանի ու Սերժի՝ նրա ահռելի հարստությունը լեգիտիմ է, բացի այդ էլ՝ նրան «նախկին հանցավոր-թալանչի» ներկայացնելն է բարդ, Քոչարյանն ու Սերժն էլ իրենց հերթին Սամվել Կարապետյանի հայտնվելով կարող են կորցնել Նիկոլի «հիմնական ընդդիմադիրների» կոմֆորտ կարգավիճակը։ Արդյունքում՝ Սամվել Կարապետյանը մի անմեղ նախադասության համար հայտնվում է կալանքի տակ ու երևի մինչև հիմա էլ չի հասկանում, թե «ո՞նց էղավ, որ սենց էղավ», «տիտղոսակիր ընդդիմությունն» էլ նրա մասին հիշում է ընդամենը ժամանակ առ ժամանակ՝ «պտիչկա դնելու» համար։ Քոչարյանն էր ասել, չէ՞, որ ընդդիմադիր դաշտում երկու հիմնական ուժ կա՝ ինքն ու Սամվել Կարապետյանը։ Իսկ որևէ մեկը հիշո՞ւմ է, որ Քոչարյանը երբևէ որևէ ոլորտում մրցակցություն հանդուրժի։

Ի դեպ՝ «սիրային եռանկյունու» իդիլիան խախտելու նախորդ փորձն էլ տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ, երբ Բագրատ Սրբազանը Տավուշից քայլելով հասավ Երևան ու հրապարակում 50 հազար մարդ հավաքեց։ Բայց «տիտղոսակիր ընդդիմության» լիդերներն այն ժամանակ է՛լ հարթակ չբարձրացան, ու զարմանալի զուգադիպությամբ՝ Բագրատ Սրբազանն էլ է հիմա կալանքի տակ, ու երևի Սամվել Կարապետյանի նման ինքն էլ է մտածում, թե «ո՞նց էղավ, որ սենց էղավ»։ 

Մինչդեռ պատասխանը շատ պարզ է։ Ցանկացած մեկին, ով կփորձի խախտել ներքաղաքական ստատուս-քվոն և Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան եռյակի կոմֆորտը, այդ երեքը համատեղ ուժերով «փուռը կտան»։ Հենց սա է պատճառը, որ Հայաստանում ինչ-որ բան փոխելը չափազանց բարդ է։ Որովհետև ինչ-որ բան փոխելու համար պետք է ոչ միայն իշխանություններին փոխել, այլև «տիտղոսակիր ընդդիմությանը»։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ